Մեկնարկեց ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը, որտեղ ներկայացվելու է շուրջ 400 գիտական զեկուցում:
Արդեն ավանդույթ դարձած երիտասարդական նստաշրջանի կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը: Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ` 3 օրերի ընթացքում աշխատանքները կընթանան 18 թեմատիկ բաժանմունքներում:
«Ուսանողական գիտական աշխատանքների չափորոշիչներն ու պահանջները հետևողականորեն բարձրացվում են: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 4-րդ գիտական նստաշրջանն է, որ կազմակերպվում է այսպիսի մեծ ծավալով: Վերջին տարիներին հաջողվել է վերականգնել այս ավանդույթը, և մեզ համար շատ ուրախալի է, որ այսպիսի միջոցառումները դառնում են մեր առօրյայի անբաժանելի մասը: Այստեղ մեծ է ոչ միայն մեր ՈՒԳԸ ղեկավարների, այլև պրոֆեսորադասախոսական կազմի դերը, ովքեր աշխատում են ուսանողների հետ»,- նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Հոբելյանական գիտական նստաշրջանում զեկույցներ են ներկայացնելու շուրջ 400 ուսանող, ասպիրանտ և երիտասարդ գիտնական ԵՊՀ 19 ֆակուլտետներից, ՀՀ և ԼՂՀ շուրջ երկու տասնյակ բուհերից (այդ թվում՝ մարզային) և ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտներից: Չնայած այն հանգամանքին, որ գիտաժողովը հանրապետական բնույթ է կրում, այնուամենայնիվ կան նաև մի քանի մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից:
«Մասնակցության հայտերի ընդունման գործընթացին զուգահեռ` մենք հավաքել ենք նաև զեկուցման ամբողջական տարբերակները՝ հետագայում դրանց տպագրության գործընթացը կազմակերպելու համար: Գիտական նստաշրջանի ավարտից հետո մասնակիցներին տրվելու է մեկ շաբաթ ժամանակ՝ աշխատանքներում լրամշակումներ կատարելու համար: Տպագրվելու են միայն այն աշխատանքները, որոնք կերաշխավորեն ֆակուլտետների գիտխորհուրդները»,- ընդգծեց ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը:
95-ամյա ԵՊՀ-ի ամենահին ֆակուլտետներից մեկի՝ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ ողջունեց գիտության ուղին բռնած երիտասարդներին՝ ընդգծելով, թե ինչքան կարևոր են նրանց համար այսպիսի միջոցառումները: «Գիտաժողովը գիտական աշխատանքների հանրագումարային ստուգատես է, որտեղ երևում են ուսանողի գիտելիքներն ու գիտական աշխատանք կատարելու հմտությունները: Այն միաժամանակ հետագայում գիտության մեջ լուրջ հաջողությունների հասնելու հնարավորություն է տալիս: Մենք բոլորս էլ ժամանակին եղել ենք Ուսանողական գիտական ընկերության անդամներ և աստիճանաբար հասել որոշակի հաջողությունների»,- ասում է պարոն Մինասյանը: