ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ, ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ` Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ
Աստված կյանքի, լույսի ու սիրո աղբյուրն է, «Աստվածաշունչ» մատյանը` Աստծո սիրո նամակը, Աստծո խոսքը: Այն Աստծո մեծագույն հայտնությունն է և հռչակում է վերջնական ու բացարձակ ճշմարտությունը մարդկության համար:
Մեր հոգու ճիչն է այսօր` 1710 տարի անց, վերստին դառնանք Աստծուն ու Քրիստոսին, «Ով ճանապարհը, ճշմարտությունը և կյանքն է», և վերստին ծնունդ ապրենք, ու վերստին վերածնվի մեր աշխարհն հայոց։
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում բազմիցս կենաց ու մահու պայքարի է ելել օտարերկրյա զավթիչների դեմ ու հաղթանակ տարել: Հիշենք փառքով պսակված հերոսամարտերը. Հայկի` ընդդեմ Բելի, Ավարայրի, Մուսա լեռան, Սարդարապատի, արցախյան։
Այսօր հայ ժողովուրդը կանգնած է վերջի՛ն ճակատագրական հերոսամարտի առջև:
Այսօր մարտադաշտը մեր սի՛րտն է ու մեր մի՛տքը: Եվ այդ հերոսամարտում հայ ժողովուրդը կարող է հաղթել միայն իմաստնությամբ: Իսկ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»: Երկյուղ` Աստծո իմաստության, զորության, սիրո ու հանճարի առջև։ «Նա՛ է ստեղծել երկիրն Իր զորությունով, հաստատել է աշխարհն Իր իմաստությունով և Իր հանճարով տարածել երկինքը»: Այսօրյա հերոսամարտը պսակն է դառնալու հայ ժողովրդի ապրած բոլո՛ր հերոսամարտերի, և նրա մեկնարկն ազդարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
-Մենք պիտի կառուցենք բարոյակա՛ն Հայաստան:
Այդ խոսքերի վրա Երկնքի կնիքն էր դրոշմված:
«Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մեջ»:
Ողջ Տիեզերքի կառավարման հիմքը Աստծո բարոյական օրենքն է` սիրո օրենքը. առանց Աստծո ու «Աստվածաշնչի» հնարավոր չէ երկիրը կառավարել:
Աստծուց առաջ չընկնենք: Մոտ 3500 տարի առաջ Աստված Իր երկնային գահից մարդկությանը` Իր զավակներին, արդեն իսկ տվել է Իր արքայական օրենքը` հավիտենական սիրո օրենքը, բարոյական օրենքը, քարե տախտակների վրա` Իր իսկ մատով գրված տասը պատվիրանը:
«Տասը պատվիրանն Աստված անձամբ է հռչակել անկասելի վեհությամբ` կայծակների և որոտումների միջից («Եվ բոլոր սարը սաստիկ դողում էր») և այնպիսի զարմանալի պարզությամբ, որ այն ճշմարտությունները, որոնք տեղեկացվեցին, իսկույն դարձան ողջ ժողովրդի սեփականությունը, և այն պետք է տարածվեր ողջ մարդկության վրա: Սինայի օրենսդրությունն ի սկզբանե հանդիսանում է անսովոր և հրաշալի մարդկության պատմության մեջ»: Տեղին է հիշատակել, որ մարդկությունն իր գոյության ընթացքում մշակել է մոտ
երեսուներկու միլիոն օրենք:
Աստծո պատվիրանները սուրբ են, ինչպես սուրբ է Ինքը` Աստված: Տասնաբանյա օրենքի արդարության սկզբունքներն անփոփոխ են, ինչպես հավիտենական գահը: Ո՛չ մի պատվիրան չի խափանվել, և ո՛չ մի նշանագիր չի փոփոխվել`
«Սիրի՛ր քո Տեր Աստծուն» և «Սիրի՛ր քո մերձավորին»:
«Եվ նրանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մեջտեղում։ Եվ գրիր նրանց քո տան դրանդիների վրա և դռների վրա։ Եվ կրկնիր նրանք քո որդկանց»:
Այսօր մե՛զ, հայ ժողովրդի՛ն է վերապահված սրբազնագույն առաքելությունը` բարոյականության դրոշ պարզել աշխարհին և երկնքից տրված լույսով Աստծո բարոյական օրենքը` սիրո օրենքը, հռչակել հայոց պետականության խորհրդանիշ: Սա բացառիկ երևույթ է մարդկության պատմության մեջ: Ազգային սխրանք: Աստծո ինչպիսի՜ զարմանահրաշ շնորհ, մարդու մեջ Աստծո հոգևոր պատկերի վերականգնման ինչպիսի՜ բացառիկ հնարավորություն։ Ո՛չ մի ազգ նման պատվի չի արժանացել` այսօ՛ր լինելու Բարոյականության Դրոշակակիրը համայն աշխարհի։
Աստծո կամքն արտահայտող մտահղացումը (արքայության ավետարանը` աշխարհին)` «Բարի լուր»-ը, ծննդյան տոներից առաջ կնքվեց երկնային լույսով ու հաստատվեց երկնքի Աստծո կողմից` 2010 թ. նոյեմբերի 25-ին, 2011 թ. մարտի 31-ին, ապրիլի 30-ին...
«Օրենքին և վկայությանը դիմեցեք. եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն»:
Այդպիսի հրաշալի երկնային հրաշք-լույս ժամանակին ըմբոշխնել է Գրիգոր Լուսավորչի հոգին. նաև հայոց Տրդատ թագավորի հոգին, և այդ հրաշք-լույսը դարձել է լույսի մայր տաճար: Պատմությունը կրկնվում է: Աստծո կամքն է, որ այսօր ճշմարտությունը բարձրաձայնվի ու դառնա քննարկման առարկա, և ամեն գաղափար, որ կհակասի Աստծո խոսքին, կլինի հակառակորդից («հակառակորդ»-ը բառացի թարգմանվում է սատանա` մեծ պայքարի համատեքստում): Մեծ պայքար` Քրիստոսի ու սատանայի միջև, Ճշմարտության ու ստի, Կյանքի ու մահվան միջև:
Աստծո բնավորությունն արտացոլող «Բարի լուր» հոգևոր հուշահամալիրը, ճիշտ այս օրերի և ժամանակների համար, ճարտարապետության լեզվով` հայ ժողովրդի նոր խոսքն է աշխարհին` խաչի լույսի ներքո` աշխարհում առաջին քրիստոնյա պետությանն արժանավայել:
«Բարի լուր»-ը «Հավիտենական Ավետիքն» է: Նրա կենտրոնում Հիսուսն է` Աստծո Որդին, և Իր բնավորությունը, Աստծո բարոյական օրենքը, բարոյականության վեհ սկզբունքները, Աստծո հավիտենական սերը. և այդ սերը պետք է վառվի՛, հուրհրա՛ համայն հայության մայրաքաղաք Երևանի սրտում` Արդարության արեգակի հրապարակում (այժմյան Հանրապետության հրապարակ)` սրբելով, սրբացնելով Հայաստան աշխարհի սրտում մինչ օրս չսրբված չարի տարածքը` հիշեցնելով, որ ժամանակին քրիստոնեական լույսի տաճարները վեր են խոյացել հեթանոսական տաճարների հիմքերի վրա` սրբելով պղծված տարածքները...
Քրիստոսի ավետարանչական կոչի ճարտարապետական այս հոգևոր արձագանք-հուշահամալիրն իր ծավալատարածական հորինվածքով մերվելու է թամանյանական գողտրիկ ճարտարապետական համալիրի ներդաշնակությանը և, շարունակելով հայկական կամարապարի թեման, նոր շունչ ու նոր կյանք է հաղորդելու նրան: Այն աստվածաշնչյան յոթ խորհուրդների խորհրդանիշերի կուռ համադրությամբ դինամիկ կոմպոզիցիա է` 49 մ (7X7 մ) թափանցիկ, եռաշերտ ծիածանաթռիչքով (Աստծո ուխտը` մարդկության հետ) և 14 մ (2X7 մ) բարձրությամբ թափանցիկ հրավերով: Ծիածանի հովանու ներքո, հուշահամալիրի վարդագույն գրանիտով սալապատ հարթությունից քիչ ցածր, մեղքի մեջ հեծեծող երկրի կանաչ զմրուխտի միջից դեպի երկինք է բարձրանալու մարդկային հոգու շնչառությունը` փառաբանության խնկաբույր աղոթքը` մարմնացած գեղարվեստական ապակու մեջ, և ներառելու է յոթ մետր (ընդհ. h = 12 մ) բարձրությամբ երկրի ու երկնքի, լույսի ու սիրո մեջ հավերժացած մարդկության փրկությունը խորհրդանշող Քրիստոսի զարմանահրաշ խաչը:
Ողորմության ու վերածննդի, փրկության ու փրկագնման մեծ, վսեմաշուք հուշարձանը` Գողգոթայի խաչին բարձրացված Աստծո Որդին պետք է լինի ամեն զրույցի նյութը: «Արդ, ով որ Ինձ մարդկանց առաջ դավանե, Ես էլ նրան կդավանեմ Իմ Հոր առաջ, որ Երկնքում է»:
Գողգոթայի խաչը ճշմարիտ փիլիսոփայություն է, մաքուր և անարատ կրոն:
Մեր տան մեջ, հայ Ժողովրդի սրտում հավե՛րժ պիտի «Հառնի խաչը Գողգոթայի ու ճառագի Լույս ու Սեր, Ազատատենչ հոգին Հայի կոչի Երկինք` Լույսն ի վեր»:
Գողգոթայի Խաչը Աստծո Բնավորությունն է և Նրա մեջ, ինչպես հայելու մեջ, արտացոլվում է մե՛ր, մա՛րդ արարածի պատկերը: Խաչի ուղղահայաց առանցքի վրա շողշողալու են Աստծո հանդեպ ունեցած մեր չորս պարտավորությունը խորհրդանշող ադամանդաշող զանգ - լույսերը և հորիզոնական առանցքի վրա` մերձավորի հանդեպ ունեցած մեր ՎԵՑ պարտավորությունը խորհրդանշող նույնպիսի շքեղ լույսերը: ՈՒղղահայաց և հորիզոնական թևերի վրայի տասը լույս-փարոսները, որ բխում են խաչից, խորհրդանշում են Աստծո Սիրո օրենքը, և այդ օրենքը «մեծարելու և փառավորելու» համար Քրիստոսը մարդկային մարմնով աշխարհ եկավ` Աստծո փրկության հրաշք-ծրագրի առաջին փուլն իրականացնելու. Օրենք, որի հանդեպ երկնաբնակների տածած ակնածանքն ու վերջիններիս հետաքրքրությունը մարդկության ճակատագրի հանդեպ հուշահամալիրին հաղորդում են տիեզերակա՛ն հնչեղություն:
Շուրջանակի հուրհրալու են հավերժական կրակները` Սուրբ հոգու խորհրդանիշերը: Հուշահամալիր հրավիրող աստիճանները խորհրդանշելու են փրկության տանող «նեղ դռները» և փրկության անհատական բնույթը: Իսկ հուշահամալիրին հարող այգու վերահատակագծումով, ինչը թելադրվում է ազգային հոգեկերտվածքով և քաղաքաշինության աղերսն ունի, կկազմակերպվի իր բնույթով բացառիկ մի թանգարան բաց երկնքի տակ` Սուրբ գրքի գիտական հաստատումներով, քանզի ճշմարիտ գիտության հեղինակն Աստված է. «Որովհետև Տե՛րն է տալիս իմաստությունը, Նրա բերանիցն են գիտությունն ու հանճարը»:
Այդ կերպ կամբողջանա հուշահամալիրի հմայքը, և կշեշտադրվի նրա աստվածաշնչյան ծնունդը` ի նպաստ զբոսաշրջության:
Ամեն երեկո, երբ մայր է մտնելու արեգակը, ծագելու է քրիստոնեության Արեգակը: Նոր օրվա սկսվելու հետ («Եվ իրիկուն և առավոտ եղավ»), Քրիստոսի մեզ պարգևած «Հայր մեր»-ի (Ավետիք Իսահակյանի խոսքերով` «աշխարհի ամենագեղեցիկ բանաստեղծության») հոգեպարար հնչյունների ներքո, եկեղեցու զանգերի քաղցրալուր տասը ղողանջների, կրակների ու Արդարության Արեգակի հրապարակի երգող շատրվանների հեքիաթային գունագեղ հրավառության «ուղեկցությամբ», լուսաճառագ Խաչի վրա (երկնքի ֆոնի վրա) հերթականորեն բռնկվելու են կրակով վառվող լույս-փարոսները` Աստծո խորհրդանշական տասը պատվիրանը, Աստծո սիրո օրենքը, բարոյականության վեհ սկզբունքները, և ավետելու են Բարի լուրն աշխարհին
Եվ որքա՜ն հրաշալի է կանխաճաշակել հայոց վերածնված հինավուրց մայրաքաղաքի սրտում Աստծո ամեն նոր օրն ավետող եկեղեցական զանգերի քաղցրահնչյուն ղողանջներն ու աստվածային «Հայր մերը»։
Սա՛ է հոգևոր վերածնունդը, կյանքի դիրքորոշման վերանայումն ու վերադարձը դեպի Կենդանի Աստված ու Կյանքի Աղբյուր:
Թող հնչե՛ն զանգերն ի լուր, թող հնչե՛ն զանգերն ի լուր…
Ահա թե ինչպե՛ս պետք է բաբախի Մայր Հայաստանի, Քրիստոնյա՛ Հայաստանի սիրտը: Էլ որտե՞ղ, եթե ոչ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի հենց սրտո՛ւմ (և ամե՛ն հայի սրտում) պետք է արձագանք գտնի Աստծո սերը:
Մարդկությանը պարգևած Աստծո բարոյական օրենքը հասարակությունն ինքնակործանումից պահպանելու գրավական է:
Այն ազատության կատարյալ օրենք է համարում Հակոբոս առաքյալը:
Ահա՛ թե ինչպես է հնչում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քնարը.
...Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի.
Եվ այդ սիրտը քեզ չի տրված,
Որ դու մաշես ամեն օր.
Այնտեղ պիտի ապրի Աստվա՛ծ,
Ո՛չ թե` ցավեր նորանոր:
«Աստծո Սիրո օրենքը պատնեշ է անիրավության ու անարխիայի դեմ` որպես միջոց կարգ ու կանոնի ու ազատության»: «Սրա համար սիրում եմ Քո պատվիրանները ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի. նրանք մեղրից անուշ են և խորսխից կաթած մեղրից»:
«Երանելի՜ են Նրա պատվիրանները պահողները», երկնային մե՛ծ Ճարտարապետի Կամքը կատարողները :
«Երանի՜ այն ազգին, որ նրա Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որ Նա Իր համար ժառանգություն ընտրեց նրան»։
Թող հնչե՛ն զանգերն ի լուր, թող հնչե՛ն զանգերն ի լուր…
Մենք պիտի կառուցե՛նք բարոյական Հայաստան:
Եվ Իր Սիրո օրենքն Աստված գրելու է մեր սրտերի վրա:
Հավատում ենք հայ ժողովրդի իմաստնությանը, այսօրյա Ավարայրի ճակատամարտի հաղթությանն ու «Բարի լուր»-ի կայացմանը։
Մենք պիտի լինե՛նք Աստծո անձնազոհ Սիրո ջահակիրը ողջ աշխարհի և արժանապատվորեն այդ Սերը պարզենք աշխարհին: Այդ Սերը ճառագեց Գողգոթայում` խաչի վրա ու զարմացրեց աշխարհին ու հիացրեց երկինքներին... Այդ զարմանահրաշ Սիրո մասին Տիեզերքի բոլոր աշխարհներին հավիտյան հիշեցնելու են մեր Փրկչի մարմնի վրա հավերժ դաջված խաչելության հետքերը` այլևս բացառելով ապստամբության նոր բռնկում Աստծո Սիրո կառավարման դեմ:
Մենք ի վիճակի չենք ըմբռնելու Աստվածային անսահման ու մեծ Սիրո խորությունն ու գեղեցկությունը. այն մարդկային պատկերացումից վեր է ու հրաշալի։ Սակայն, երբ դառնում ենք դեպի Արդարության Արեգակը, երբ շփման մեջ ենք մտնում Քրիստոսի հետ, մեր հոգին ամբողջապես բոցավառվում է Աստծո ներկայության պայծառությունից: «Մե՛ծ է Աստվածապաշտության խորհուրդը»։
Հայ ժողովրդի բարոյական ընտրության հաղթանակը թող ցնցի՛ ողջ աշխարհը` ի փա՛ռս Աստծո, ի նպաստ հայ ժողովրդի հոգևո՛ր զարթոնքի, ի տես համայն հողագնդի՛ ու ողջ Տիեզերքի։
«Եվ աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծո Կամքն անողը մնում է հավիտյան»: Աստված Սեր է: Ամեն Աստծո օր մեր հայացքն ուղղենք Գողգոթայի խաչի՛ն ու խորհե՛նք խաչի մասին։
«Որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ` փրկվածներիս համար Աստծո զորություն է»:
Եվ, քանի որ աղոթքը հոգու շնչառությունն է, մտերմիկ զրույց Աստծո հետ, ինչպես բարեկամի, բանալի է հավատքի ձեռքում և կրոնի հոգին է, ուստի ազգովի՛ն ապրենք այդ երանավետ երջանկության պահերը, ժամանակից դեպի հավերժություն ընթացող մեր ճանապարհին` ի խորոց սրտի շշնջալով Մարգարեի խոսքերը.
-Տե՛ր, նախքան ՔՈ ՏՈՒՆԸ մե՛րը կդառնա, մե՛ր տունը ՔՈ՛ ՆԸ դարձրու:
ԱՄԵ՛ Ն:
Սուրբ գրքի Լույսի ներքո`
Լաերտ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ճարտարապետ
Էդգար ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
Երգահան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՅՑԵՔԱՐՏԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐՆ ԵՆ
Աշխարհում առաջինը Քրիստոսին զինվորագրված ժողովրդի պետական խորհրդանիշերը, մեղմ ասած, ո՛չ քրիստոնեական են:
Մենք պե՛տք է դառնանք քրիստոնյա Հայաստան և երկրպագենք ու փառաբանենք Ստեղծողին և ո՛չ թե ստեղծվածներին (արծիվ, առյուծ...):
«Մինչև ե՞րբ պիտի կաղանք երկու կողմի վրա»: «Աստվածաշունչն» ասում է. «Սիրի՛ր Քո Տեր Աստծուն քո բոլո՛ր սրտով, քո բոլո՛ր անձով և քո բոլո՛ր մտքով», քանզի Աստված կյանքի, լույսի ու սիրո աղբյուրն է. Նա հավերժ արժանի է Երկրպագության ու Փառաբանության` մեզ արարելու, Իր Սուրբ Արյունով փրկագնելու, և հավիտենական կյանք պարգևելու համար։ Նվիրումն Աստծուն չի՛ կարող չլինել անմնացորդ: Մենք կա՛մ Աստծունն ենք, կա՛մ` ոչ: Երրորդ տարբերակ չկա:
Ժամանակից դեպի հավերժություն ընթացող մեր ճանապարհին մենք պետք է ապրենք ըստ մեզ բացված լույսի` կատարելով Աստծո կամքը: Աստծո Կամքը Երկնքից տրված Լույսն է: Այն առատապես հորդում է Սուրբ գրքի էջերից։
Այդ լուսավոր էջերից մեր սրտին ու բանականությանն է դիմում Երեմիա մարգարեն.
«Իմաստունն իր իմաստությունով չպարծենա, և զորավորն իր զորությունով չպարծենա, հարուստն իր հարստությունով չպարծենա. այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ե՛ս եմ տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում»: ՈՒստի այսօր չպե՛տք է հապաղենք` ունենալու մեզ արժանի քրիստոնեական խորհրդանիշեր` գործերով հավաստելով հավատն առ Աստված:
Այսօ՛ր է վճռվում մեր ապագա ճակատագիրը: Հազարամյակներ առաջ Երկնային Սրբարանի կրկնօրինակով կառուցված երկրային Սրբարանի զոհաբերությունների համակարգը խորհրդանշում էր փրկության ծրագիրը` Իսրայելի ժողովրդին նախապատրաստելով Հիսուս Քրիստոսի առաջին գալուստին:
Աստծո ֆիզիկապես ընտրյալ ազգը չարդարացրեց իր մարգարեական նախասահմանվածությունը` ազգերի համար լինելու Լույս, և Աստված կարդաց դատավճիռը. «Եվ դու զարմանքի և առակի և կատակի ենթակա կլինես ազգերի մեջ»: Աստծո հրաշք-ծրագրի համաձայն Փրկիչը եկավ, «Երբ ժամանակն իր լրումին էր հասել»` 2011 տարի առաջ և հաղթեց մահին ու մեղքին` իրավաբանորեն (դեյուրե):
Այսօր Աստծո զարմանահրաշ շնորհը աշխարհում առաջինը Քրիստոսին զինվորագրված հայ ժողովրդի՛ն է վերապահել պետականորեն հռչակելու և ունենալու խորհրդանիշ-փարոսներ` ՀՀ պետական դրոշ, զինանշան եվ օրհներգ, որոնք մեր սիրտն ու միտքը կուղղեն Քրիստոսին` Հայ ժողովրդին նախապատրաստելով Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
Մարդկության պատմության լուսաշող էջը բացելու է հա՛յ ժողովուրդը։
Մե՛նք ենք ազգերի համար լո՛ւյս լինելու։ Նորից` բացառիկ ու նորից` հրաշալի։
Շուտով Աստծո Որդին մեր երկիր կգա արդեն որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր և կհաստատի Իր հավիտենական թագավորությունը` արդեն փաստացի (դեֆակտո)։ Աստված Հոգի է պետք է պատրաստվե՛նք դիմավորելու Նրան հոգո՛վ ու ճշմարտությա՛մբ:
Երկնային այդ Լույսն է շնչել մեր Մեծ քնարերգու Վահան Տերյանի հոգին`
Նա գալիս է հրեղե՜ն,
Նա գալիս է լուսավա՜ռ
Դեպի երկի՛րն իմ խավար.
Մե՛ծ է խորհուրդն ու վսեմ...
Հիսուս Քրիստոսի հրավառ Երկրորդ գալուստով Աստծո ողջ Տիեզերքը կմաքրվի մեղքի իշխանությունից և Մեծ պայքարն ընդմի՛շտ կավարտվի։ Մարդը կվերաարարվի իր սկզբնական կատարելության մեջ։ Քանզի Կյանքի աղբյուրից միա՛յն Կյանք է բխում: «Եվ մահն այլևս չի՛ լինի. ո՛չ սուգ, և ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չե՛ն լինի»: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց. որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»:
«Որովհետև մեծ գնով գնվեցիք. ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են»: Կիսաճշմարտությունից ավելի ահավոր բան չի՛ կարող լինել:
Հիսո՛ւսն է մեր երկրպագության կենտրոնը: Ինչ էլ մենք անենք, մեր մտորումները պետք է ուղղենք Քրիստոսին: Մարդկությունն ինքնին իր մեջ լույս չունի. «Ե՛ս եմ աշխարհի Լույսը»։
Առանց Քրիստոսի մենք նման ենք չվառված մոմի, արևից երեսը դարձրած լուսնի. «Հիսուսի գրավչության, բարության, ողորմության և սիրո մասին խոհերը զորացնում են մտավոր և բարոյական ուժերը»։
Սիրով ներկայացնում եմ Երկնքի Աստծո օրհնությունը ստացած մեր խորհրդանիշերը, որոնց նախատիպերը Երկնքի կնիքն են կրում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԵՐ ԼՈՒՍԱՎԱՌ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Քրիստոսին աշխարհին ներկայացնում է (նախատիպը` Հ. Կոջոյան, Մ. Սարյան, 1921 թ.) որպես աշխարհի Լույսի` կոչելով մեզ լինելու Լույսի Որդիներ։
Մեծ ու Փոքր Արարատները խորհրդանշում են Հայաստան Աշխարհը: Արդարության արեգակը (կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը) մեզ լուսավորեց 301-ին` «Խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց», և խորհրդանշում է Քրիստոսին, Ով աշխարհի Լույսն է. ցորենի հասկերն ու խաղողի ողկույզը (հացն ու գինին) խորհրդանշում են Հիսուսի Մարմինն ու Արյունը. զինանշանի շրջագծի վերին մասում երբեմնի սոցիալիստական անհեթեթ կոչին, որը, ի դեպ, «սիրով» ընդունել էինք` «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք»-ին հակընդդեմ, աշխարհին պարզելու ենք («Սերի մեջ վախ չկա») Ավետարանի հզոր հռչակումը` Տեր Աստված սեր է:
Շրջագծի ներքևի մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-ն է` Հայկական Գողգոթան խորհրդանշող կարմիր ֆոնի վրա։
ՀՀ պետական քրիստոնեական մեր բիբլիական դրոշը Քրիստոսին աշխարհին ներկայացնում է որպես Երկնային Սրբարանի Դուռ («Ե՛ս եմ Դուռը»)` մեզ սիրով հրավիրելով մտնել Երկնային Սրբարան:
Հինկտակարանյան Սրբարանի վառվռուն մուտքով (կրկնակի կարմիրից, կապուտակից, ծիրանագույնից և նրբահյուս բեհեզից` նկարագործ) մեղավոր մարդը մտնում էր երկրային Սրբարան, որի գույներն ընտրել էր Ինքը` Աստված։
Ահա՛ թե որտեղից է ծնունդ առնում մեր Եռագույնը։
Այսօր մեր Երկնային կնիքը կրող ԴՐՈՇԻ երկնագույն ֆոնի վրա իրեն վերապահված տեղն է գրավելու աշխարհաջինջ ջրհեղեղի ալիքներում ալեկոծվող բիբլիական Արարատը` նկարազարդ` շեշտելով դրոշի հայկական (ո՛չ թե հասարակ) պատկանելությունը:
Մեր եռագույնը մեզ հիշեցնելու է նաև 4355 տարի առաջ բարոյապես իրեն սպառած աշխարհին հասած տխուր վախճանի մասին` աշխարհին ուղղված արթնությա՛ն ու սթափությա՛ն կոչով:
ՀՀ պետական քրիստոնեական մեր երկնային օրհներգը աշխարհին ներկայացնում է Քրիստոսի Ավետարանը` բարի լուրը:
Մեր Օրհներգն աշխարհին ներկայանում է ցնծության և ուրախության ձայներով և հռչակում է այն Մեծ հրաշք - ծրագրի մասին, որ մարդկության փրկության օրհներգն Աստված գրել է իր սուրբ արյունով։ Եվ այսօր, ապրելով Աստվածաշնչյան Լույսի մեջ, մենք հավատում ու սպասում ենք Հիսուս Քրիստոսի աշխարհացունց ու փառահեղ երկրորդ գալուստին, երբ «Հայոց լեռները կցնծան, և Աստծո հաղթանակած Սերը հավերժ կկապի փառքի Ծիածան»։
Աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի մեղեդային, երկնային հոգևոր երաժշտությունը (Խորհրդային Հայաստանի օրհներգի համար գրված) մեր հոգիները երկինք է բարձրացնելու և ներդաշնակորեն միահյուսվելու է քրիստոնեական մեր Օրհներգի տառին ու ոգուն:
Ահա՛ թե ինչպես պետք է բաբախի քրիստոնյա Հայաստանի սիրտը ժամանակից դեպի հավերժություն ընթացող մեր ճանապարհին` քրիստոնեական մեր փառահեղ զինանշանով, դրոշով ու օրհներգով։
Մարդկության պատմության լուսավառ էջն է բացում հայոց հոգին։
Այսօր Աստված մեզ կոչում է լինելու Իր երկնային դեսպանն այս մոլորակում և մեր պետական հրաշք-խորհրդանիշերով «քարոզե՛լ Հիսուս Քրիստոսին»։
Առանց Աստծո մենք ոչի՛նչ չենք կարող անել (Հովհաննես 15.5):
«Միայն Քրիստոսի ներկայությունը կարող է երջանիկ դարձնել մարդկային կյանքը։
Միայն Քրիստո՛սը կարող է կյանքի ջուրը վերածել Երկնային գինու»:
Միայն ա՛յս լույսի ներքո պետք է հռչակել Սուրբ գրքից բխող մեր կարգախոսը.
-ԻՄ ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ, քո միա՛կ փրկությունը քո միասնության մեջ է` ՔՐԻՍՏՈՍՈ՛Վ:
Մենք մեկ ենք Քրիստոսի հետ, մեր կյանքը ծածկված է Քրիստոսով` Աստծո մեջ:
Թող հնչե՛ ն զանգերն ի լուր, թող հնչե՛ ն զանգերն ի լուր…
Մենք պիտի՛ կառուցենք բարոյական Հայաստան:
Մեր արշալույսը բացվելու է Քրիստոսով: Մնալով Քրիստոսում` մենք կունենանք Նրա քաղցրությունը, Նրա բուրմունքը, Նրա Լույսը: Նա կշողա մեր սրտերում: «Եթե Տերը չշինե տունը` զո՛ւր են աշխատում նրա շինողները, Եթե Տերը չպահպանե քաղաքը` զո՛ւր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127.1):
Շուտով «Քրիստոսը ցույց կտա, թե Ով է Ինքը մեզ համար, և մենք` Իր համար: Այն ճշմարտությունները, որոնք մենք այժմ չե՛նք կարող հասկանալ մեր սահմանափակության պատճառով (սահմանափակ միտքն անկարող է ըմբռնել դրախտի փառքը), կիմանանք ապագայում։ Երկինքը դպրոց է, նրա հետազոտման դաշտը` Տիեզերքը, նրա ՈՒսուցիչը` Անսահման Աստվածը: Փրկվածների առջև ուսումնասիրության համար կբացվեն Տիեզերքի բոլոր գանձերը: Մահվան կապանքներից ազատվածներն անխոնջ թռիչքով կուղևորվեն դեպի հեռավոր աշխարհներ։ Կհետևեն արարչության Փառքին` արևներին, համաստեղություններին, երկնային համակարգերին, որ իրենց ուղեծրերով պտտվում են Աստծո Գահի շուրջը»։
-Տե՛ր, Դու, որ մեզ տվել ես անսահման բարիքներ ու նաև` Քո Թանկագին Որդուն, տո՛ւր մի բան ևս` երախտապարտ սի՛րտ:
-Տե՛ ր, նախքան ՔՈ ՏՈՒՆԸ մե՛րը կդառնա, մե՛ր տունը ՔՈ՛ ՆԸ դարձրու:
ԱՄԵ՛ Ն:
Սուրբ Գրքի Լույսի ներքո`
Լաերտ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ճարտարապետ
Ահա՛ մեր Երկնային Օրհներգը.
Մինչ աշխարհը խարխափում էր մեղքի մեջ,
Արարիչը մեզ պարգևեց Հուրն անշեջ.
Գողգոթայի Խաչից հորդեց Լույս ու Սեր,
Հոգին Հայի կոչեց Երկինք` Լույսն ի վեր:
Փա՛ռք Քեզ, Հիսո՛ւս,
Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք Քեզ, մեր Աստվա՛ծ,
Քեզանո՛վ են երկինք, երկիր հաստատված
Դու աղբյո՛ւրն ես հավերժական մեր կյանքի,
Արժանի՛ ես հավերժ փառքին երկնքի:
Քո հայտնությամբ մեզ բարի լուր բերեցիր,
Հիմնը սիրո Քո սուրբ արյամբ գրեցիր
Զինվորները դարձանք Քո Լույս հավատքի,
Քեզ հետ անցանք փորձությունները մեղքի:
Փա՛ռք Քեզ, Հիսո՛ւս...
Հավատու՛մ ենք Քո գալուստին` հրաշքով,
Աշխարհացո՛ւնց, Աստվածայի՛ն`
Հոր փառքով
Որ փառքիդ մեջ Հայոց լեռները ցնծա՛ն,
Սերդ հավերժ կապի փառքի ծիածա՛ն
Փա՛ռք Քեզ, Հիսո՛ւս...