«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Բուհերում կրթությանն ու գիտությանը զուգահեռ պետք է հավասարաչափ ուշադրություն դարձնել ֆիզկուլտուրային

Բուհերում կրթությանն ու գիտությանը զուգահեռ պետք է հավասարաչափ ուշադրություն դարձնել ֆիզկուլտուրային
06.06.2014 | 13:26

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1993 թվականից Համաշխարհային ուսանողական մարզական ֆեդերացիայի անդամ է և մասնակցում է համաշխարհային ուսանողական խաղերին։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ վերջին շրջանում ուսանողական սպորտի ակտիվացման արդյունքում մեր ուսանող մարզիկները նվաճումներ են ունենում միջազգային ստուգատեսներում։ Մասնավորապես, Շենժենում կայացած համաշխարհային ունիվերսիադայում 77 կգ քաշային կարգում ծանրորդ Աղասի Աղասյանը նվաճեց ոսկե մեդալ, բազմաթիվ այլ հաջողություններ նույնպես գրանցվում են։ «Այս տարի ևս Հայաստանը մասնակցելու է ուսանողական խաղերի, մասնավորապես, Լեհաստանում կայանալիք երկու առաջնությունների՝ հեծանվային սպորտի աշխարհի ուսանողական ստուգատեսին, որը կանցկացվի հուլիսին, ինչպես նաև՝ օգոստոսին կայանալիք շախմատի ուսանողական համաշխարհային մրցաշարին։ Յուրաքանչյուր մարզաձևում ներկայացված կլինենք 3-4 մարզիկով։ Հույս ունենք, որ կլինեն նաև մեդալներ»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը։
Եթե շախմատը զարգացած է Հայաստանում, և իրոք մեդալների ակնկալիք կա, ապա հեծանվային սպորտը մեզանում նոր-նոր է մասսայական դառնում։ Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ մասնակցությունը համաշխարհային խաղերին նախևառաջ մեծ փորձ է մեր հեծանվորդների համար։ Այս մարզաձևում մենք ունենք խոստումնալից մարզիկներ։ Եթե շախմատի թիմի կազմում խաղալու է նաև Զավեն Անդրիասյանը, ով Կզանում կայացած ունիվերսիադայում նվաճեց արծաթե մեդալ, և ում հետ այս տարի մեծ հույսեր են կապում, ապա հեծանվային սպորտում մասնակցություն ուսանողական միջազգային առաջնություններին երբևէ չենք ունեցել։ Հովհաննես Գաբրիելյանը նկատեց, որ մեր հեծանվորդների մասնակցությունն արդեն մեծ ձեռքբերում է, քանի որ մարզիկները մշտապես պետք է ներկայանան միջազգային հարթակներում, մրցակցեն, ծանոթանան մարզաձևի նոր նվաճումներին։
Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանում ուսանողական սպորտը զարգացում է ապրում։ Միջազգային ստուգատեսներից բացի, ամեն տարի կազմակերպվում են Հայաստանի ուսանողական խաղեր։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ ակտիվությունը նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուշադրության շնորհիվ է. «Նախարարը մեծ տեղ է տալիս սպորտին և գիտակցում է առողջ ապրելակերպի, մասսայական սպորտի նշանակությունը հանրության առողջության պահպանման գործում։ Նախարարի աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել մեծաթիվ ծրագրեր՝ հանրապետական խաղերի պատշաճ կազմակերպում, համաշխարհային ուսանողական խաղերին ներկայանալի մասնակցություն և այլն։ Կազանի ունիվերսիադայում Հայաստանն ուներ 60 ներկայացուցիչ, նվաճեցինք 10 մեդալ, որոնց թվում՝ Տիգրան Կիրակոսյանի մեկ ոսկե մեդալը սամբո մարզաձևից։ Բացի այդ, 2012-ից դառնալով Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի լիիրավ անդամ՝ այս տարի արդեն երկրորդ անգամ կմասնակցենք եվրոպական ուսանողական խաղերին։ Եվրոպայի համալսարանական առաջնությունների շրջանակներում արդեն իսկ գրանցվել են հաջողություններ»։
Հովհաննես Գաբրիելյանը, սակայն, նկատում է, որ ուսանողական սպորտը չի կարող ինքնին թռիչքաձև զարգացում ապրել, եթե հանրությունը սպորտային չէ։ «Հայաստանում ֆիզիկական կուլտուրայով այնքան էլ չեն հետաքրքրվում, երեխաներին սպորտային պարապմունքների քիչ են տանում, թեև մենք ունենք շատ լավ մասնագետներ։ Լավ կլինի, որ երեխաները դպրոցահասակ տարիքից զբաղվեն սպորտով, ընդգրկված լինեն մարզադպրոցներում, խմբակներում, ինչը կնպաստի առողջ սերունդ ունենալուն։ Բուհում ոչ պակաս կարևոր է ֆիզկուլտուրայով զբաղվելը, քան գիտությամբ։ Եթե չունեցար համապատասխան առողջություն, գիտությամբ, կրթությամբ առավելագույն արդյունավետությամբ չես կարող զբաղվել, փոխարենը ստիպված կլինես որոշ հիվանդություններ բուժել։ Այնպես որ՝ ֆիզիկական կուլտուրան և գիտությունը համարժեքորեն պետք է գնահատվեն ու ուշադրության կենտրոնում լինեն։ Այդ առումով նաև անելիքներ ունենք. մեծ ուշադրություն պետք է դարձնել ուսանողական ակումբների զարգացմանն ու բուհերի մարզաբազաների բարելավմանը»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ դրական առումով որոշակի շարժ կա։ Առողջ ապրելակերպի նկատմամբ սկսում է ձևավորվել մշակույթ։ Հանրապետական ուսանողական խաղերի ներբուհական փուլերին մասնակցում են տասնյակ հազարավոր ուսանողներ։ Եզրափակիչ փուլին 12 մարզաձևից մասնակցում է մոտ 3000 ուսանող. «Կարծում եմ՝ այնքան էլ փոքր թիվ չէ։ Բանակի մարզական ընկերության հետ ուսանողական մարզական ֆեդերացիան ամենամեծ սպորտային կազմակերպությունն է, որի մեջ ընդգրկված են ցանկացող բոլոր ուսանողները»։
Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ, որը նույնպես մեծ ներդրում ունի ուսանողական սպորտի զարգացման գործում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ