Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:
Առաջին մրցանակ նոութբուքը կստանա Անուշ Թորոսյանը Վանաձորից, երկրորդ մրցանակ նեթբուքը կլինի թարգմանչուհի Նինել Միքայելյանինը, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանողուհի Վերժինե Մինասյանը:
Դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ վիկտորինայի յուրաքանչյուր մասնակից ինչ-որ նոր բան է սովորել Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության մասին: «Հաջորդ վիլտորինան առցանց կլինի հաջորդ տարվա ապրիլին», տեղեկացրեց դեսպանը` բոլորին առաջարկելով հետևել ԵՄ կենտրոնի կայքէջին և օգտակար տեղեկատվություն և հետաքրքրական փաստեր իմանալ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին:
Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:
Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով և ԵՄ կենտրոնի կայքէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները և այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
Ի հավելումն հիմնական մրցանակներին` ԵՄ կենտրոնը 2014թ.-ի հունվարին կտրամադրի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երևանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։