ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՉԹՈՒՆԱՎՈՐԵ՛ՆՔ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈԳԻՆԵՐԸ

ՉԹՈՒՆԱՎՈՐԵ՛ՆՔ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈԳԻՆԵՐԸ
29.11.2011 | 00:00

«Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը. ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ»:
Գ. ՆԺԴԵՀ

Ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները, անհատի ազատության ձգտումը բացարձակ բնական երևույթներ են։ Դրանք պարզապես պոռթկում են` ազգային ու մարդկային արժանապատվությունը պաշտպանելու ազնվագույն մղումով։
«Կռիվ կա` իր ժամանակն ունի, ժամանակ կա` իր կռիվն ունի»։ Սա Մամիկոն Ասատրյանի և ոմանց սկզբունքն է, որը, թերևս, կիրառելի կլիներ քաղաքակիրթ ժողովուրդների շրջապատում, բայց ոչ թուրքական դժոխքում:
Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը գիտեին, որ շատ դժվար կլինի թուրքական վիթխարի բանակներին դիմագրավելը, բայց ապստամբության դրոշ բարձրացրին, որովհետև ժողովուրդն այլևս չէր կարող հանդուրժել աներևակայելի հարստահարումը, ամենօրյա բռնություններն ու ֆիզիկական գոյության սպառնալիքները: ՈՒրեմն այդ շարժումը ազգային, մարդկային բնական պահանջ էր, և որևէ իրատես, դիվանագետ անձ ի վիճակի չէր այն կանխելու:
Ազատատենչ, հայրենասեր, զարմանալի խիզախ շինականներ Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Սեբաստացի Մուրադին, Գևորգ Չավուշին ինչպե՞ս կարելի էր համոզել, թե` համբերեք, սպասեք լավ ժամանակների, երբ երկրով մեկ ծավալվում էին ազգային ու մարդկային արժանապատվության ոտնահարումները: Ազնիվ Նեյմանի, Մաղաքիա Օրմանյանի և զանազան խմբագիրների ու պատրիարքների համար դյուրին էր հեռվից հեռու խորհուրդներ տալը, քարոզներ կարդալը: Ի դեպ, Օրմանյանը, եթե այդքան մտահոգ էր իր հոտի, ժողովրդի համար, թող բարի լիներ, ինչպես Լոռիս Մելիքովն էր հեռատեսորեն առաջարկել, աթոռանիստը փոխադրել Արևմտյան Հայաստանի կենտրոն` Էրզրում, և մոտիկից իրազեկ դառնալ ժողովրդի թշվառ կյանքին:
Իսկ ահա պայծառ մտքի տեր, առասպելական հերոս Գևորգ Չավուշը, ի տարբերություն շատերի (նաև մեր ժամանակակիցների) պարտվողական մտածողության, հայտարարում էր. «Եթե հայ ժողովուրդն այս երեկո որոշի մեռնել ազատության համար, ապա հաջորդ առավոտ նա արդեն ազատ կլինի»։ Ընդ որում, նա ոչ միայն այդպիսի պայծառ մտածողությամբ էր ապրում, այլև ժողովրդին համախմբելու, քրդերի, թուրքական իշխանությունների ազդեցությունից դուրս բերելու ամենահանդուգն քայլեր էր ձեռնարկում: Եվ այդ քայլերը, թերևս, շատ հայանպաստ արդյունք կունենային, եթե հերոսը դավադրաբար չսպանվեր:
Ազատատենչ հայորդիներին մեղադրանք ներկայացնելուց առաջ նախ հարկ է լրջորեն հաշվի առնել նրանց քայլերի դրդապատճառները: Արմեն Գարոյի և իր 31 խիզախ ընկերների կողմից «Օտոման» բանկի գրավումը խելահեղ հայրենասիրությունից դրդված տաքգլուխ արկածախնդրություն էր, ակամա «արջի ծառայություն» սեփական ժողովրդին, բայց ոչ ճիվաղային հանցագործություն, քանզի նրանք այդ անձնազոհ քայլին էին դիմել` ստիպելու թուրք սուլթանին իրագործել 1895-ին մայիսին խոստացված հայանպաստ ռեֆորմները: Խիզախները երևակայել անգամ չէին կարող, որ անբարո մեծ տերությունների աչքի առջև դահիճ Համիդը կհանդգներ նման ոճիր գործել: Եթե այդպես դատենք, ապա ազատագրական շարժման այլ դրվագների ևսգրեթե նման գնահատական կտրվի, ինչը լիովին անարդարացի է:
Ակնհայտ է, որ Թուրքիայի ողջ պատմությունը ժողովուրդների, հատկապես հայ ժողովրդի դեմ ուղղված դարավոր ահաբեկչության պատմություն է: Թուրք սուլթանները սերբերին, բուլղարներին, հույներին ահաբեկելու համար պարբերաբար փոքր ու մեծ ջարդեր էին կազմակերպում և մարդկային գանգերից վիթխարի բուրգեր կանգնեցնում ճանապարհներին. ահա թուրքի բուն էությունը: «Սպանի՛ր մեկին,- ասել է Լենինը,- և ահաբեկած կլինես հազար հոգու»։ «Սպանի՛ր հազարին,- բոլշևիզմի քրմից շատ առաջ ասել է թուրքը,- և ահաբեկած կլինես մի ամբողջ ժողովրդի»։
Եվ դարեր շարունակ թուրք ղեկավարների կառավարելու միակ մեթոդն ու զենքը եղել է ահաբեկումը։ «Ներսը` յուրայիններին ջեննեթյան խոստումներով, դուրսը` այլ ազգերին ահաբեկումով կառավարել, ահա՛ թուրք պետական իմաստությունը։ Պատմությունը կվկայի, որ թուրք առաջնորդությունը սպանությամբ, ավարով և ավերածությամբ է սնուցել իսլամ խուժանի մոլեռանդությունը» (Նժդեհ)։
Ի դեպ, ցեղասպանության ծրագիրը մշակվում էր դեռ 1869-1870 թթ.` Միդհաթ փաշայի կողմից, որը հայտարարում էր. «Մենք ունենք բանակ, ոստիկանություն, դատարան, իսկ հայերը… Մենք արմատախիլ, անհետ կանենք այդ տարրը»: Ի՞նչը փաշայի մեջ արթնացրեց գազանային ոգի: Իհարկե, ո՛չ հայ ազգային-ազատագրական շարժումները, Խրիմյան Հայրիկն ու ազատատենչ ֆիդայիները, մեր գրողներն ու բանաստեղծները, այլ միայն ու միայն մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի զավթողական, անհեռատես, շահամոլական, հաճախ հայատյաց քաղաքականությունն ու նենգ դիվանագիտությունը: Նախորդ հոդվածում արդեն նշել եմ, թե այդ դավադիր տերությունների ճնշմամբ (իհարկե, Թուրքիայից շահեր կորզելու համար), ինչպես էին թուրք սուլթանները իբրև թե հայանպաստ հրովարտակներ հռչակում: Եվ այստեղ շատ զարմանալի է Ձեր այն փաստարկը, թե տեսեք, Ղրիմի պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը չեզոք մնաց, և թուրք սուլթանը նրան անվանեց «իմ հավատարիմ ժողովուրդ»: Եվ մենք պետք է հավատա՞նք թուրքի այդ շողոմ, քծնալի խոսքին: Հավատա՞նք, որ ինչ-որ Լևոն Լուսինյան Լոնդոնի թերթերից մեկում կոչ ուղղեց հայ ժողովրդին (իսկ գուցե նենգ Ալբիոնի՞ դրդմամբ) չօգնել ռուս ցարին: Եվ դուք հավատո՞ւմ եք, որ հայ ժողովուրդն էլ կարդաց այդ կոչը և ի միտ առավ:
Ի միջի այլոց, Էնվերն էլ հայ զինվորների հավատարմության, քաջության և իրենց գերի ընկնելուց փրկելու համար շնորհակալագիր էր ուղարկել Պոլսի հայ պատրիարքին, և վերջինս էլ հուզվել էր բորենու քծնանքից։ Իսկ թե Էնվերն ինչ արեց 60 հազար հայ զինվորների հետ, որոնք պատրիարքի կոչով հավատարմորեն ծառայում էին օսմանյան հայրենիքին, բոլորին է հայտնի:
Դուք, թերևս, այն կարծիքին եք, որ հայ ժողովուրդը մշտապես պետք է չեզոք մնար, գլխիկոր տառապեր, արյուն ու արցունք թափեր, գուցե թե մի օր թուրքը կմարդկայնանար, կքաղաքակրթվեր... Ցավոք, Ձեզ նման մտածողներ եղել են և կան: Եվ, ի զարմանս դարերով թուրքական դժոխքում տառապած ժողովրդի, հայ գրողն էլ «Այրվող այգեստաններ»-ում կգրեր` «սևահոգի» Արամ Մանուկյանը և «օտարամուտ» ուրիշներ «երկպառակություններ սերմանելով թուրք պետականության և հայ հպատակության, հայ և թուրք ժողովուրդների ազատ, հավասար և եղբայրական ընտանիքում»` աղետ բերեցին մեր ժողովրդի գլխին:
Մշտապես ոտնահարված հայ շինականին ինչպե՞ս ասես, որ չեզոք մնա, երբ քանիցս ռուսական բանակները հասնում էին մինչև Էրզրում, և հայ մարդն ակամա մտածում էր` քրիստոնյա քեռին եկել է իրեն ազատելու դժոխքից, և միամտորեն փարվում էր ձիուն հեծած ազնիվ ռուս զինվորի ոտքերին, բոլորովին չենթադրելով, որ ցարիզմը անհեռատես, հայատյաց քաղաքական ու դիվանագիտական խաղեր է խաղում, դուրս ու ներս է անում Հայաստանով և թուրք սուլթաններին, փաշաներին, խուժանին հրահրում հայության դեմ: Եթե բարի էր ռուս ցարերի նպատակը, ապա կզինեին մեծաթիվ հայ էթնոսը «երկաթյա շերեփով», և կիրականանար Խրիմյան Հայրիկի երազանքը:
Հայությանը վերջին մահացու հարվածը հասցրեց Քեմալի արյունակից Լենինը` մեր հայրենիքը նվիրելով շրջակա քոչվոր ցեղերին:
Պարո՛ն Ասատրյան, ահա թե որտեղ է հարկավոր որոնել մեր ճակատագրի մեղավորներին, ցեղասպանության մեղավորներին. թե չէ պարզապես զավեշտ է մեղադրել մեծ հայրենասեր, ժողովրդի հայրիկի պատվին արժանացած հանդուգն հային (վկա 1903 թ. Նիկոլայ 2-րդին հղած զարմանալի համարձակ նամակը` ի պաշտպանություն հայության` հայանպաստ հետևանքներով), լուսավոր մտավորականին, որը Բեռլինում օտարներին զարմացրել էր եվրոպական փիլիսոփայության իր իմացությամբ: Իսկ Դուք նրան, սխալմամբ «անտեղյակ» և «տգետ» բառերը հոմանիշ համարելով, տգետ եք անվանում: Ի դեպ, Էդ. Աղայանի «Բացատրական բառարանում», այնուամենայնիվ, «անտեղյակ» բառի դիմաց գրված չէ «տգետ»: Վերջապես, մարդը կարող է անտեղյակ լինել նենգ դիվանագիտությունից, բժշկությունից, կենսաբանությունից... Բա այս մակարդակով կարելի՞ է բանավիճել, բա եղա՞վ:
Մաղաքիա Օրմանյանը, նշելով Խրիմյան Հայրիկի թույլ կողմերը, ընդգծում է նրա բնածին ուշիմությունը, բնատուր ճարտարությունը, գրավիչ ոճը, ազդեցիկ խոսքը, «...որով գիտեր սիրտերու վրա տիրապետել և ամենուն վրա ուներ անկեղծ և ուղիղ զգացում մը, որ ամեն թերություն կլրացներ, ավերվածը կշիներ, ծուռը կշտկեր և որևէ պակասություն կծածկեր»:
Այսօր էլ ոմանք վարկաբեկում են սուրբ նահատակներին, նաև հայ քաղաքական կուսակցություններին` ջուր լցնելով ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների ջրաղացին: Պարոն Ասատրյանի խոսքի նետն էլ է հասցեագրված նաև քաղաքական կուսակցություններին, մասնավորապես` ՀՅԴ-ին: Բայց եկեք անաչառ լինենք. այո՛, ՀՅԴ-ն ճակատագրական սխալներ է թույլ տվել` երկու անգամ առանց պայքարի հանձնել է անառիկ Կարսը, իհարկե, բոլշևիկների ազգադավ մասնակցությամբ, նաև դաշնակցական թուլամորթ, օտարների հրամանները ստրկամտորեն կատարող, թալանով զբաղվող գեներալների, զանազան զինվորական ու քաղաքական ապաշնորհ, նաև դավաճան գործիչների մեղքով: Բայց չուրանանք նաև կուսակցության վիթխարի ծառայությունները. 1905-1906 թթ. Նիկոլայ ցարի հրահրած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ դաշնակցության քաջարի զավակները` Սեբաստացի Մուրադը, Դրոն, Համազասպը, Քեռին, Սեպուհը, Նժդեհը և տասնյակ այլ հայորդիներ, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ, Անդրկովկասը փրկեցին լիակատար հայաթափությունից:
Պարոն Ասատրյանը գրում է. մինչև Բեռլինի կոնգրեսը Թուրքիան չի վարել բնաջնջման քաղաքականություն, և իբր դրա վկայությունն է 3 հազար եկեղեցիների ու 1200 կրթամշակութային հիմնարկների առկայությունը:
Նախ եկեղեցիների մասին. հարկ է արձանագրել, որ եկեղեցիների զգալի մասը կառուցվել է Հայկական լեռնաշխարհ թուրքերի մուտք գործելուց առաջ` մինչև 16-րդ դարը: Ինչ վերաբերում է թուրքական տիրապետության տարիներին կառուցված եկեղեցիներին, ապա դա բոլորովին էլ չի խոսում սուլթանների բարեհոգության մասին: Թուրք սուլթաններն ու փաշաները լավ էլ հասկանում էին, որ հայ մարդը, իր միջոցները մսխելով եկեղեցաշինության վրա, զրկվում է ինքնապաշտպանության նպատակներով ծախսեր կատարելու, զենք ձեռք բերելու հնարավորությունից: Մի հանգամանք ևս. եկեղեցիներ կառուցելով և այնտեղ կուտակելով ազգի ողջ հարստությունը` ոսկեղեն, արծաթեղեն և այլ թանկարժեք իրեր, թուրք թալանչի սուլթաններին ու փաշաներին հնարավորություն էր տրվում հեշտորեն տիրանալու այդ հարստությանը, ինչպես եղավ Մեծ եղեռնի տարիներին: Ի դեպ, դեռ 1914-ին թուրքական իշխանությունները խորամանկորեն հայ պատրիարքից պահանջեցին գույքագրել եկեղեցիների ունեցվածքը և ցանկը ներկայացնել կառավարությանը: Եվ ահա այդ ցուցակներով տասնյակ տոննաներով ոսկեղեն ու արծաթեղեն բռնագրավվեց եկեղեցիներից: Սա էլ թուրք սուլթաններին ձեր երախտագիտության գնահատականը:
Մինչև 19-րդ դարասկիզբը Արևմտյան Հայաստանում տիրում էին խավարն ու տգիտությունը: Տնտեսական, կրթամշակութային կյանքը Թուրքիայում սկսեց զարգանալ հատկապես 19-րդ դարի 2-րդ կեսին` եվրոպական քաղաքակրթության ներխուժմամբ: Բնականաբար, այդ ամենի առաջամարտիկը տաղանդավոր, գործունյա հայ մարդն էր, որին էլ թուրք վերնախավը հաջողությամբ օգտագործում էր` երկիրը խավարից հանելու, տնտեսապես զարգացնելու, պետականությունը ամրապնդելու համար:
Եվ ահա զարմանալի աշխատասեր, ձեռներեց, բանիմաց հայ մարդն իր ձեռքը վերցրեց երկրի զարգացման բոլոր ոլորտները: Թուրքը, քուրդը դա չէին անում, անում էր հայը. և պատահական չէր, որ Աբդուլ Համիդն ասում էր` «Թուրքը չի սիրում աշխատել, նա ուզում է միայն զինվոր ու պաշտոնյա լինել»:
Հայ հանճարի զանգվածային դրսևորումները կյանքի բոլոր ոլորտներում կատաղի ատելություն ու թշնամանք առաջացրին հայության հանդեպ նոր ձևավորվող թուրքական ազգայնամոլ բուրժուազիայի շրջանում: Այն լայնորեն քարոզվում էր թուրք-քրդական բոլոր խավերում` օգտագործելով մուսուլմանական մոլեռանդ անհանդուրժողականությունը, որն էլ ճարպկորեն գործի դրվեց եղեռնի տարիներին:
Պարո՛ն Ասատրյան, եթե Ձեր պարտվողական սկզբունքով առաջնորդվենք, ուրեմն հարկ չկար արցախյան սրբազան շարժումը ծավալելու։ «Տեսա՞ք, եղան Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Մարաղա, մինչև օրս շարունակվող շրջափակում` տնտեսական, ժողովրդագրական հետևանքներով», երևի խորհում եք դուք, ցավոք, նաև ուրիշները:
Սակայն 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ամենքի և ամեն ինչի հանդեպ զարմանալիորեն հավատով ու մարդկայնորեն տոգորված հայ ժողովուրդը չէր կարող անգամ երևակայել, որ անբարո, անարդար աշխարհն ընդունակ է հանդուրժելու այդպիսի գազանային ոճրագործություններ: Եվ ահա 20-րդ դարավերջին, հայ մարդը, հավատարիմ իրեն հատուկ ժողովրդասիրությանն ու մարդասիրությանը, ձեռնամուխ եղավ արցախյան սրբազան շարժմանը, չենթադրելով անգամ, որ 70-ամյա կոմունիստական անբարո համակարգը մեր կողքին է բնակեցրել մարդակերպ մի գազանամբոխի, որն այս լուսավոր դարում ընդունակ է կացինը ձեռքին զբաղվելու մարդակերությամբ, հայակերությամբ: Ի՞նչ իմանայինք, որ 1917-ի նոյեմբերի 7-ից` խորհրդային կոչված 70 տարիներին կոմունիստական վերնախավային գահավորակներին շարունակաբար բազմել են դահիճներ, կարիերիստներ, կաշառակերներ, ազգայնամոլ-մեծապետականներ:
Իսկ Արցախյան շարժման օրերին, այնուամենայնիվ հուսալով, թե այս անիրավ աշխարհում գոնե մի քիչ արդարություն, մարդկություն ու բարոյականություն կա, բարձրաձայնում էինք` «Լենի՛ն, պարտիա՛, Գորբաչո՛վ», բայց շատ շուտով հասկացանք, որ մեր ազնիվ շուրթերին ենք առել մարդատյաց դահիճների անուններ:
Պարո՛ն Ասատրյան, համաշխարհային գիշատիչների մեղքերը չբարդենք մեր ժողովրդի հայրենասեր, ազնվագույն զավակների վրա, չթունավորենք ազատատենչ հայորդիների երկնային հոգիները:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Պատմաբան

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ