«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը

Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը
16.02.2019 | 15:38

Ֆրանսիայի խորհդարանում փետրվարի 11-ից սկսվել է կրթության մասին նոր օրինագծի քննարկումը, որ պարտադիր ուսուցում է սահմանում 3 տարեկանից:
Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն օրինագիծը համարում է «վստահության նոր դպրոց»: Բայց կրթության ընդհանուր մակարդակը բարձրացնելու և սոցիալական արդարության գաղափարը առաջմղելու կոչված օրինագիծը հարուցում է ուսուցիչների ու արհմիությունների հարցերը: Կրթական բարենորոգման գլխավոր կետը դարձել է պարտադիր նախադպրոցական կրթությունը` սկսած 3 տարեկանից: Պարտադիր կրթությունը 6-ի փոխարեն 3 տարեկանում սկսելու մասին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 2018-ի մարտի 27-ին: Իշխանությունները հույս ունեն ամրապնդել դպրոցի դաստիարակչական դերը, հատկապես խնդրահարույց շրջաններում: AFP-ը հաղորդում է, որ հաջորդ ուսումնական տարվանից բարեփոխումը կվերաբերի 26000 երեխաների, որ հիմա մանկապարտեզ չեն գնում: Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալներով` 3-5 տարեկան երեխաների 98,9% առանց այդ էլ մանկապարտեզ է գնում: Le Monde-ը դա համարում է բացառապես սիմվոլիկ քայլ: Նոր օրենքը թույլ է տալիս ծնողներին, որ չեն ցանկանում իրենց երեխաներին դպրոց ուղարկել, չանել դա, բայց իշխանությունները խոստանում են ուժեղացնել վերահսկողությունն այդ ընտանիքների նկատմամբ: Մինչև այսօր դպրոցական ուսուցումը Ֆրանսիայում պարտադիր էր 6-16 տարեկանում: 6 տարեկանը ուսուցման սկիզբ է սահմանել 1882-ին կրթության նախարար Ժյուլ Ֆերին:


Նոր օրենքը ներմուծում է «օրինակելիության» գաղափարը մանկավարժների ու ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար: Օրինագիծը ուսուցիչներից «օրինակելի» վարքագիծ է պահանջում սովորողների ու նրանց ընտանիքների հարգանքի դիմաց: Օրինագծի այս դրույթը ուսուցիչների դժգոհությունն է հարուցում` նրանք խոսքի ազատության դեմ ոտնձգություն են տեսնում` վերջին ամիսների բողոքական տրամադրությունների ենթատեքստում: Նոյեմբերին Ֆրանսիայով անցավ ուսուցիչների գործադուլի ալիք` դպրոցական կրթության կառավարության քաղաքականության ու 3600 պաշտոնների կրճատման դեմ դպրոցներում: Դեղին ժիլետների շարժման համապատկերում Ֆրանսիայում հայտնվեց «կարմիր գրիչների» շարժում, որ միավորում էր 60 000 ուսուցիչների” Նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում ու դեմ են Բլանկեի բարեփոխումներին: «Խոսքը ուսուցիչների գլխին Դամոկլյան սուր կախելու մասին է, խանգարելու նրանց խոսքի ազատությանը, սպառնալիք զգալու պարտադրանքով ինքնագրաքննության հասնելու համար» փետրվարի 11-ին Libération-ում հրապարակված բաց նամակում գրում է փիլիսոփայության դասախոս Սաիդ Բենմուֆոկը:

«Դյուրահավատ չլինենք, այս օրինագիծը դեմոկրատական ընդվզումը ճնշելու մաս է հասարակական ուժեղ մոբիլիզացիայյի ենթատեքստում: Օրենքի այս հոդվածի դեմ ճակատամարտը դուրս է գալիս դաշնային կրթության շրջանակներից»` գրում է Բենմուֆոկը: Օրինագիծը նախատեսում է մեծացնել ուսուցիչների օգնականների դերը: Երկրորդ կուրսից ուսանողները, որ պատրաստվում են ուսուցիչ դառնալու համար մրցույթին (Ֆրանսիայում դպրոցական կրթության համակարգում աշխատելու համար պետք է մրցույթով անցնել), կարող են իրականացնել ուսուցչական իրավասություններ: Le Monde-ը գրում է, որ կրթության նախարարը հույս ունի այդպիսով օգնել այն ուսուցիչների աշխատանքի տեղավորմանը, որ միջոցներ չունեն ուսումը շարունակելու` առանց ուսմանը զուգահեռ աշխատելու, նաև լուծելու ուսուցիչների պակասի խնդիրը: Դա հարուցում է նաև արհմիությունների անհանգստությունը. նրանք զգուշանում են, որ ուսուցիչների օգնականներով կարող են լրացնել ուսուցիչների պակասը:


Նոր օրինագծի կարևոր դրութներից է միջազգային դպրոցների ստեղծումը` եվրոպական կամ միջազգային դիպլոմներով: AFP-ը նշում է, որ այդ դպրոցները կարող են ԵՄ-ից, միջազգային այլ կազմակերպություններից ֆինանսավորում և նվիրատվություններ ստանալ: Le Figaro-ն գրում է, որ Ֆրանսիայի կրթության նախարարությունը ստեղծում է միջազգային դպորցներ «ֆրանսիացի, ֆրանս-բրիտանացի ու միջազգային ընտանիքների հորձանքի նախօրեին` բրեկզիտից հետո»: Ֆրանսիան ցանկանում է իր կրթական համակարգն առավել գրավիչ դարձնել երկլեզու ու եռալեզու ընտանիքների երեխաների համար: Արհմիությունները դեմ են «հարուստների համար դպրոցների» ստեղծմանը, պատգամավորները օրենքում լրացում են արել, որ միջազգային դպրոցները պետք է հասանելի լինեն բոլորին: Եվրոպական նոր դպրոցը 250 աշակերտների համար բացվելու է Փարիզի մերձակա Կուրբևուա քաղաքուն 2019-ի սեպտեմբերին: Եվս մեկ եվրոպական դպրոց կբացվի Լիլում Մոնտեբելոյի լիցեի հիման վրա: Le Figaro-ն գրում է, որ Լիլի իշխանությունները հույս ունեն քաղաք բերել ընտանիքներ հարևան Բրյուսելից, որտեղ ուսումնական հաստատությունները գերծանրաբեռնված են: Նոր տիպի դպրոցներ կարող են բացվել Մարսելում, Լիոնում, Թուլուզում, Բորդոյում: Օրինագիծը Ազգային ժողովում քվեարկվելու է փետրվարի 19-ին:
RFI


Հ.Գ. Մանկապարտեզներից երեխայի կրթությունը սկսելու խոստումը Էմանուել Մակրոնի նախընտրական ծրագրում էր: Ֆրանսիայի ապագա նախագահը հիմնավորում էր, որ ամենաընկալունակ տարիքում բոլոր երեխաները պետք է ընդգրկվեն կրթական համակարգում` մանկապարտեզներից, ոչ թե դպրոցներից սկսելով կրթությունը: Նա առաջարկում էր հատուկ կրթական և ուսումնական ծրագրեր` 3-6 տարեկանների համար: Ֆրանսիայում կրթության որակի հետ համեմատության եզրեր չորոնելով` վստահ եմ, որ ֆրանսիական փորձն արժի ուսումնասիրել Հայաստանի դպրոցներում և բուհերում կրթության որակի ապահովման համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ