Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Անհնարինի մեջ հնարավորը գտնելու և իրականացնելու տաղանդ

Անհնարինի մեջ հնարավորը գտնելու և իրականացնելու տաղանդ
18.09.2023 | 08:01

Հին Ջուղայի ժամանակների անհնարին պայմաններում մենք կարողացանք մեզ շրջապատող մղձավանջից ելք գտնել ու, հին աշխարհի բոլոր ժողովուրդների հետ լեզու գտնելով, ծավալել հաջողակ առևտրական գործունեություն Ֆիլիպիններից մինչև Ատլանտյան օվկիանոս։

Միջնադարյան խավար Արևելքում հարստություն, իշխանություն և ոգեկան ազդեցություն եռյակից պետականություն չունեցող մեր մարդկանց համար սկզբունքորեն հասանելի էր միայն հարստանալը, այն, ինչ որ իրականացրին Արաքսի ու շեկ ժայռերի արանքում մի կերպ տեղավորված Հին Ջուղայի մեր պասիոնար մարդիկ։

Պասիոնարը պասիոնար է բոլոր ոլորտներում՝ դա անհնարինի մեջ հնարավորը գտնելու և այն իրականացնելու տաղանդն է։

Այն ժամանակներում մենք մեր տարածաշրջանում հայտնի էինք որպես առաջադեմ մարդիկ և առաջադեմ ազգ, որոնք կյանքի անվերջ խեղճությունը հաղթահարեցին մտքով ու անխոնջ գործունեությամբ։

Այդ նույն ժամանակներում սեփական պետականություն չունենալը, բայց ուրիշի հզոր պետականության մեջ գործելը, մերոնց շանս տվեց, և նրանք դա օգտագործեցին փայլուն կերպով։

Շահ Աբասի կողմից քշվելով դեպի Պարսկաստանի խորքերը՝ մերոնք հիմնեցին Նոր Ջուղան և այն դարձրին համաշխարհային առևտրի կենտրոն։

Հիմա էլ մենք անհնարինության եզրին ենք և, նույնիսկ սեփական պետականությունն ունենալով, չենք կարողանում անել նույնիսկ հինջուղայեցիների արածի մի փոքր մասն անգամ։

Այն հանգամանքը, որ մերոնք աշխարհի տարբեր անկյուններում միշտ եղել են և մնում են ակտիվ գործունեություն ծավալողների շարքում, ու միաժամանակ ազատ ու անկախ Հայաստանում ամեն ինչ հետընթաց է ապրում, խոր մտահոգությունների տեղիք է տալիս։

Բոլոր կայացած երկրներում պետականության միջուկն ու առանցքը կարող ու տաղանդավոր մարդիկ են, և սա աքսիոմա է։

Մեր դեպքում կարող ու տաղանդավոր մարդկանց մեծամասնությունը լքել է երկիրը և ցրվել աշխարհով մեկ, ու դա սկսվել է անկախության հենց սկզբից։

Այս պայմաններում բնական հարց է առաջանում՝ մի՞թե այս ամենի պատճառը մեր տեսակի պետականության և կարող ու տաղանդավոր մարդկանց անհամատեղելիությունն է և, որպես հետևանք, միջակությունների հաղթարշավը մեր խեղճուկրակ երկրում։

Եթե դա այդպես է, և շատ հավանական է, որ այդպես է ու, եթե շարունակվի նույն ձևով, ապա մեր թուլանալու պրոցեսը կշարունակվի, ու մի օր էլ կպարզվի, որ երկիրը ոչ միայն կարող ու տաղանդավոր մարդկանց հետ է անհամատեղելի, այլ նաև՝ սեփական գոյության։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3286

Մեկնաբանություններ