Դեղերի շուկայում այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնք բնակչության համար խիստ արդիական են և շուտափույթ լուծման կարիք ունեն, քանի որ անմիջապես առնչվում են մարդու առողջությանը։ Փորձենք առանձնացնել դեղերի շուկայում առկա որոշ խնդրահարույց հարցեր։
Գաղտնիք չէ, որ շատ դեղատներում հաճախ վաճառվում են ժամկետանց դեղեր։ Ընդ որում, տարբեր դեղատներում կարողանում են տարբեր ճանապարհներով ժամկետի խնդիրը լուծել՝ հաճախ դեղի ժամկետը մկրատով հեռացնելով ու վաճառելով։ Հայտնի փաստ է, որ դեղերի գովազդը կանոնակարգվում է որոշակի օրենքներով, սակայն դեղատներում կարելի է հանդիպել պաստառների կամ տեղեկատվական թերթիկների, որոնք չեն ենթարկվում օրենքի պահանջներին։ Բացի այդ, տարբեր ֆիրմաների ներկայացուցիչներ հանդիպումների ընթացքում գովազդում են զանազան դեղեր։ Այս ոչ պաշտոնական գովազդը ոչ մի կերպ չի կանոնակարգվում և մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ նման գովազդերը հնարավոր է պարունակեն ոչ ճիշտ տեղեկություններ։ Այսօր խնդիր է նաև շուկայում հանդիպող դեղերի ներդիր-թերթիկներում հայերեն գրությունների բացակայությունը։
Ինչ վերաբերում է դեղերի գներին, ապա դրանք ուղղակի անվերահսկելի են։ Մեծածախից մանրածախ շղթայում որոշ դեղատեսակների գներ աճում են մինչև 200 տոկոս։ Փորձագետները նշում են, որ պետք է առանձնացվի հիմնական դեղերի ցանկ, սահմանվեն հստակ գներ, որոնք կկանոնակարգվեն, և չի թույլատրվի դրանց կամայական գնաճը։ Ընդ որում, նման փորձ տարբեր երկրներում արդեն գոյություն ունի։ Ինչպես հայտնի է, բրենդային դեղերը շուկայում բավականին թանկ արժեն, սակայն կան ջեներիկ դեղեր, որոնք իրենց որակով և ազդեցությամբ չեն զիջում բրենդային արտադրանքին։ Դրանք գնային առումով էապես մատչելի են։ Փորձը ցույց է տալիս, որ առողջապահության համակարգում բժիշկները հիմնականում կիրառում են բրենդային դեղեր, այն դեպքում, երբ կարելի է օգտագործել ջեներիկ դեղեր, ունենալ բուժման լավ արդյունք՝ միաժամանակ լուծելով սոցիալական մեծ խնդիր։
Այսօր մեծ պրոբլեմ է նաև դեղատներում ոչ մասնագետի աշխատելու փաստը։ Հայաստանում մարդիկ սիրում են ինքնաբուժմամբ զբաղվել, շատ հաճախ նրանք ոչ թե բժշկի են դիմում, այլ դեղ գնելիս խորհրդակցում են դեղատան վաճառողի հետ։ Իսկ ոչ մասնագետ աշխատակցի խորհուրդները մեծ ռիսկեր են պարունակում։
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը սահմանել է դեղերի արտադրության պատշաճ պայմանները, և այն ընկերությունները, որոնք չեն պահպանի սահմանված նորմերը, 2013 թ. հունվարի 1-ից կդադարեն աշխատելուց։ Նրա խոսքով, արդեն աշխատանքներ են իրականացվում դեղատներում հայերեն ներդիրների և հատուկ ջերմային ռեժիմ պահանջող դեղերի վրա ջերմային պիտակներ փակցնելու ուղղությամբ: Սուրեն Քրմոյանը նաև նշեց, որ առողջապահության նախարարությունը դեղագործական ոլորտում հայտնաբերված խախտումներին խիստ է վերաբերվում, ինչի վկայությունն են մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Շուրջ 1,5 տարում նախարարությունը 34 հայցադիմում է ներկայացրել դատարան՝ դեղատնային գործունեությունը դադարեցնելու հայցով։ 2011 թ. ընթացքում 17 սուբյեկտ տուգանվել է դեղատնային գործունեության կանոնները խախտելու համար, 11 սուբյեկտ տուգանվել է չգրանցված դեղերի շրջանառության համար, 2 սուբյեկտ՝ ժամկետանց դեղեր պահպանելու համար։
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի տեղեկացմամբ` վերջին երեք տարիներին Հայաստանի դեղորայքային շուկայում կեղծումներ գրեթե չեն եղել։ Վերջին տասը տարվա վիճակագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է դեղերի և սննդային հավելումների 43 կեղծում։
Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 14 դեղարտադրող, նրանցից 4-5-ը հիմնականում ապահովում են դեղերի մեծ ցանկ՝ 500 անուն դեղ։ Հայաստանում գրանցված է 4500 դեղ, որոնցից 500-ը հայրենական արտադրության են։ Հայաստանում օրիգինալ դեղ միայն «Արմենիկումն» է։ Մենք չենք արտադրում օրիգինալ դեղեր, դրանք ջեներիկ են, այսինքն՝ մայր, օրիգինալ դեղերի կրկնօրինակները։ Մասնագետները վստահեցնում են, որ մեր դեղերը որակով չեն զիջում արտասահմանյանին։ Ըստ Հակոբ Թոփչյանի՝ Հայաստան մտնող բոլոր հումքերը վերահսկվում են։ Վերահսկվում է նաև վերջնական արտադրանքը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ