Ասում են, «երբ երկուսը կռվում են, երրորդի գործն է աջ գնում», սակայն, երբ «երեքն» են կռվում... Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարբեր ժամանակներում տարբեր առաջարկներ, կարծիքներ, տեսակետներ են հնչել։ Սակայն վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված սկզբունքը, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար, տարբեր մտավախություններ է առաջացրել։ Արդյոք հնարավո՞ր է, որ այդ «կռվախնձորը» հարիր լինի երեք կողմերի քիմքին։ Հարց, որը կառավարության երեկվա նիստից հետո փորձեցինք ճշտել անվտանգության խորհրդի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ։
-Որպեսզի պատասխանենք հարցին` հնարավոր է դա, թե ոչ, ապա պետք է ստանանք միևնույն մեսիջն ադրբեջանական կողմից,- ասաց պարոն Գրիգորյանը։- Այսինքն, Ադրբեջանը ևս պետք է հաստատի, որ հարցի կարգավորումը պիտի ընդունելի լինի երեք կողմերի` Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Երբ սա տեղի ունենա, դրանից հետո միայն հնարավոր կլինի հետագա քայլերը քննարկել։
-Հայկական կողմի տեսլականը ինչպիսի՞ն է, ինչ-որ բան պետք է հե՞տ վերադարձվի, որն ընդունելի լինի ադրբեջանցիների կողմից։
-Որևէ բան տալու կամ չտալու մասով հարցը չի քննարկվում։ Այս պահին առաջնահերթ է, որպեսզի Ադրբեջանից ստանանք այդ կարևոր մեսիջը։ Մինչև դա չստանանք, դժվար է լինելու այլ հարցեր քննարկել, որովհետև խնդրի լուծումը ոչ թե վերջից, այլ ամենասկզբից պետք է սկսել։ Դրա համար Ադրբեջանի կողմից պետք է ստանալ նույնանման մեսիջ, ինչի մասին խոսել է ՀՀ վարչապետը։
-Այդ մոտեցումը չի՞ հանգեցնի նրան, որ խնդրի կարգավորման հարցում տեղում կդոփենք, քանի որ ադրբեջանական կողմը, իր ցնորական հռետորաբանությանը հավատարիմ, կարող է հայտարարել, թե ինչ-ինչ տարածքներ Ադրբեջանինն են, հայկական կողմն էլ ապացուցելու է պատմական ճշմարտությունը։
-Դրանք բանակցային գործընթացում քննարկվելիք թեմաներ են։
-Խնդիրը փակուղի չի՞ մտնի։
-Փակուղի չի մտնի։ Տեսեք` բազմաթիվ անգամ մտավախություններ են հնչել, որ նման սկզբունք առաջադրելով խնդիրը փակուղի կմտցվի, սակայն վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Երևանում հայտարարեց, որ հայկական կողմի վերը նշված սկզբունքի հետ դժվար է վիճել։ Սա վկայում է այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկն այդ սկզբունքին հստակ վերաբերմունք ունի։ Առաջարկվող սկզբունքը ոչ թե խնդրի կարգավորումը կմտցնի փակուղի, այլ ճիշտ հակառակը, բանակցությունները տեղում դոփելու իրավիճակից դուրս բերելու հնարավորություն կստեղծի։ Սակայն, որպեսզի առաջ գնանք, ևս մեկ անգամ կրկնեմ, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը նույն քաղաքական կամքը դրսևորի։
Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ