Բաց նամակ թիվ 02
ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի` 2003-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածների պատժատեսակը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, ընդդիմության քաղաքական պարտադրանքի արդյունք էր։ Սակայն այս ակտով կոպտորեն խախտվեցին ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ ամրագրված պահանջները, այն է` «Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները չեն կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին»։ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետը նախագահին ներման իրավունք տալով հանդերձ, նրան թույլ չէր տալիս դատապարտյալների մահապատիժները` հանցանքի կատարման պահից հետո ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում առաջին անգամ որպես նոր պատժատեսակ ամրագրված պատժով փոխարինել։
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գ. Դանիելյանի հ. ե. 2914.01.2009 թ. թվակիր պատասխան նամակով այս խնդրի շուրջ հստակ պարզաբանում է տրվում. «ՀՀ նախագահի հրամանագիրն ընդունվել է 2003 թ. օգոստոսի 1-ին, այսինքն` ՀՀ նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո։ ... Ակնհայտ է, որ հիշյալ դեպքում ներման հիմքը ծագել է նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո»։ Մինչդեռ նոր քրեական օրենսգրքում նշվում է, որ «մինչև 2003-ի օգոստոսի 1-ը (...) մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը, (...) դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ բացառությամբ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի»։ Վերոնշյալ 3-րդ հոդվածի 4-րդ մասում բառացիորեն ասվում է. «Մահապատժի վերացման վերաբերյալ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև այն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն (...)», մինչդեռ մահապատժի դատապարտված բոլոր դատապարտյալներն էլ մեղադրվել են ծանրացուցիչ հանգամանքներով կատարած սպանության մեջ։ ՈՒստի, վերացնելով մահապատիժը որպես ծանրագույն պատժատեսակ, ցմահների պատժաչափը սահմանվել էր ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսած 15-ից 20 տարվա ազատազրկմամբ, ինչը կդիտվեր որպես բարելավում և կունենար հետադարձ ուժ` պահպանելով օրենքի տառն ու ոգին, եթե... Մինչդեռ, հետևելով Գ. Դանիելյանի իրավագիտական պարզաբանումներին, ավելի քան հստակ է, որ ՀՀ նախագահի ներման հրամանագրով, ինչը, ըստ էության, նոր դատավճիռ էր, ՀՀ նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո 15-ից 20 տարվա պատժաչափ ստացած դատապարտյալների պատիժները փոխարինվել են ցմահ ազատազրկմամբ։ ՈՒստի նախագահի ներումը դեֆակտո իրականացված, օրենքից չբխող և քաղաքական դրդապատճառների հետևանքով պարտադրված դատավճիռ էր, որն առանց նախկին դատավճիռը բեկանելու օգտվել էր միայն ու միայն ՀՀ Գերագույն դատարանին պատկանող իրավասությունից։ Եվ քանի որ ցմահ ազատազրկումը նոր պատժատեսակ էր, այն բացահայտորեն ոտնահարեց նաև ցմահ դատապարտյալների կարծիք ու տեսակետ ունենալու, նոր պատժից առաջ իրենք իրենց պաշտպանելու տարրական իրավունքները, Սահմանադրության 22-րդ հոդվածը` «Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար», ինչպես նաև 42-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներն ու այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն» հոդվածները։
Մինչդեռ 2003 թ. օգոստոսի 1-ին Արցախում ուժի մեջ մտավ ՀՀ ԱԺ-ի կողմից հենց նույն` 2003-ի սեպտեմբերի 18-ին ընդունված քրեական օրենսգիրքն Արցախի տարածքում գործողության մեջ դնելու մասին օրենքը, ըստ որի, մահապատիժը, որպես բացառիկ պատժամիջոց, վերացվեց։ Մահապատժի դատապարտվածների պատժաչափերը փոխարինվեցին 15 տարվա ազատազրկմամբ` պաշտոնապես հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա։
1. Նրանց դատավճիռներն արձակելու պահին օրենսդրությունը չէր նախատեսում ցմահ ազատազրկման պատժատեսակ:
2. Գործող օրենքով մահապատիժը կարող էր փոխարինվել միայն և միայն 15-ից 20 տարվա ազատազրկմամբ:
3. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության (ՄԻՀԱՊ) մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը պահանջում էր, «Հավասարապես չի կարող ավելի ծանր պատիժ նշանակվել, քան այն, որը ենթակա էր կիրառման քրեական հանցագործության կատարման պահին».
4. Որևիցե միջազգային կոնվենցիայում ֆիքսված չէ, որ ցմահ ազատազրկումն ավելի մեղմ պատիժ է, քան մահապատիժը։
Փաստորեն, միայն Արցախում է, որ արդարադատությունն իրականացվել է իրավագիտական շրջանակներում, մարդասիրական մոտեցումներով, պահպանելով օրենքի տառն ու ոգին։ Մինչդեռ Հայաստանի 11 մարզերում արդարադատությունն իրականացվել է բացարձակապես քաղաքական դրդապատճառներից ելնելով, ինչի արդյունքում խախտվել են նաև ՄԻՀԱՊ-ի եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ գործող մի շարք օրենքներ ու հոդվածներ։ Սրա մասին փաստում է նաև 2004-ի հունվարի 27-ի, ԵԽ թիվ 1361 որոշման հոդված 7-ը, որով ԵԽ-ն պահանջում է անհապաղ և անհատական ձևով վերանայել ՀՀ նախագահի 2003-ի օգոստոսի 1-ի որոշումը, որի հիմամբ 42 մահապարտների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկումով։ Նույն պահանջը կրկնվում էր նաև ԵԽ-ի թիվ 1374 որոշման մեջ։ 2003 թ. Հայաստանի կառավարությանը հասցեագրված ԵԽ պահանջների երեք զեկույցներում առկա է 42 ներում ստացած սույն դատապարտյալների գործերն անհատական ձևով վերանայելու պահանջը։
Այս իրողության և ներքաղաքական կյանքում այսօր զարգացող գործընթացների պարագայում, կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ցմահ դատապարտվածների խնդրի հանկարծակի արծարծումն ու նրանց մեջ առկա քաղբանտարկյալների` ՀՅԴ «Դրո»-ի, «Վահան Հովհաննիսյան+30» և այլոց նորովի վերաիմաստավորումը, ինչպես նաև Հայաստանի առջև ԵԽ-ի առաջադրած վերոնշյալ պահանջների անտեսումը բավականին հզոր գործիք կարող են հանդիսանալ ՀՀ գործող նախագահի դեմ իրականացվող գործընթացներում։ Մինչդեռ արդարադատության ֆունկցիոներներն ու դատաիրավական գրեթե ողջ համակարգը նպաստում և պարարտ հող են ստեղծում վերոնշյալ գործընթացների արդյունավետության համար։ Սրա վառ օրինակներից է 25.05.2011 թ. ԱԺ-ի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը, ըստ էության, նախատեսում է ցմահ դատապարտյալների գործերի վերանայում անհատական ձևով և նոր` արդարացի դատավճիռների կայացում։ Արդարադատության ֆունկցիոներների կողմից վերոնշյալ օրենքը մեկնաբանվում է կամայականորեն, մյուս կողմից էլ արդեն իսկ դատարաններում ընթացող գործերը վերանայվելով, այնուամենայնիվ, ցմահի դատավճիռները մնում են անփոփոխ` անփոփոխ թողնելով նաև ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով ցմահ դատապարտյալների քաղաքական կատեգորիան։
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՀ-ի դատապարտյալ Արմենակ Մնջոյան
Հ. Գ. -Սույն նամակի հրապարակման համար լիազորված եմ գրեթե բոլոր դատապարտյալների կողմից: