«Ձուկը խոնավություն չի զգում, որովհետև չգիտի, թե ինչ է չորը, խավարը միայն նա է ունակ ընկալելու որպես խավար, ում մեջ կա լույսի պատկերացում, ծուռ գիծը հնարավոր չէ որակել որպես ծուռ, եթե պատկերացում չլինի ուղիղ գծի մասին»:
«Աստվածաբաններն ու օրենսդիրները դեռ հեռու են միմյանցից»,
Ռաֆայել ՊԱՊԱՅԱՆ, 2003 թիվ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔՆԱՀԱՐԱՄ
(երկրպագուների երկընտրանքը)
Չէ, բանը բանից անցնում է: Անցնում է և ապացուցում` կարմրաշեկ, դեղին ու երկնագույն խալերով պատված դոդոշներն այսուհետև կբազմացվեն Սևանում, կմրցակցեն խեցգետինների և ձկնագողերի հետ: Քանակով և որակով: ՈՒ տանուլ կտան: Առաջին փուլում:
Միջանկյալ զեղում: Առաջարկում եմ ընդունել օրենք ՀՀ վիրտուալ օրհներգի մասին: Պնդում եմ, որ այն անցնի եռափուլ սանդղակով: Կարծում եմ, որ յուրաքանչյուր փուլ արժանի է խորազնին քննության, մանրազնին քննարկման, մանրապճեղ քոնթիի (քոնթի գալու):
Առաջին փուլ: (Ներկայացվում են տեխպայմանները, դեպքի վայրը, վայրիվերո դիպվածները):
«Լճիցլճերի» (այսուհետ` ԼԼ) գլխավոր նավավարի «Կայուտ-կոմպանիա»: (Սա դեպքի վայրն է):
Տեխպայմանները: Օրհներգը պիտի որ լիասիրտ հիմնավորի նորանկախական-հանրային ցանկությունները, լիցքաթափման մղումները, երազներն ու հազար ու տասնմեկ ներողագրեր Կազաչի պոստից Նուբարաշեն` հանրային երազախաբկանքը։
«ԼԼ» առաջարկը: ՀՀ օրհներգի նորովի և վիրտուալ մրցութային տարբերակ ընդունել ՀՀ ողջ տարածքում (նաև Ջավախքում, Արցախում, Մռովում, Բուրչհամուդում և Հավլաբարում) խիստ տարածված, սիրված ու զահլահան արած «Վո՜ւյ ամա՜ն, ամա՜ն, վո՜ւյ ամա՜ն, թագավոր լինելուց լավ բան» երգ-զկռտոցը: Չէ, էն չի: Օգտվելով նավավարի մենաշնորհից` փոխում եմ տարբերակը. «Քեֆ ենք անում, քեֆ ենք անում, քեֆ ենք անում, սիրելիս, քեֆ ենք անում, քեֆ ենք անում մենք բոլորս միասին»: Ինքն է, նահանջ ու փախուստ չկա:
ՈՒ որ այն առավել հայեցի լինի, «ֆ»-ն փոխարինում ենք «փ-ով»: Վատ չէ: Անգամ լավ է: Գրեթե հոյասքանչ:
Էսպես ուրեմն, Շառլի մեծաշնորհ ոտքը դեռ չէր փարվել նրա անունն ու գործը հավերժացնող փայլաշուք առանձնատան հատակին, երբ հնչեցին կոչեր` դավաճան է նա, ով քուն կմտնի, ազգադավ է սին, թե պար չի բռնի… («ԼԼ»-ում թեթև ալեկոծությունը փոխվեց փոթորկի: Դոդոշների երկնագույն խալերը կանաչեցին):
Մենք հաղթեցինք Մակեդոնիային և հաղթանակը սույն համահավասարազոր է ՀՀ ԱԺ կոալիցիայի հաղթանակին Մակեդոնացի Ալեքսանդրի հանդեպ: ՈՒրեմն… ուրեմն «Հայաստանն այսօր չի քնելու»: Սա մեջբերում է «Տեսանկյուն»-ում շրջանառված բորբոքուն մտքից: Ես էլ` հավերժական բողոքականս, վրդովմունքով մերժելով Գևորգի այս հաճկատարությունը, նրան դոդոշաորսի չեմ հրավիրում: ՈՒ գիտենք ինչու: Զի շնորհքով ջահել է, հանրային-ազգային-սոցիալական-աշխարհաքաղաքական շատ նշանակալից խնդիրներ է առաջ մղում: Մի խոսքով` ի հեճուկս ֆուտբոլային մրցախաղը համազգային հաղթանակի վերափոխած այլ հաճկատարների, ես անվրդով քուն մտա և ահա թե ինչ երազ տեսա` երեք մասից: Սև-ճերմակ: Կարմրաշեկ: Կանաչ ու դեղին լապտերիկներով լուսավորված: (Երբ օրթոդոքս Իռլանդիայում մերոնք, անշուշտ, հայի չար բախտից գլխիկոր հեռացան դաշտից, քնահարամ գոչեցի` կարևորն է բարոյական հաղթանակը։ Կեցցե՛ք տղերք, համահունչ եք վազում մեր տնտեսական հաջողություններին. ամեն բան կա, վերջնարդյունքը կա ոչ։ Սակայն արդարամիտ լինենք։ Կեցցե՛ն մեր տղերքը։ Իսկ խաղի մրցավարին ի ցույց ենք դնում Նուբարաշենի աղբանոցում։ Եվ սուլիչի փոխարեն կրծքից կախում ենք մի քնահարամ շերեփուկ)։
ԵՐԱԶ ԱՌԱՋԻՆ
(պատմության անիվը պայթում է…)
1990 թ.: ԽՍՀՄ-ը կայուն է և բարգավաճ: Հայաստանն աննկուն է ու բարեհաճ:
Վանիկը ԼՂ Ինքնավար Մարզի կոմերիտմիության առաջին քարտուղարն է։ Դիվերսիոն լրջագույն ծրագրով նրան հաջողվել է ազգերի բարեկամության գաղափարահենքի հենասյուները խարխլել ու համոզել Կրեմլին (Լեոնիդ Իլյիչը յոթ տարի յոթ ամիս ու վեց շաբաթ խմում է միայն թոթի օղի և համալրում ըմպածը Նախշուն բաջու թխած ժինգյալի հացով, Ավան ամու որսած վարազի սուկիով)` սովետով մեկ արգելել «Ջուջալարըմ» ազերբայջանական ցնծագին մղկտոցը:
Արցախում (լուսարձակի լույսի և թոթի օղու ներքո) գործողության մեջ է «թորքին թրիք», «թոթին թմբուկ» գերգաղտնի ծրագիրը: Վերջնարդյունքում էլ ազերբայջանցիները քաշվում են Լենքորան, քոչում Ալթայի մարզ: Վանիկի ազատարար կուրծքը զարդարվում է Լենինի շքանշանով և ԱՍԱԼԱՅԻ գաղտնամեդալով:
Ջանիկը Մետաքսի կոմբինատի տնօրենն է: Նրա արտադրած մետաքսյա բարձերը, ներքնակները, շապիկները, վարտիքները, վերմակներն ու գուլպաները հուշիկ ախտահարում են Իսթամբուլի, Բաքվի, Անկարայի ու Կիրովաբադի կառավարող վերնակույտի գանգատուփերում առկա զանգվածը, ու վերջիններս քայլ առ քայլ դառնում են դեպի յուրյանց կիսաբարբարոս արմատները: (Թե ոնց, էդ էլ դուք ենթադրեք):
Երևանի Մալաթիա թաղամասում գործող հրաձգարանը լավագույնն է ճանաչվում համամիութենական «Մեկ կրակոցով չորս նապաստակ» մրցույթում: Հրաձգարանի պատանի վարիչ Ալեքսանյան Սամվելը պարգևատրվում է «Բյուրեղյա շաքարաքլոր» 1-ին աստիճանի գավաթով:
Բելառուսի Գոմել քաղաքի արվարձաններում անցկացվող «Դալար բազուկներն իմ հայրենիքի» մրցաշարում փայլուն հաջողության հասավ Հայաստանը ներկայացնող Ծառուկյան Գագիկը Առինջ գյուղից: Նա երկրորդն էր շաքարի ճակնդեղից հեղուկ գազ ստանալու առաջնությունում և առաջինը` միանգամայն նոր` բազկամարտ անվանակարգում: Այսպես, երիտասարդ հայ դյուցազնը ձախ բազկով գետնին սեղմեց միութենական հանրապետությունների, ինչպես նաև եղբայրական Վիետնամի, Չիլիի և Իրաքի ներկայացուցիչների ուսերն ու մնացածը: Աջով նա զուգահեռաբար հայրենի Առինջից իր հետ տարած ադիբուդին էր ցփնում բելառուս, ռուս և ոչ ռուս հանդիսատեսին: Սա ևս նորույթ էր, առաջին բարեգործական ակցիան մեր երկրում:
Չմոռանանք հիշեցնել, որ շաքարի ճակնդեղ-հեղուկ գազ անվանակարգում հաղթողն էր տեղաբնակ առաջավոր կոմբայնավար-անասնաբույժ, «Բատկա» մականունով Լուկաշենկո Սաշկոն:
Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, համամիութենական «Արտեկ» ճամբարում ամենաօրինապահ պիոներ է ճանաչվել Աբրահամյան Հովիկը` Արտաշատի շրջանի Մխչյան գյուղի ութամյա դպրոցի 5գ-ից, ում հաջողվել է ոչ միայն գերազանց հարդարել սեփական պահարանը, այլև հասնել այն բանին, որ ոչ թե ճամբարի շեֆ-խոհարար Աբասթուման Աբրիկոսովիչը իր տուն հասցնի երեխաների հասանելիք երեք արկղ բանանի կոմպոտը, չորս լիտր անարատ յուղը և հինգ տուփ կարմիր ձկնկիթը, այլ դա հավասար բաշխվի ճամբարի բոլոր աշխատողների, հավաքարար Զինաիդայի, կինոմեխանիկ Վարդանուշի և ճամբարի բուժքույր Վալիկոյի միջև:
Հերոսական արարք: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ՊԱԿ-ի նկուղ է տարվել պատանի երիտկոմ Հովհաննիսյան Վահանը: Վերջինս, խախտելով խորհրդային համակեցության նորմերը և արատավորելով նախկին հոկտեմբերիկի անունը, «Պոնչիկանոց» կոչվող սրճարանում, ուսանողների ներկայությամբ, բարձրացել է պոնչիկներով և կակաոյի բաժակներով ծանրաբեռնված սեղանի վրա և, աջ ձեռքում թափահարելով վզից պոկած կարմիր վզկապը, այլախոհական կոչ է հնչեցրել` թող կեցցե հավերժ եռագույն կակաոն: Հետո լքելով սեղանը` ներխուժել է երևանցիներին լավ հայտնի «Թեմուրնոց» գարեջրատունը և փայտաշեն ատրճանակի սպառնալիքի տակ բուֆետապանից խլել երեք բաժին հղփերշիկով (սարդելկայով) տապակած կարտոֆիլը: Այս արարքն ընկեր Վահանը որակել է բավականին ուշագրավ. «Պոնչիկանոցի արշավանքը կամ Թեմուր-բանկի գրավումը»:
ԵՐԱԶ ԵՐԿՐՈՐԴ
(նորանկախ մղձավանջ)
Թատերական հրապարակում «Համազգային համերաշխության շորշոփներ» դաշինքի միացյալ հանրահավաքն է: Մասնակցում են ՀԱԿ-ը, ՄԱԿ-ը, «Ժառանգությունը» և «Բազմազավակ մայրերի անկախ ընկերակցությունը»` մի կողմից, ԱԺ կոալիցիան, քարկտիկի ֆեդերացիան և Զովունի համայնքի «Հայ-եզդիական քիրվայություն» դաշինքը` մյուս կողմից:
(Կարապի լճում թանապուրն է եփվում):
Հանրահավաքի պատվիրակները շարք են բռնում եռանկյունաձև դասավորությամբ: Հավասարակողմ եռանկյան «A» անկյունը զբաղեցնում է ընդդիմադիր ներկայացուցիչը, «C» անկյունը` կոալիցիոն պատվիրակը: Եռանկյան «B» գագաթում տեղակայված է «Համերաշխության» արտաքնոցը:
(Առնո Բաբաջանյանի արձանին հարակից ռոյալը ժամանակավորապես փոխարինվել է շլորով շաուրմա արտադրող հաստոցով): Թանապուրի հովանավորն է մոսկվաբնակ մի հայ մեծահարուստ, ով ցանկացավ չբացահայտվել, հայտնելով, որ բարի գործը հարկ է, որ անհայտ մնա: ՈՒ սա նրա առաքելությունն է նախնյաց հայրենիքում։
Իսկ շաուրմայի հովանավորը ոչ միայն բացահայտ է գործում, այլև կամենում է, որ աշխարհն իմանա ու լիանա, նախանձի ու «փաթլամիշ ըլլա»:
Եվ նրա անունն է` այո, այո, բարեկամներ, նա՛ է, ինքը՛, յուրաքանչյուր բաժակ բարեգործական արևածաղկի շուրջ աստղային աղմուկ բարձրացնողը...
ԵՐԱԶ ԵՐՐՈՐԴ
(խորհրդարանական վերջերգ)
ԱԺ օվալաձև դահլիճը ութաձև է։ (Սա խորհրդարանին հրաժեշտ տված օլիգոպոլիկներից մեկի վերջին և միակ բարձրաձայն արտասանած մաղթանքն էր. թող դրանք, այսինքն` մտավոր երեսփոխանները, «վասմիրիտ» ըլնեն): Պատգամավորները դալուկ են, սմքած ու մտազբաղ: Նրանց դեմքերին (հատկապես քթարմատից վար) դաջված են Հայաստանի փրկության օրենսդրական դրույթները:
Տիգրան Արզաքանցյանը գլխավորում է խորհրդարանի ընդդիմությունը, որը թվական մեծ առավելություն ունի կոալիցիոն-իշխանական թևի հանդեպ:
Կոալիցիայի ղեկավարն է Սամվել Բալասանյանը:
Արզաքանցյանի օգնական-գործավար-քարտուղարուհին հեռուստասերիալի Աննան է:
Բալասանյանինը, բնականաբար, չաղհարսանիքյան Դիանան:
Վերջ: Արթնանում եմ: Գրողը տանի, բա, որ այս ամենն իրականանա: (Ականջդ կանչի, լեզուդ կարկաչի, Կարաբալայի արձան):
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ.Գ. -Սևանա լճի խեցգետինների բռնարարքներից ձանձրացած և սեփական տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկարով իշխանը, սիգը և կողակը դիմել են ՆԱՏՕ-ին (նաև ՀՀ ՄԻՊ-ին) և վերջնագիր են ներկայացրել, եթե 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լիճը չխեցգետնաթափվի, իրենց մնում է ձկնաքաղաքական ապաստան գտնել Վանա լճում: Այս ամենի ողջ պատասխանատվությունն ընկնում է Նորադուզի ձկնագողերի, բնապահպանության նախարարության և «Լափիր, թե կարող ես» նորագույն հեռուստանախագծի վրա: