2019 թ. սեպտեմբերի 25-ին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հանդիսավորությամբ կայացավ «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» խորհրդի տարեկան նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների բուհերի ռեկտորներ և ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ: Ներկաներին ողջունեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհանիսյանը։
«Այս նիստը մեր ասոցիացիայի և կրթամեթոդական միավորման համար թեև հերթական է, բայց ոչ հասարակ։ Մենք այսօր մեր շփումներում ընդլայնում ենք միջազգային փորձը և դա իրականացնում ենք միանգամայն ռազմավարական ճիշտ ուղղությամբ։ Հարգելի կոլեգաներ Ձեզ հետ միասին գտնվում ենք Հայաստանի հրաշալի հողի վրա՝ բարեկամների շրջապատում։ Տարեկան այս նիստում բացի կուտակված մեզ հետաքրքրող հարցերից, կփորձենք ծանոթացնել մեկս մյուսին, թե ինչպես է կառուցված ոլորտային կրթական և գիտության համակարգերը, և ինչպես ենք տեսնում մեր մասնագիտական պատասխանատվությունը հետագայում։»,-իր ելույթում ասաց « Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» նախագահ, Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր - պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի թղթակից անդամ Անդրեյ Վոլկովը։
ԱՊՀ երկրների հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցության արդյունքում պարբերաբար կազմակերպվել է ուսանողական ամառային գիտաժողովներ, դպրոցներ, ճամբարներ, ինչը մեծապես նպաստում է ուսանողների և դասախոսների աշխարհայացքի և մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը։
«Մեր համալսարանը երկար տարիներ է մասնագիտացված է ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ կրթելու գործում, ինչպես նաև զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով։ ՇԲՄԱ-ի տարեկան նիստի անցկացումը մեր համալսարանում փաստում է մեր և այս ասոցիացիայի միջև տարիների ընդացքում ձևավորված սերտ և բարձր համագործակցության մասին։ Համոզված եմ, որ այս հերթական նիստը կտա իր դրական արդյունքները հետագա համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։»,- ողջունելով ներկաներին ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Խորհրդի տարեկան նիստում, զեկուցումներով հանդես եկան Մոսկվայի Ազգային հետազոտական շինարարական պետական համալսարանի ռեկտոր Անդրեյ Վոլկովը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ասոցիացիայի այլ անդամներ։ Զեկուցումներում ներկայացվեցին ասոցիացիայի տարեկան աշխատանքային արդյունքները, նախանշվեցին հետագա համագործակցության ուղիներն ու ծրագրերը:
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են՝ ճարտարապետաշինարարական մասնագիտական երեք կրթական աստիճաններով ռազմավարական գործընկերության մշակումն ու հաստատումը՝ Բոլոնյան կրթական համակարգի սկզբունքներին համահունչ: Այս պահին ասոցիացիային անդամակցում են ԱՊՀ 9 երկրի 22 բուհ՝ իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներով:
ՃՇՀԱՀ-ն ասոցիացիայի հիմնադրման սկզբից ակտիվ գործունեություն է ծավալել որպես ասոցիացիայի լիիրավ անդամ։ Համալսարանի այդ ժամանակաշրջանի ռեկտոր Արեստ Բեգլարյանը եղել է ասոցիացիայի փոխնախագահ: ՃՇՀԱՀ-ի գործող ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը 2014թ-ից Ասոցիացիայի վարչության անդամ է:
«Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիան» (Ассоциация строительных высших учебных заведений-АСВ) միջազգային հասարակական կազմակերպություն է, որը 1988 թվականին հիմնադրվել է Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանի հենքի վրա: Այն իր գործունեությունը ծավալել է ինժեներական-շինարարական մասնագիտություններով բուհերի պատասխանատուների մասնակցությամբ և գործում է հասարակական կամավորական միավորման հիմունքներով: 2002 թվականից ասոցիացիայի տարեկան նիստը անցկացվել է Հայաստանում:
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ