Մայիսի 23-ին Երևանում կբացվի «Ողջ մնալու արվեստ» դպրոցը։ Նախաձեռնությունը հետախույզ, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովինն է։ «Հատուկ նշանակության խմբի վետերաններով որոշեցիք մեր փորձը փոխանակել երիտասարդ սերնդին։ Եվ ընտրվեց ակումբային տարբերակը։ Հատուկ նշանակության խմբի անդամները Հայաստանի առաջին հետախույզ-դիվերսանտներն էին, ովքեր այսօր տարբեր պատճառներով ծառայության մեջ չեն»,- մեզ հետ զրույցում ասում է Վովա Վարդանովը՝ ավելացնելով, որ առանձին մասնագետներ երիտասարդներին փոխանցելու են տարբեր հմտություններ՝ սառը զենքի տիրապետում, հրազենային պատրաստություն, նետաձգություն, պարսատիկի օգտագործում։ Մեր զրուցակիցը նկատում է, որ թեև տարօրինակ է հնչում, սակայն մեր օրերում պարսատիկը բավականին գործածական զենք է, և պատերազմի ժամանակ ունեցել են պարսատիկի կիրառման բազմաթիվ փորձեր։ Դպրոցում ուսումնասիրվելու են նաև հոգեբանություն, ժայռամագլցում, կենսապահովում։ Նախատեսվում են դայվինգ (սուզում), արևելյան մարտարվեստ, բուժպատրաստություն և այլն։ Մի խոսքով, «Ողջ մնալու արվեստ» դպրոցը կսովորեցնի կողմնորոշվել էքստրեմալ պայմաններում։
Վովա Վարդանովը նշում է, որ գաղափարը վաղուց կար, նման դպրոցի գոյությունն ուղղակի անհրաժեշտ է, և որպես օրինակ բերում է վերջերս Արագածի լանջերին մի երիտասարդի սառչել-մահանալն ու Վրաստանի սարերում հայ տղայի փրկվելը. «Ընդամենը գիտելիքների մակարդակի տարբերություն էր։ Մեկը գիտելիքներ ուներ ողջ մնալու, կովկասյան բարձր, վտանգավոր լեռներում փրկվեց, իսկ մյուսն Արագածի լանջին, որտեղից կարող ես մեկ ժամում բնակավայր հասնել, մահացավ, որովհետև չգիտեր ինչ անել»։