«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ցեղասպանությունը սկսել է ժխտվել հենց մեզանում»

«Ցեղասպանությունը սկսել է ժխտվել հենց մեզանում»
25.09.2009 | 00:00

Հայաստանում ցեղասպանության ժխտման դեմ առաջին հայցն է ներկայացվել դատարան։ Հայցվորն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն է, պատասխանող կողմը` «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը, այլ կերպ ասած, Արմեն Այվազյանն ընդդեմ Ալեքսանդր Իսկանդարյանի։ «Ցեղասպանությունը սկսել է ժխտվել հենց մեզանում։ Արդեն «ցեղասպանություն» բառի փոխարեն սկսել են կիրառել 1915-ի իրադարձություններ, դեպքեր և այլն։ Վախենում, խուսափում կամ դիտավորյալ չեն օգտագործում այդ բառը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքի նախաբանում ընդգծեց ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։ Պարզվում է, որ Իսկանդարյանի խմբագրմամբ շուրջ հազար օրինակով 2008-ին լույս է տեսել «Կովկասյան հարևանություն. Թուրքիա և Հարավային Կովկաս» գիրքը, որում, ըստ Այվազյանի, ի թիվս այլ հոդվածների, զետեղվել է նաև Ստամբուլի «Թուրքական տնտեսական և սոցիալական ուսումնասիրություններ» հիմնադրամի աշխատակից Այբարս Գյորգյուլիուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի՞» հոդվածը։ Այս հոդվածում 34 անգամ չակերտների մեջ է գործածվում «ցեղասպանություն» բառը։ «Սա ցեղասպանության ժխտման դասական օրինակ է»,- հավելեց Այվազյանը։
Նկատենք, որ գիրքը կազմվել է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովի վերլուծական հոդվածների հիման վրա և տպագրվել է անգլերեն ու ռուսերեն տարբերակներով։ «Բնական է, որ այս հոդվածներն ստացել են միջազգային տարածում, այսինքն` Հայոց ցեղասպանությունը ժխտվել ու հերքվել է միջազգայնորեն։ Վնասն այս առումով կտրուկ մեծացել է»,- նշեց ՀԿ-ի տնօրենը` թվարկելով հայցադիմումում ներկայացված պահանջները։ Այն է` հրապարակավ հերքել գրքում վիճարկվող տեղեկությունները, արգելել հետագայում Հայոց ցեղասպանություն բառի «կիրառումը» և գրքի բոլոր օրինակների հետագա տարածումը, ինչպես նաև հասցված բարոյական վնասի դիմաց հատուցել խորհրդանշական գումար` մեկ դրամ։ Վերջին պահանջի առումով Այվազյանը նկատեց. «Վնասը գնահատել ենք շուրջ 20 մլն դրամ, բայց քանի որ դատական այս գործընթացից շահույթ չենք հետապնդում, բավարարվել ենք մեկ խորհրդանշական դրամով»։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ դատական գործընթացով այս նուրբ խնդիրը կարող է շահարկման դաշտ տեղափոխվել, հայցվորը վստահեցրեց. «Եթե մենք ցեղասպանությունը հերքող ուժերին, անհատներին չպատժենք, նրանց թիվը կշատանա, կմասնակցեն այդ ենթահանձնաժողովի աշխատանքին, որտեղ առքուվաճառքի կհանեն հարցը` եղե՞լ է, թե՞ չի եղել ցեղասպանություն»։ Ալեքսանդր Իսկանդարյանի մասով էլ Այվազյանը զերծ չմնաց գնահատականներ տալուց։ «Ալեքսանդր Իսկանդարյանը բացահայտորեն պաշտպանում է Գյորգյուլիուի` ցեղասպանության ժխտումը, ինչը ոչ միայն կարծիք է, այլև հանցանք։ Այն, ինչ արել է «Կովկասի ինստիտուտը», կարելի է եզրակացնել, որ դրանով միջնորդավորված ձևով Թուրքիայի հակահայկական քաղաքականությունն է իրականացրել Հայաստանում, այսինքն` իրականացրել է թուրքական լոբբիստական աշխատանք»։
Հավելենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դիմել է նաև GPartners իրավաբանական ընկերությանը` ցեղասպանության ժխտման դատական պրակտիկան ուսումնասիրելու համար։ Հայցը տրվել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան, ու, հավանաբար, հոկտեմբերի առաջին կեսին կնշանակվի առաջին նիստը։
Վերջում Այվազյանը դժգոհեց, որ իր պես մասնագետներին հնարավորություն չի տրվում եթերից բարձրաձայնելու այսօրինակ փաստերը։ «Դրա փոխարեն եթերից խոսողները զբաղվում են պրիմիտիվ քարոզչությամբ, որը հեղեղով լցվում է մեր ժողովրդի գլխին։ Այնպես որ, մենք ստիպված ենք դիմում դատական ատյաններին»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ.
-Ի դեպ, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է հայցադիմումը, պատճառաբանելով, թե պետտուրքը ոչ ամբողջովին է վճարվել, հայցին կից ներկայացված փաստաթղթերն էլ օտար լեզվով են եղել։

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ