Ապրիլի 30-ից մայիսի 1-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Քաղաքացի» նախագծի հայաստանյան երրորդ շնորհանդեսը։ «Քաղաքացի» նախագիծն ուսումնական ծրագիր է, որի հիմնական նպատակն է աշակերտներին հնարավորություն տալ ուսումնասիրելու հանրային հիմնախնդիրները, փնտրելու այլընտրանքային լուծումներ, ընտրելու հիմնախնդիրը լուծող լավագույն տարբերակները և մշակելու դրանք կյանքի կոչելու գործողությունների ծրագրեր։
Շնորհանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի կրթության դեպարտամենտի համագործակցությամբ։
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ողջունելով միջոցառումը, մասնավորապես նշեց, որ կրթական ոլորտում իրականացվում են մեծածավալ բարեփոխումներ. «Մեր նպատակն է հիշելու, վարժեցնելու մանկավարժությունից անցնել գործունեական մանկավարժության, որի հիմքում մտագործունեությունն է։ Սա շատ ծանր խնդիր է, որը լուրջ փոփոխություններ է պահանջում՝ առնչվելով և՛ կրթության բովանդակությանը, և՛ կազմակերպման ձևերին։ Եվ շատ ուրախալի է, որ որոշ առարկաների գծով շատ ուսուցիչների կողմից ոչ միայն ընդունվում է այդ գաղափարախոսությունը, այլև իրականացվում»։
Նախագծի շնորհանդեսին ներկա էր Երևանից և ՀՀ մարզերից ընտրված 35 դպրոցի շուրջ 500 աշակերտ։ Յուրաքանչյուր դպրոց ընտրել էր իր համայնքին առնչվող մեկ հիմնախնդիր, այդ թվում՝ ծխախոտի օգտագործումն անչափահասների կողմից, աշակերտների անվտանգ երթևեկության ապահովումը, բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների բացակայությունը, գյուղատնտեսական և ուսանողական վարկերի անմատչելիությունը և այլն։
Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն առանձնացրել էին իրենց քաղաքում թափառող շների խնդիրը։ Ավելի քան 100 եղվարդցիների շրջանում հարցումներ անցկացնելով՝ աշակերտները պարզել էին, որ 60 տոկոսի համար քաղաքի կարևորագույն հիմնախնդիրը թափառող շներն են, 18 տոկոսի համար՝ ժամանցի վայրերի բացակայությունը, խմելու ջուրը հիմնախնդիր է 12 տոկոսի համար։ Հարցվածների 79 տոկոսը վստահ է, որ պետք է պայքարել թափառող կենդանիների դեմ, 18 տոկոսի կարծիքով՝ պայքար թափառող շների դեմ պետք չէ իրականացնել։ Իսկ ի՞նչ մեթոդներով են եղվարդցիները ցանկանում պայքարել թափառող կենդանիների դեմ։ Հարցումներից պարզվել է, որ 60 տոկոսը կողմ է թափառող շների վնասազերծմանը, 37 տոկոսը՝ ստերիլացմանը։ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները կարծում են, որ հարցին պետք է լուծում տրվի տեղական իշխանությունների կողմից, քանի որ թափառող կենդանիները ոչ միայն խախտում են բնակիչների անդորրը, ֆիզիկական վտանգ ներկայացնում իրենցից, այլև կարող են մարդկանց փոխանցել զանազան հիվանդություններ։ Որպես հիմնախնդրի լուծում նրանք առաջարկում են համայնքում ակտիվ ու հետևողական պայքար տանել թափառող կենդանիների դեմ՝ շեշտը դնելով ստերիլացման վրա։ Բացի այդ, պետք է բարելավվի աղբահանության վիճակը՝ դրանով անուղղակիորեն լուծելով նաև թափառող կենդանիների հարցը. հայտնի փաստ է, որ թափառող կենդանիներն այնտեղ են, որտեղ կա աղբ։
Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը որպես հիմնախնդիր ընտրել էր դպրոցի դիմացի փողոցում հետիոտնային անցումի բացակայությունը, ինչը սպառնում է աշակերտների անվտանգությանը։ Ինչպես նշեց դպրոցի ուսուցչուհի ՍՈՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, խնդիրը ոչ միայն աշակերտների, այլև դպրոցի կոլեկտիվի և ծնողների մտահոգության առարկան է։ Աշխատանքային խումբը այս հարցով դիմել է ՀՀ կառավարություն, որտեղից էլ դիմումն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան և ճանապարհային ոստիկանություն։ Աշակերտների պահանջը՝ հետիոտնային անցում կառուցել դպրոցի դիմաց, մերժվել է՝ պատճառաբանելով, որ կրթօջախի մոտակա երկու խաչմերուկներում (100 և 70 մետր հեռավորության վրա) արդեն կան նշագծումներ ու հետիոտնային անցումներ։ ՈՒստի խցանումներից խուսափելու համար նպատակահարմար չէ դպրոցի դիմաց ևս մեկ հետիոտնային անցում տեղադրելը։ Աշակերտները որոշել են այլընտրանքային լուծում տալ հարցին. դպրոցի դիմաց մեկ շաբաթ շարունակ ակցիա են կազմակերպելու՝ խնդրի վրա ուշադրություն գրավելու և վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով։ Նման ծրագրերի մասնակցելով, ըստ Սոնա Դանիելյանի, երեխաները ներգրավվում են համայնքային խնդիրների լուծմանը, ներկայացնում են իրենց առաջարկները, հանդիպում են պատկան մարմինների հետ, բանակցում, ինչը նպաստում է քաղաքացիական ակտիվությանը։ Երեխաները հասկանում են, որ իրենց ձայնը նույնպես լսելի է։
Նշենք, որ «Քաղաքացի» նախագիծը գործում է աշխարհի 65 երկրում, տարեկան ավելի քան 1,5 միլիոն աշակերտ ներգրավված է այս ծրագրում։ Վերջին 3,5 տարիներին այս նախագծի շրջանակներում իրականացվել է Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի հանրակրթական դպրոցների 700 ուսուցիչների վերապատրաստում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ