Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) ավարտվել են նաև 2012 թ. պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցների տպագրման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, առարկայական ուղեցույցների մի մասն արդեն պատրաստ էր երկու շաբաթ առաջ։ Շուտով կտպագրվեն «Օտար լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուղեցույցները։ Այդ ուղեցույցները, որոնք արդեն մի քանի օրից անվճար կբաժանվեն ավարտական դասարանների աշակերտներին, նրանց և ուսուցիչներին կհուշեն, թե ինչ դասագրքերով պետք է կրկնել անցած նյութն ու պատրաստվել գալիք քննություններին։ ՈՒղեցույցները տպագրվել են ԳԹԿ-ի տպարանում։ ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարվա ուղեցույցներն առանձնակի փոփոխություն չեն կրել. «Թերևս, ամենաշատ փոփոխությունների ենթարկվել են «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուղեցույցները։ Դրանց նախնական տեսքն ունենալու համար հրավիրել էինք մասնագետների խորհրդակցություն։ Հայոց լեզվի մասնագետների բավականին ներկայացուցչական կազմ էր հավաքվել։ «Հայոց պատմություն» առարկայի ուղեցույցը մշակելու համար հրավիրել ենք մասնագետների՝ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, ԵՊՀ-ի դասախոսների, կրթության ազգային ինստիտուտի, ԳԹԿ-ի ներկայացուցիչների։ Մասնագետները վերամշակել են ուղեցույցը, և ապագա դիմորդի, շրջանավարտի համար փորձել ենք ստեղծել ընդունելի պայմաններ»։
ՈՒղեցույցները հասցեագրված են ավարտական դասարանի յուրաքանչյուր աշակերտի։ «Այժմ մարզպետարանների կրթության վարչությունները ներկայացնում են նախնական հայտերը, թե աշակերտներն ինչ քննական առարկաներ են ընտրել։ Ըստ այդ հայտերի էլ կբաժանվեն ուղեցույցները։ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու, հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ուղեցույցները տրվում են բոլոր շրջանավարտներին, իսկ մյուս առարկաների ուղեցույցները՝ այն շրջանավարտներին, ովքեր քննություն են հանձնելու տվյալ առարկայից»,- ասաց Գուրգեն Խաչատրյանը։
ԳԹԿ-ն արդեն տպագրել է նաև «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանների առաջին մասերը։ Դրանց տպագրումը նույնպես իրականացվել է ԳԹԿ տպարանում։ Դեկտեմբերին կտպագրվեն նաև շտեմարանների երկրորդ մասերը։ Նշենք, որ միասնական քննությունների թեստերի 80 առաջադրանքներն ընտրվելու են բացառապես շտեմարաններում ընդգրկված 5 հազար առաջադրանքներից։ ԳԹԿ-ում մեզ զգուշացրին, որ նախաքննական շրջանում բազմատեսակ շտեմարաններ կարող են հայտնվել շուկայում, բայց քննական թեստերի առաջադրանքներն ընտրվելու են միայն ԳԹԿ-ի հրատարակած ժողովածուներից։ Նկատենք, որ ոլորտի պատասխանատուները հաճախ են հայտարարում, որ թեստերը չպետք է շեղվեն դասագրքից։ Բայց հայտնի է, որ ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հոսքային դասարաններում։ Այսինքն՝ առկա են տարբեր դասագրքեր՝ տարբեր բարդության աստիճանով։ Մինչդեռ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ընդունելության քննություն են հանձնելու բոլոր դիմորդները՝ անկախ մասնագիտությունից։ Անդրադառնալով այս հարցին՝ Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ այդ առարկայի քննական առաջադրանքների նյութն ընտրվել է ավագ դպրոցի տարբեր հոսքերի դասագրքերի համադրման արդյունքում։ ԳԹԿ տնօրենը նշեց նաև, որ յուրաքանչյուր տարի մոտ 10 տոկոսով կավելացվի շտեմարանների առաջադրանքների թիվը։
Շտեմարանները շուտով կհանվեն վաճառքի, և ինչպես հավաստիացնում են ԳԹԿ-ում՝ մատչելի գներով։ Որպես կանոն, հատկապես քննություններին առնչվող նյութերի տպագրվելուց անմիջապես հետո շուկայում հայտնվում են դրանց պատճենահանված տարբերակները։ ԳԹԿ-ն հեղինակային իրավունքը պաշտպանելու համար շտեմարանների վրա կդնի իր կնիքը. այդպիսով գնորդը հեշտությամբ կտարբերակի՝ տվյալ շտեմարանը ԳԹԿ-ի տպագրա՞ծն է, թե՞ ծովահենային տարբերակը։ Բացի այդ, գնահատման և թեստավորման կենտրոնը համագործակցելու է կազմակերպության հետ, որը կփորձի առավել արագ կատարել շտեմարանների իրացումը, որպեսզի սպառողը կարողանա ձեռք բերել ԳԹԿ արտադրանքը։
Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ նոյեմբերի 18-ին Երևանում ավարտվել են ԳԹԿ-ի կողմից ավագ դպրոցների 11-րդ դասարաններում իրականացվող արտաքին գնահատումները, մարզերում այդ աշխատանքներն ավարտվել են ավելի վաղ։ Վերջնական արդյունքը պարզ կլինի որոշ ժամանակ անց՝ թեստերի ամբողջական վերլուծությունից հետո։
Նոյեմբերի 22-ին հանրապետությունում մեկնարկել է նաև ազգային ստուգատեսը։ Նշենք, որ նախորդ տարի ազգային ստուգատես անցկացվել է հայագիտական առարկաներից, այս ԳԹԿ աշխատանքային ծրագրում ազգային ստուգատես է նախատեսված բնագիտական առարկաներից։ Թեստեր են կազմվել ֆիզիկայից և քիմիայից։ Միաժամանակ ԳԹԿ աշխատակիցներն արտաքին գնահատումներ կանցկացնեն 10-րդ դասարաններում «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկաներից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ