Առավոտյան ժամը 9-ից նախագահի նստավայրի դիմաց, սպիտակ դրոշները ձեռքներին, կրկին հավաքվել էին Արամի և Բուզանդի փողոցների բնակիչները, պահանջելով վերադարձնել իրենց հասանելիք բնակարանները, որոնք, պարզվում է, վաճառվել են մի քանի հոգու: Բնակիչների համոզմամբ, այս հարցում մեղավորը ոչ թե կառուցապատողներն են, այլ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց բաժին բնակարաններն ունեն այդ շենքերում: Ինչպես տեղեկացնում է Արամի 72/80 շենքի գնորդ Սոնիկ Մաղաքյանը, Երվանդ Զախարյանն իր քաղաքապետության օրոք` 2007-ին, շենքի տակի հողը վաճառել է ոմն Անդրանիկ Խալոյանի, որն այսօր քաղաքապետարանի ավագանու անդամ է ու ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ՈՒ հիմա ԲՀԿ-ական Խալոյանը հիշել է, որ բազմահարկի տակի հողն իրենն է, իրեն իրավունք է վերապահել փակել շենքն ու հայտարարել` թողեք գնացեք այստեղից: «Այսինքն, մեր բնակարանների տերն ու տնօրենը դարձել է այս ԲՀԿ-ական պարոնը»:
Մեծ ու փոքր տրամաչափի պաշտոնյաների կեղծ խոստումներից ու էժանագին խաղերից, իրավապահների կողմից միտումնավոր ձգձգվող դատական գործընթացներից հոգնած բնակիչների միակ հույսը հանրապետության նախագահն է, որին էլ այսօր փորձում էին փոխանցել իրենց նամակը. «Մենք համառ ենք ու չենք հեռանա այս խաչմերուկից, որովհետև հավատում ենք Սերժ Սարգսյանի խոսքին, որ ուզում է աշխատել ժողովրդի հետ: ՈՒզում ենք մեր նախագահը տեղեկանա, որ ընթանում է գործի պարտակման գործընթաց, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը իրավական գործը վերածել է հաշվապահության: Իրավապահները, ընդամենը, մեր թղթերը վերցնում, նայում են, թե որ հարկում են գտնվում բնակարանները, ու վերջ: Իսկ թե ինչպե՞ս է եղել, ովքե՞ր են այս ռեկետի հեղինակները, ականջները խցանել են, չեն ուզում լսել»:
Նախագահականի հարևանությամբ հավաքվածներին խիստ վրդովեցրել էր նաև նախագահի աշխատակազմի նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանի պահվածքը: «Մենք մեր նամակները հասցեագրում ենք մեր նախագահին, խնդրում մի ճար անել, իսկ այս տիկինն ինքն է պատասխանում մեր նամակներին, թե իրենք իրավասու չեն այդ հարցերը լուծելու: Երևի մոռացել է, որ ինքը երկրի նախագահը չէ, այլ ընդամենը նախագահին նամակներ փոխանցողը»:
Բնակիչները նաև տեղեկացրին, որ այս ընթացքում միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ բազմիցս են հայտնվել ու իրենց աջակցությունն առաջարկել, սակայն իրենք մերժել են այն գիտակցմամբ, որ չեն ցանկանում` Հայաստանի ներքին խնդիրներն օտար կառույցների կողմից շահարկման առարկա դառնան, որ հետո միջազգային ատյաններում դատեր չբացվեն մեր պետության դեմ: Փոխարենը հույսով ակնկալում են հանրապետության նախագահի արձագանքին, միաժամանակ հորդորում իրենց շրջապատած ոստիկանության ներկայացուցիչներին. «Ոստիկանական պատ մի՛ կանգնեցրեք մեր դիմաց. սա մեր քաղաքն է, մեր երկիրը, պատճառ մի` դարձեք սոցիալական լարվածության»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ