Կրթական ոլորտի խնդիրները համախմբել էին հայաստանյան և արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերի պրոֆեսորներին:
Հունիսի 12-ին ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթությունը XXI դարում. խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին, բացի հայաստանյան բուհերից, մասնակցում էին նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով, կարևորելով նմանաբնույթ միջազգային գիտաժողովները, ընդգծեց, որ փորձի փոխանակումն ու ոլորտի հիմնախնդիրների համատեղ վերլուծությունները կօգնեն առավել արդյունավետ հաղթահարել կրթական համակարգում առկա խոչընդոտները:
«Իհարկե, այս գիտաժողովի արդյունքները բոլոր հարցերի պատասխանները չեն տան, սակայն կարծում եմ, որ այն լավ հիմք կդառնա մեր հետագա անելիքները և ծրագրերը ուղենշելու համար: Որքան հաճախ համախմբվենք ոլորտի հիմնախնդիրների շուրջ, այնքան արդյունավետ կիրականացնենք ակադեմիական կրթության զարգացմանը նպաստող ծրագրերը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունից անմիջապես հետո մեկնարկեց պլենար նիստը, որը ղեկավարում էին ռեկտոր Արամ Սիմոնյանը և Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Օլեգ Պոլուխինը:
Պլենար նիստի առաջին զեկույցը ներկայացրեց Արամ Սիմոնյանը, ով խոսեց ՀՀ-ում համալսարանական կառավարման առանձնահատկություններից:
«Ներկայումս բարձրագույն կրթական ոլորտը, ինչպես նաև ակադեմիական հասարակությունը լուրջ մարտահրավերների և բարեփոխումների շեմին է կանգնած: Դրանք պայմանավորված են քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային մի շարք հանգամանքներով: Այս բարդ ժամանակաշրջանում, երբ ամեն գնով պետք է կայուն զարգացում և մրցակցություն ապահովել, առավել կարևորվում է բուհերի կառավարման ռազմավարության նշանակությունը»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև բուհի կառավարման որոշ ասպեկտներին, որոնք ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական զարգացում՝ ընդգծելով բուհի գիտահետազոտական կառույց լինելու անհրաժեշտությունը:
Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Օլեգ Պոլուխինը նախ շնորհակալություն հայտնեց գիտաժողովի նախաձեռնողներին և նշեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շատ կարևոր են իրենց համար:
Պարոն Պոլուխինը իր՝ «Համալսարանի ինովացիոն զարգացումը 21-րդ դարում. Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի փորձը» վերտառությամբ զեկույցում նախ ներկայացրեց համալսարանի ստեղծման և զարգացման որոշ պատմական տվյալներ, որից հետո անդրադարձ կատարեց համալսարանի ներկայիս զարգացման փուլերին և նախատեսված ներդրումային ծրագրերին:
Բուլղարիայի միջազգային համալսարանական քոլեջի ներկայացուցիչ Տոդոր Ռադևի զեկույցն էլ վերաբերում էր կրկնակի դիպլոմով ծրագրերի դասավանդման գործընթացին: Մասնավորապես բուլղարացի պրոֆեսորը խոսեց քոլեջում առկա հեռավար ուսուցման համակարգը բարելավող ծրագրերի, ինչպես նաև ուսանողների արտերկյա ուսման մասին:
Վիրտուալ ուսուցման, կառավարման և որակի վերահսկման լուծումներին և ԵՊՀ-ում նոր տեխնոլոգիաների միջոցով դասավանդման առանձնահատկություններին անդրադարձավ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:
«Երբ խոսում ենք կրթական համակարգի զարգացման նոր փուլի մասին, պետք է կանգ առնել հեռավար ուսուցման վրա, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմակերպել որակյալ վիրտուալ ուսուցում: Ներկայումս մեր կենտրոնի սաները բավականին հաջող են հանդես գալիս միջազգային գիտաժողովներում, ինչը վկայում է այն մասին, որ նորագույն տեխնոլոգիաները ծառայում են իրենց նպատակին»,- ասաց Սամվել Շուքուրյանը և որպես հաջողված օրինակ՝ ներկայացրեց գերմանական Ռոստոկի համալսարանի հետ իրականացրած կրթական ծրագիրը:
Բավականին հետաքրքիր զեկույց կարդաց Մյունխենի տեխնիկական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Գեորգի Խուբուան, ով խոսեց անցումային հասարակություններում համալսարանական կառավարման բարեփոխումների փորձի և հեռանկարների մասին:
«Անկասկած, անցումային հասարակություններում բոլոր բարեփոխումներն էլ ընդգծված առանձնահատկություններ ունեն, և բացառություն չէ նաև կրթության բնագավառը: Ինքնին «բարեփոխում» բառն արդեն վրդովմունք և դրժողական վերաբերմունք է առաջացնում համալսարանական հասարակությունում, քանի որ ակադեմիական կրթությունն ավանդական հիմքեր ունի: Այո՛, այդ հիմքերը պետք է ամուր պահել, սակայն ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար առանց բարեփոխումների զարգացում պարզապես չի լինի: Չկա բարեփոխում, չկա նաև զարգացում»,- նշեց Գեորգի Խուբուան:
Պրոֆեսորը հավելեց նաև, որ ակադեմիական կրթությունն էլիտար բնույթ պետք է կրի, քանի որ մասսայականությունը ենթադրում է միջակություն, հետևաբար միջակ համալսարանում անհատ ու իսկական քաղաքացի չես դաստիարակի. «Համալսարանի առաքելությունը պարզապես մասնագետ պատրաստելու մեջ չէ, ուստի ուսանողների ընտրության հարցում նույնպես նրբանկատություն է հարկավոր»:
Հայաստանյան կրթական համակարգի խնդիրներին, ձեռքբերումներին ու ապագա ծրագրերին անդրադարձան ոչ միայն ԵՊՀ-ի, այլև Հայաստանի պետական ինժեներական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի պետական տնտեսագիտական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները: