Վերջին շրջանում Հայաստանի պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրվում են ցուցատախտակներ, որոնք իրենց ձևավորմամբ իբր համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին:
Ցուցատախտակների տեղադրումն իրականացնում է AMAP (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) օտարերկրյա կազմակերպությունը, իսկ ֆինանսավորումն ապահովում են հայաստանյան հովանավորը` ի դեմս VIVA CELL-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսը, USAID/CAPS-ը և մշակույթի նախարարությունը` որպես գործընկեր:
Չափազանց գովելի գործ կհամարեինք, եթե հուշարձանների պատմամշակութային ծագումը և պատմական հավաստիությունը կոպտորեն և միտումնավոր խեղաթյուրված չհայտնաբերեինք ցուցատախտակների վրա:
Երբ կարդացի այդ ցուցատախտակներից մեկը, ցնցվեցի: Խոսքը Սիսիանի շրջանի Քարահունջի մասին է, որի հնագույն աստղագիտական կառույց լինելն ապացուցել են հայ աստղաֆիզիկոս ակադեմիկոսներ Էլմա Պարսամյանը, Պարիս Հերունին և հնագիտության դոկտոր Օնիկ Խնկիկյանը: Եվ «Քարահունջ» հայկական անվանումն էլ հենց նրանք են հաստատում: Իսկ վերջերս մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը գիտական համոզիչ հետազոտություններով բացահայտել է «Քարահունջ» բառի ծագումն ու իմաստը:
Նա ոչ միայն գիտական հիմնավորում է տվել «Քարահունջ» անվանմանը, այլև հայտնաբերել է, որ Քարահունջ մեգալիթյան կառույցի քարերի դասավորվածությունն արտապատկերում է Կարապի-Անգղի համաստեղությունը, ինչպես նաև ցույց է տվել սյունիքյան կառույցի մշակութային կապը Արևմտյան Հայաստանում գտնված Պորտասարի հրաշքի նմանվող կառույցի հետ: Ցույց է տրվել նաև, որ Հայկական լեռնաշխարհում 18-12 հազար տարի առաջ աստղային երկինքը բաժանված է եղել ըստ համաստեղությունների:
Ամենայն հավանականությամբ գիտական հենց այս բացահայտումն է խռովել AMAP-ի ներկայացուցիչների հոգին:
Մինչդեռ Քարահունջի ցուցատախտակին գրված է, որ տեղանքը կոչվում է Ղոշուն դաշ, որը թուրքերեն, իրենց մեկնաբանությամբ, նշանակում է «զինվորների քարե զորք» (՞):
Ցուցատախտակի վրա ներկայացված պատմական ակնարկն ու կառույցի գործառույթը ակնհայտորեն չեն համապատասխանում հուշարձանի իրական անվանը և նշանակությանը:
Այս առիթով հոդված գրեցի («Իրատես de facto», թիվ 2, 2011թ.) ի պաշտպանություն պատմական ճշմարտության:
Անսպասելի ստացա AMAP-ի ներկայացուցիչների պատասխան նամակը, որը, ի դեպ, գրել էին անգլերեն, այլ ոչ թե ՀՀ պետական լեզվով` հայերեն: Տվյալ դեպքում նրանք խախտել էին «ՀՀ լեզվի մասին օրենքը», համաձայն որի` օտարերկրյա պետական և ոչ պետական կազմակերպությունները Հայաստանում գերատեսչությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պարտավոր են գրագրությունը վարել մեր երկրի պետական լեզվով:
AMAP-ի ներկայացուցիչները խախտել էին համընդհանուր ընդունված կարգը և ՀՀ հիմնական օրենքներից մեկը: Իսկ ցանկացած օրենքի խախտում պատժվում է օրենքով:
AMAP-ի ներկայացուցիչներն իրենց նամակում մեղադրում են ինձ այն բանի համար, թե իբր ես խեղաթյուրել եմ վերը հիշատակված գիտնականների (Է. Պարսամյան, Պ. Հերունի, Օ. Խնկիկյան) գիտական փաստերը և դրանք մեկնաբանել եմ իմ հայեցողությամբ: Ըստ AMAP-ի` այդ գիտնականններն են իրենց տրամադրել և խմբագրել ցուցատախտակի նյութերը:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ 1. Այս գիտնականներից երկուսը` Է. Պարսամյանը և Պ. Հերունին, հուշարձանն անվանել են «Քարահունջ», Օ. Խնկիկյանն այն անվանել է «Զորաքարեր», իսկ ցուցատախտակին գրված է «Ղոշուն դաշ»:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ 2. AMAP-ը, որ պարզապես ցուցատախտակներ տեղադրող կազմակերպություն է, ըստ էության, պատասխանատվություն չի կրում բովանդակության համար, սակայն անհասկանալիորեն հակադրվում է իմ բերած փաստարկներին, փոխանակ ներողություն խնդրի և բացատրելու, որ կազմակերպությունը բովանդակության գիտական հավաստիության հարցում իրավասու չէ:
AMAP-ի պատասխանատուներն անցնում են իրենց լիազորությունների սահմանները և անպատկառորեն հայտարարում, որ «Հայաստանում բոլորն իրենց մասնագետ են համարում, մինչդեռ նրանք չնչին թիվ են կազմում այստեղ»:
Սա վիրավորանք է մի ողջ պետության և նրա ժողովրդի հանդեպ` սկսած երկրի նախագահից մինչև ԳԱ և համալսարանների գիտնականները:
Հազարամյակների մշակութային և գիտական մտքի կրող հայ ժողովրդին այսպես անպատկառորեն վիրավորելը առնվազն քաղաքական կոպիտ վարքագիծ է: Ցանկացած երկրում այսպիսի վիրավորանքը ոչ միայն չեն հանդուրժում, այլև պատժում են դրա համար։
Լավ ու բարի գործ անելու քողի տակ այս կազմակերպությունը հայկական մշակույթի և պատմական հուշարձանների պատմաժամանակագրական վաղեմության և գիտական արժեքը խեղաթյուրելու միտում ունի:
Ահա դրա ապացույցը` Հաղպատի վանքում տեղադրված ցուցանակ: Նորավանքում տեղադրված ցուցանակ:
Անժխտելի է, որ պատմության և մշակույթի զեղծարարությունը քաղաքական հեռահար նպատակներ է հետապնդում:
Պարոնա՜յք AMAP-ի ներկայացուցիչներ, Հայաստանի ո՞ր «մասնագետն» է ձեզ տրամադրել պատմական այս թյուրիմացությունը: Այդ ո՞ր «հանճարեղ» պատմաբանն է պատմագիտական հայտնագործություն կատարել և հայտնաբերել Սայաթ-Նովայի ապրած ժամանակաշրջանում Հայաստանի և հատկապես Ադրբեջանի (Ալբանիայի, որը պետք է ենթադրել, որ նկատի ունեք Աղվանքը) թագավորություններ:
Ինչ վերաբերում է Նորավանքի ցուցատախտակին, ապա հայտնի լինի AMAP-ի ներկայացուցիչներին և նրանց պատմագիտական նյութեր տրամադրող գիտնականներին, եթե, իհարկե, այդպիսիք իրականում կան, որ դեռևս 19-րդ դարի վերջին ճարտարապետության պատմության մեծագույն մասնագետ, ավստրիացի Ստրժիգովսկին համոզիչ կերպով ցույց է տվել, որ գոթական ճարտարապետական ոճի ակունքները Հայաստանում են: Որպես կոնկրետ օրինակ նա դիտարկում է Անիի մայր տաճարը, որը, ի դեպ, խաչակրաց արշավանքներից մի քանի դար վաղ էր կառուցված:
Սա ոչ թե խոր անգրագիտություն է, այլ ազգային դավաճանություն, որը պետք է որակել որպես հակապետական քայլ: Հայ-ադրբեջանական պատերազմի քարոզչության այս փուլում թշնամուն այսպիսի «նվեր» մատուցելը պետական հանցագործություն է, որը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ