Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃ Է

ՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃ Է
30.03.2012 | 00:00

Վերջին երեք ամսում հեղուկ վառելիքի գինը Հայաստանում բարձրացել է 30 դրամով` 1 լիտրի հաշվարկով։ Նկատենք, որ գնաճն աստիճանաբար կատարվեց. ամեն անգամ այն բարձրացավ 10 դրամով, իսկ մի քանի օր առաջ` ևս 20 դրամով։ Պատահական չէ, որ այս հարցը վերջին շաբաթում հասարակության հետաքրքրությունն է առաջացրել։
Այն, որ այս խնդիրը հետաքրքրում է մարդկանց և անգամ մտահոգություն է առաջացնում, կարծում ենք, բնական է, քանի որ վառելիքի գնի բարձրացումն իր հետևից ինքնաբերաբար առաջացնում է պարենային և այլ ապրանքների թանկացում։ Սակայն այս պահին հետաքրքիր է ճշտել, թե որոնք են հեղուկ վառելիքի թանկացման պատճառները։ Մինչ այս հարցին պատասխանելը, հետևենք այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան հեղուկ վառելիքի հայաստանյան շուկայում 2012-ի հունվարին։
Գների բարձրացման միտումը նկատվեց այս տարվա սկզբից, ավելի ճիշտ, հունվարի վերջից։ Արդյունքում մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը մոտեցավ 500 դրամի, իսկ «պրեմիումինը» 500-ից ավելի արժեր։ Առկա գները փաստում են, որ Հայաստանում հեղուկ վառելիքի գները «երես» են առել։ Հատկապես, եթե նկատենք, որ, բենզինից բացի, թանկացել է նաև դիզվառելիքը` գինն ավելացել է 20 դրամով, իսկ վերջին մի քանի օրում` ևս 10 դրամով։ Այն, որ հեղուկ վառելիքի տեղական շուկայում գները աննախադեպ են բարձրացել, փաստում են նաև փորձագետները, որոնց համոզմամբ` նման գնաճ երբևիցե չի եղել։ Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը անհետևանք չի կարող լինել հատկապես գյուղատնտեսության համար, իսկ սա նշանակում է, որ գյուղացին դիզվառելիքի իր ծախսը հանելու է գյուղմթերքի գնից։ Այնպես որ, չի բացառվում, որ եթե դիզվառելիքի գները չնվազեն, գյուղմթերքի գնաճ կարձանագրվի սեզոնում։
Եվ այսպես, թվերը փաստում են մեկ բան. հեղուկ վառելիքի հայաստանյան շուկայում գները զգալիորեն բարձրացել են: Ինչո՞վ է սա պայմանավորված։ Այս հարցում փորձագետների կարծիքները բաժանվում են երեք խմբի։ Առաջին խմբի պնդմամբ` տեղական շուկայում հեղուկ վառելիքի գնի բարձրացումը պայմանավորված է վառելիքի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Վառելանյութի միջազգային շուկայում առկա դրսևորումները, ըստ փորձագետների, պայմանավորված են համաշխարհային տնտեսության մեջ նկատվող դրական միտումներով, թեև դրանք իրենց վրա կրում են նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությունը, ինչի արդյունքում միջազգային շուկայում նկատվում է գնաճ։ Երկրորդ հատվածը համոզված է, որ խնդիրը դրամ-դոլար փոխարժեքն է։ Մասնավորապես, նրանք նշում են, որ ապրիլից հետո դրամը 4-5 %-ով կարժեզրկվի, երբ իրանցիներն իրենց Նովրուզն անցկացնելուց հետո վերադառնան իրենց երկիր։ Երրորդ խումբը կարծում է, որ գների բարձրացման վրա ուղղակի ազդեցություն է ունեցել տեղական շուկայում խոշոր ներկրողներից մեկի` «Սիթի պետրոլ գրուպի» նկատմամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած խոշոր` 100 մլն դրամի տուգանքը` գերիշխող դիրքը չարաշահելու համար։ Հիշեցնենք, որ խոսքը նշված ընկերության բենզալցակայաններում բենզինը մեծածախ գնով իրացնելու մասին է, ինչը, ըստ փորձագետների, հանգեցնում է մանրածախ գների բարձրացման։
Եթե հետևենք այս երեք հիմնավորումներին, ապա երեքն էլ տրամաբանական են և գործնականում կարող են առաջացնել գների բարձրացում։ Սակայն կարծում ենք, որ կոնկրետ այս դեպքում պատճառը պետք է փնտրել ոչ թե մեկ հիմնավորման մեջ, այլ երեքը միասին դիտարկել։ Ինչ խոսք, վառելիքի միջազգային շուկայում գործընթացներն առաջնային դեր ունեն տեղական շուկայում գների ձևավորման հարցում։ Նկատենք, որ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի գինը, իրոք, բարձրացել է (մարտ ամսվա սակարկությունների ժամանակ այն ավելացավ 1,5 դոլարով)։ Սակայն, չնայած դրան, հեղուկ վառելանյութի միջազգային շուկայում գնաճը ռեկորդային չէ, մինչդեռ հայաստանյան շուկայում այս տարվա հունվարից սկսած ռեկորդային է համարվում։ Նկատենք, որ եթե միջազգային շուկայում գների բարձրացման միտումներին հավելենք նաև դրամ-դոլար փոխարժեքի, այսինքն, դրամի հավանական արժեզրկման խնդիրը, ապա չենք կարող այս գործոնը բացառել, քանի որ դրամի արժեզրկումը ներկրողների համար բացասական ազդեցություն է ունենում։ Ինչ խոսք, վառելիքի գների տատանման վրա բացասաբար են անդրադառնում նաև հակամրցակցային, թեկուզ կարճատև ժամանակով ստեղծված վերը նշված պայմանները։ Այնպես որ, տեղական շուկայում ընթացող գործընթացները պայմանավորված են այս երեք գործոններով, գումարած ևս մեկով։ Փորձագետների համոզմամբ` գնաճը պայմանավորված է ոչ այնքան արտաքին շուկայում գրանցված տեղաշարժերով, որքան ներքին հարկային օրենսդրության փոփոխություններով։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ