ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
01.04.2011 | 00:00

Գնաճի ներկա մակարդակի հարցում պակաս կարևոր դեր չեն խաղում նաև տնտեսության իրական հատվածի վարկավորման հիմնահարցերը: Հատկանշական է, որ 2010 թ. ըստ տնտեսության ոլորտների տրամադրված բանկային վարկերի թվում (շուրջ 806 մլրդ դրամ) առաջին տեղում է առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը (21,6 տոկոս): Ընդ որում, առևտուրը, սպասարկումն ու սպառողական վարկերը կազմում են բանկային համակարգի վարկային պորտֆելի 41 տոկոսը, այն դեպքում, երբ գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը (ընդհանուրի 6 տոկոսը) չի գերազանցում 50 մլրդ դրամը (ինչը 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է ընդամենը 17 մլրդ դրամով, իսկ 2009 թ. սեպտեմբերի նկատմամբ` ընդամենը 4 մլրդ դրամով), արդյունաբերությանը` 174 մլրդ դրամը (ընդհանուրի 21 տոկոսը): Սա վկայում է նաև բանկային համակարգի կողմից տնտեսության արտադրական ոլորտի զարգացմանը նվազ մասնակցության մասին: Ընդսմին պետք է պարզել. տրամադրվող վարկերը նպաստելու են գնաճի՞ն, թե՞ գնանկմանը:
Գնաճի ներքին պատճառների մեջ բացառություն չէ նաև երկրի արժութային քաղաքականությունը: Ազգային արժույթի արժեզրկումը, ընդհանուր առմամբ, կարող է նպաստել տնտեսության մրցունակության բարձրացմանն ու խթանել արտահանումը, սակայն ավելի երկար ժամանակահատվածում այն կարող է բացասաբար անդրադառնալ գների վրա և հանգեցնել գնաճի: Մյուս կողմից, արտահանման մեծ ծավալներն ապահովում են արտարժույթի մեծ ներհոսք, որն անխուսափելիորեն անդրադառնում է փոխարժեքի մակարդակի վրա` բարձրացնելով ազգային արժույթի գնողունակությունն ու, հետևաբար, արժեքը: Իրականում լուրջ խնդիր է դառնում փոխարժեքի որևէ մակարդակի ֆիքսումը: Մեր երկրում դրամի գերարժեզրկման (հիպերինֆլյացիայի) և գերարժևորման շրջաններ կարելի է համարել համապատասխանաբար 1994 և 2008 թվերը. 1994-ին դրամն արժեզրկվեց 3162 %-ով. ՀՀ կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ ձեռնամուխ եղավ ԱՄՀ և Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի ներդրմանը: Բնականաբար, ԿԲ-ի համար ամենակարևորը դրամավարկային ճիշտ ռազմավարության ընտրությունն էր, այսինքն` ԿԲ-ն միջին ժամկետում պետք է ընտրեր քաղաքականության երեք նպատակներից միայն երկուսը (փոխարժեքի ֆիքսում կամ վերջինիս նեղ միջանցքի ապահովում, գներ կամ անկախ դրամավարկային քաղաքականություն, հետևաբար, և դրանից ածանցված ճիշտ ռազմավարության ընտրություն, և կապիտալի հոսունություն): Անկախ դրամավարկային քաղաքականության ռազմավարության պարագայում կապիտալի ազատ հոսունության պայմաններում պետք է թույլ տրվի, որ փոխարժեքը լողա: Միաժամանակ հարկ է նշել, որ դրամի արժեզրկման և գների սրընթաց աճի պատճառ կարող են դառնալ դրամաշրջանառության և դրամավարկային ոչ ճիշտ քաղաքականությունը, պետության արտաքին և ներքին պարտքերի, ոչ արտադրողական ծախսերի առկայությունը և այլն: Ժամանակ առ ժամանակ երկրի արժույթի արժեզրկումը կարող է էժանացնել տեղական ապրանքներն օտարների համար, իսկ դրա արժևորումն ապրանքները դարձնում է ավելի թանկ` արտաքին շուկաներում: Երբ երկրի արժույթն արժեզրկվում է, էժանանում է արտահանումը, իսկ ռեզիդենտների համար թանկանում է արտերկրից ներմուծումը: Ազգային արժույթի փոխարժեքի բարձրացումն ունի հակադարձ էֆեկտ. օտարներն ավելի շատ են վճարում տվյալ երկրի ապրանքների համար, իսկ տեղական սպառողները քիչ են վճարում ներմուծվող ապրանքների համար: Այլ խոսքով` ազգային արժույթի արժևորումը բարձրացնում է դրա արտահանման գինը և իջեցնում է դրա ներմուծման գինը: Հակառակ դեպքում ազգային արժույթի արժեզրկումը իջեցնում է երկրի արտահանման գինը` բարձրացնելով տեղական ապրանքների մրցունակությունը և բարձրացնում ներմուծվող ապրանքների գները: ՈՒսումնասիրությունները վկայում են, որ այն երկրներում, որտեղ միաժամանակ փորձել են ապահովել երեք նպատակները, տեղ է գտել խոր ճգնաժամ (Բրազիլիա, Արգենտինա, Ռուսաստան): Իսկ եթե ԿԲ-ն ընտրի ֆիքսված փոխարժեքի ռեժիմ ու վերահսկի դրա վարքագիծը, ապա այն պետք է վերցնի իր վրա նաև փոխարժեքի ռիսկը և շուկայի մասնակիցների համար դառնա կանխատեսելի և խոցելի` արտաքին շոկերի և բաց սպեկուլյատիվ գրոհների տեսանկյունից: Տարբեր առիթներով անհրաժեշտություն է առաջացել, որ ԿԲ-ն միջամտի փոխարժեքի կարճաժամկետ արժևորմանն արտաքին մրցունակության պահպանման և այլ նպատակներով: Տնտեսական զարգացումների ներկա փուլում, ցածր գնաճի թիրախավորման պարագայում, ներքին շուկայում մշտապես առկա է լինելու հայկական դրամի անվանական փոխարժեքի արժեքավորում:
Այլ պատճառների թվում արտաքին ասպարեզում կարելի է հիշատակել նաև.
-նավթի գների աճը (մեկ բարելն այսօր ռեկորդային է 2008 թ. ճգնաժամային թանկացումներից հետո և տատանվում է 100 ԱՄՆ դոլարի շուրջ, իսկ Եգիպտոսում քաղաքական իրավիճակի սրման պատճառով դրանք կարող են հասնել անգամ 200 ԱՄՆ դոլարի),
-սննդամթերքի պահանջարկի աճը (աշխարհի բնակչության թիվը 2011 թ. կհասնի 7 միլիարդ մարդու),
-հացահատիկի համաշխարհային պաշարների վերջին երեք տասնամյակում գրանցված ամենացածր մակարդակը և դրանց գների ամենաբարձր մակարդակը,
-սննդամթերքի արտադրության ծախսերի աճը,
-զարգացած երկրներում արհմիությունների առանցքային դերակատարությունը, որը սահմանափակում է շուկայական մեխանիզմի հնարավորությունները` ձևավորելու տնտեսության համար ընդունելի աշխատավարձի մակարդակ,
ինչպես նաև այն հանգամանքը, որ
-համաշխարհային շուկայում հաճախ գները թելադրելու համաձայնություն են ձեռք բերում ոչ այնքան առանձին վաճառող ընկերությունները, որքան քաղաքական և տնտեսական մենաշնորհները,
-գյուղմթերքների մի մասն արդեն օգտագործում են բիովառելիքի ստացման համար (շաքարեղեգ, եգիպտացորեն, այլ մշակաբույսեր),
-աշխարհի շատ երկրներում ֆինանսատնտեսական ճգնաժամի և ազգամիջյան հակամարտությունների պայմաններում ավելանում են ռազմական ծախսերը, պետական ապարատի պահպանման ծախսերը, որոնք լրացուցիչ դրամական զանգված են պահանջում, իսկ վերջինս չի համապատասխանում շրջանառության մեջ գտնվող ապրանքային զանգվածին:

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ