Վաղն ՕԵԿ-ը քաղաքական խորհրդի նիստ կգումարի՝ քննարկելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր։ Մինչ այդ ակտիվ խոսակցություններ էին պտտվում, թե ՕԵԿ-ը լքելու է կոալիցիան։ Որպես պատճառաբանություն նշվում էր, որ այդպիսի ցանկություն է հայտնել Հովիկ Աբրահամյանը։ ՕԵԿ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցն առայժմ չի քննարկվել կուսակցությունում, իսկ թե խորհրդի նիստում ինչպիսի զարգացումներ կլինեն, վերջինս դժվարացավ պատասխանել։ «Գոնե այս պահի դրությամբ կուսակցականները տեղյակ չեն նման որոշման մասին և լրատվամիջոցներից են տեղեկանում, որ հնարավոր է նման որոշում կայացվի»,- ասաց մեր աղբյուրը։ Հատկանշական է, որ ՕԵԿ-ը որոշել է հենց այն պահին խորհրդի նիստ գումարել, երբ այսպիսի խոսակցություններ են շրջանառվում։ Հիշեցնենք, որ նման որոշման պարագայում ՕԵԿ-ին բավականին տխուր ճակատագիր է սպասում, քանի որ կոալիցիոն խորհրդարանն է ձևավորում կոալիցիոն կառավարությունը, ու եթե ՕԵԿ-ը դուրս գա կոալիցիայից, այդ կուսակցության նախարարներն ինքնաբերաբար հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ