ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անբարո պետություն

Անբարո պետություն
08.01.2024 | 07:35

1.

Անբարո է այն պետությունը, որ ազգի ու հայրենիքի մի մասին կարող է թողնել գոյաբանական բնաջինջ սպառնալիքի տակ, վանել իրենից, մատը մատին չխփել քթի տակ ծավալվող, խիստ անհավասար գոյամարտի պահին, արգելափակել կամավորական նպատակադրումները:

Անբարո է, երբ հայրենազրկված ու ունեզրկված բազմահազար ազգակիցներին ընդունում է օտար ներգաղթյալների պես, նրանց առաջ բյուրոկրատական քստմնելի խոչընդոտներ հարուցում համեստ աջակցությունը տրամադրելիս:

Անբարո է, երբ պետական կեցվածքն իրականում մերժողական է՝ երեկ դեռ ազգային-հերոսական տարեգրություն հյուսող, այսօր փախստական դարձած զանգվածի հանդեպ՝ նրան երեսպաշտորեն ու գողունի մղելով ցիրուցան լինել, մոռանալ տունդարձի ճանապարհը:

Անբարո է, երբ ազգային-պատմական արժեքների հանդեպ ժխտական վերաբերմունք է ցուցաբերում՝ ինչպես ձեռնտու է թշնամուն:

Հենց այդ զազիր կեցվածքի զոհն է դարձել արցախահայությունը՝ հայ ժողովրդի անօտարելի մասը: Հայաստանի Հանրապետությունը անբարո պետություն է:

2.

ՀՀ-ն ներկայումս ազգային պետություն չէ, խախտված է սահմանադրական թերևս կարևորագույն նորմը: ՀՀ-ն իրականում չի պաշտպանում ազգի շահերը, որ պարտավոր է անել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում: Ներկա պահին, օրինակ, Երուսաղեմում իսկական հալածանք է սկսվել Հայոց պատրիարքությանը պատկանող սեփականության դեմ, որ քրիստոնեական հնագույն սրբավայրերից է: Իրականում դա իսրայելցիների պայքարն է հայ հոգևոր դասի ու համայնքի դեմ: ՀՀ-ն լռում է բարձր ու միջին մակարդակով: Այդպես վարվում է անբարո պետությունը:

3.

ՀՀ պետական համակարգում աշխատում են բազամթիվ պարկեշտ ու ազգասեր մարդիկ: Բայց նրանք պետական ընթացիկ քաղաքականության վրա լուրջ ազդեցություն չունեն, համեմատաբար փոքրաքանակ են և բարձր դիրքեր չեն զբաղեցնում: Հայաստանում դեռևս, հասարակական-քաղաքական հետադիմության պատճառով, պետությունը նմանակերպված է իշխանության հետ. իշխանությունն անբարո է, հետևավաբար նույն կարգի է նաև պետությունը:

Կփոխվի՞ իշխանությունը՝ կլինի բարոյական ու ուժեղ, նույնկերպ պետությունը կդառնա բարոյական եւ ուժեղ:

4.

Պատմությունը վկայում է, որ անբարո պետություններն արագ կործանվում են:

ՀՀ-ն փրկելու հրամայականի առաջ ենք կանգնած:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ