Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքային այցով մեկնեցին Շիրակի մարզ` հանդիպելու մարզի գիտակրթական համայնքի հետ:
Հանդիպումն անցկացվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերից, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից, Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտից և այլ գիտական կազմակերպություններից :
Հանդիպման նպատակն էր գիտության ոլորտում առկա խնդիրների ու գիտական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Գիտության պետական կոմիտեի նախագահը հանդես եկավ «Հայաստանում գիտական և գիտատեխնիկական բնագավառի ծրագրերը և ֆինանսավորումը» թեմայով զեկուցմամբ: Ներկայացվեցին գիտության պետական կոմիտեի գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև` գիտության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները: Ս. Հարությունյանն անդրադարձավ իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ՀՀ պետական բյուջեում գիտության մասնաբաժնի ավելացման և բաշխման հարցերին:
Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաև գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի փորձաքննության և ֆինանսավորման համակարգերը ՀՀ-ում, ոլորտի կադրային կազմը, գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը:
Պարոն Հարությունյանը հայտարարեց Գյումրիի մարզային ծրագիր իրականացնելու որոշման մասին, որն անցկացվելու է մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում տարեվերջին նախատեսվում է կազմակերպել գիտական ծրագրերի մրցույթ, որն ուղղված է լինելու մարզի առջև ծառացած այն խնդիրների ֆինանսավորմանը, որոնք պահանջում են գիտական հետազոտությունների իրականացում: Մրցույթի արդյունքում ֆինանսավորվելու է 5 ծրագիր: Մրցույթի անցկացման համակարգող խումբը ղեկավարելու է Յուրի Սարգսյանը:
Շիրակի մարզ այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում Շիրակի մարզպետի հետ: Քննարկվել են մարզի առջև ծառացած խնդիրները, կոնկրետացվել են մարզային ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները: