38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կաշառք» են վերցնում, որ կաշառք չվերցնեն

«Կաշառք» են վերցնում, որ կաշառք չվերցնեն
12.11.2013 | 11:07

Մի գեր, հաստավիզ մեծահարուստ կշտամբել էր մեծ գրող Բեռնարդ Շոուին, ասելով. «Ա՜յ մարդ, էնքան ես նիհարել, որ քեզ տեսնողը կկարծի, թե էս աշխարհում սով է»։ Շոուն ստիպված էր պաշտպանվել. «Իսկ դուք այնքան եք գիրացել, որ ձեզ տեսնողը կիմանա, թե այդ սովի պատճառն ով է»։
Թվում է, թե այս դեպքը տեղի է ունեցել Երևանում։
Այս պատմությունը հիշեցի, երբ իմացա, որ Ազգային ժողովի պատգամավորները մտադիր են դադարեցնել գործազուրկներին հատկացվող 18 հազար դրամ նպաստը։ Դա նրանք համարում են դրական, իբր ավելի ճիշտ կլինի այդ գումարը նպատակաուղղել աշխատատեղեր ստեղծելու գործին՝ հօգուտ հենց գործազուրկների։
Միևնույն ժամանակ պատգամավորներն առաջարկել են իրենց աշխատավարձը բարձրացնել։ Նույն նիստում նման հակոտնյա որոշումներ ընդունելը հանրությունը համարեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ոչ պատշաճ։ Հիրավի, ո՞վ է տեսել, որ «հարսանիքն» ու «թաղումը» կատարվեն նույն տեղում, նույն ժամին։ Առաջին անգամ չէ, որ օրենսդիրները հանդես են գալիս իրենց իսկ աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Նախորդ անգամ էլ իրենք հիմնավորում էին, թե դրանով կկանխվի կոռուպցիան՝ կաշառակերությունը։ Ինչպիսի՛ անպատիվ պատճառաբանություն։
Հարց է ծագում. մի՞թե նախորդ բարձրացումից հետո կաշառակերությունը շարունակվում է, որ «ջանում» են դեմն առնել։ Այլ կերպ, ինչո՞ւ են այս ծանր սոցիալական պայմաններում նորից բարձրացնում իրենց աշխատավարձը։ Մի՞թե տրամաբանական է և բարոյական նման ձևով «կաշառք» վերցնել, որպեսզի այլ ձևով կաշառք չվերցնեն։ Սա, փաստորեն, վերջնագիր է, սպառնալիք։ Եթե չտաս, կվերցնեմ։ Տեղին է Դիոգենեսի դեպքը, ով ծափահարում էր ապաշնորհ մի կիթառահարի, և այն հարցին, թե ինչո՞ւ է նա վատ նվագողին խրախուսում, պատասխանել է. «Դուք էլ ծափահարեք, խրախուսեք, թե չէ նա, եթե երաժշտությամբ չզբաղվի, չշեղվի, կարող է մարդ սպանել»։ Ո՞վ է տեսել, ո՞ր երկրում, որ մարդուն, աշխատավարձից բացի, հավելյալ փող տան, որ նա օրենք չխախտի, պահպանի բարոյական նորմերը, լվացվի, չաղտոտի հոգու և միջավայրի էկոլոգիան, վերջապես, կաշառք չվերցնի։ Մի՞թե կաշառակեր ծնվում են։ Կոռուպցիայի դեմ պայքարը հիշեցնում է հետևյալ զավեշտը։ Մի խումբ եվրոպացի գիտնականներ վայրի ցեղերի մի կղզում ցեղապետին հարցնում են. «Ձեզ մոտ մարդակերներ դեռ կա՞ն, թե՞ ոչ»։ «Վոժդը» պատասխանում է. «Ո՛չ, ի՞նչ եք ասում, վերջին մարդակերին երեկ ենք կերել»։ Մենք էլ կարող ենք ասել. «Մեզ մոտ կաշառակերներ չկան, վերջինի աշխատավարձը երեկ ենք բարձրացրել»։
Դեռ Զիգմունդ Ֆրոյդն էր ասում, որ կուլտուրան, բարոյականությունը մարդու ներքին պահանջմունք են, ոչ թե դրսից պարտադրանք։
Ներկայիս բարքերն արժևորելու համար հաճախ հարկ է լինում զուգահեռներ անցկացնել անցյալի հետ։ Բավական է համեմատել Սյունյաց աշխարհը փրկող մեծն Գարեգին Նժդեհին Սյունիքի այսօրվա տերերի հետ, որպեսզի պատկերացնենք, թե ուր ենք հասել մենք։ Նույնը՝ շատ ու շատ բնագավառներում։
Անկախ կոմունիստների հանդեպ վերաբերմունքից, հիշենք հետևյալը. 1920-ականներին Ռուսաստանի կառավարության նիստի ժամանակ զեկուցողներից մեկն ուշաթափվեց։ Պարզվեց՝ սովից էր, և այդ հռետորը բանակի պարենի մատակարարման պետ Ալեքսանդր Ցյուրուպան էր։
Հայտնի է նաև Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու դիմումը կառավարությանը՝ իր ընտանիքին մի քանի կիլոգրամ հացահատիկ տրամադրելու խնդրանքով։
Լենինգրադի շրջափակման ժամանակ մի քաղաքացի, կտրոնով ստացած իր բաժին հացով տուն մտնելու պահին, լսում է հեռախոսի զանգը։ Հացը դնում է մոտակա աթոռին և շտապում հեռախոսի մոտ։ Հանկարծ միջանցքից լսում է իր սոված շան կաղկանձը։ Համոզված լինելով, որ շունն արդեն հացը կերել է, հուսահատ մտնում է միջանցք ու տեսնում, որ հացը տեղում է, իսկ հացի դիմաց կանգնած, դողացող շան բերանից փսլինք է ծորում։ Եվ նա եղբայրաբար կիսում է այդ հացը շան հետ։
Որ բարոյականությունը ներքին պահանջմունք է, վկայում է նաև հետևյալ գիտափորձը. մի խումբ ամուսնացած կանանց հիպնոսողը թելադրում է մոտենալ անծանոթ տղամարդուն, գրկախառնվել ու համբուրել։ Շատերը տրվում են հիպնոսին, սակայն մեկը, դիմադրելով, ուշաթափվում է ու մնում անդրդվելի։
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ են բարոյական բարձր չափանիշներով ղեկավարվող ու ապրող մարդիկ, գործիչներ։ Դոստոևսկու հերոսներից մեկն ասում է. «Ես չեմ կարող երջանիկ լինել, քանի դեռ աշխարհում կա գեթ մեկ դժբախտ մարդ»։ Մյուսն ասում է. «Տիեզերքը չարժե երեխայի մեկ արցունքին»։ Քանի-քանի երեխայի արցունք կավելանա գործազուրկների նպաստը կտրելուց հետո, Աստված գիտի։
Ոչ պակաս զարմանալի է նաև գումարների հափշտակման հանդեպ ձևավորված նոր վերաբերմունքը. եթե գողը վերադարձնում է գողոնը, նրան կարող են ազատել, անշուշտ, եթե գողացածը մեծ չափերի է հասնում։ Դա հիշեցնում է ևս մի զավեշտ. մի ադրբեջանցի Լենինի դամբարանի մոտ նետում է իր ծխախոտի մնացորդը, և երբ ոստիկանը մոտենում է նրան պատժելու, նա գետնից հետ է վերցնում ծխախոտը, դնում բերանն ու ասում. «Մի՞թե իրավունք չունեմ մի վայրկյանով ծխախոտս վայր դնելու»։ Ահա այսպես կարող են միլիոնավոր դրամներ «մի վայրկյանով» հափշտակել և բռնվելու դեպքում վերադարձնել։ Իսկ գողության փաստը ինքնին հաշիվ չէ, սովորական բան է։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մեզանում պատժում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ փոքր կաշառք վերցնելու համար։ Մեծ գումարները դադարում են կաշառք կոչվելուց, դառնում են, այսպես ասած, վիճակագրություն։ Ինչպես ասում են՝ մեկ մարդ սպանելը մարդասպանություն է, հազարներին սպանելը՝ վիճակագրություն, որի համար ոչ թե պատժում են, այլ, ըստ իրավիճակի, մեծարում։
Այսպիսին են մերօրյա առաձգական արժեք-չարժեքները։ Եվ հազար տարի առաջ Գրիգոր Նարեկացու հայտնած մտահոգությունը, տագնապները, պատել են նաև ժամանակակիցներիս.
Թե զինվոր տեսնեմ, մահ եմ սպասում,
Թե պատգամաբեր՝ արհավիրքի բոթ...
Թե օրինապահ՝ անեծք ու նզովք...
Թե դեղ ընդունեմ, պիտի մահանամ,
Եթե տեսնեմ ինձ հասնող բարիք,
Փախուստ եմ տալիս՝ չար կասկածներով,
Թե բարձրացրած ձեռք, կորանում նկուն,
Ընդոստնում ամեն թեթև թնդյունից։

Դժվար է ասել, թե ինչ կզգար Նարեկացին, եթե հանդիպեր պատգամավորի կամ օլիգարխի, կամ այդ երկուսն իր մեջ համատեղող ժողովրդի «ընտրյալի», բայց մենք Թումանյանի խոսքով կհարցնեինք. «Ո՞նց էր համը իմ ձագի»։ Մինչդեռ Կոմիտասը վաղուց է աղաղակում. «Վրա՛ հասիր, հայ ազգասեր, ձեռքից կերթա Հայաստան»։
Սա է այսօրվա «երկիր-դրախտավայր», ապահով Հայաստանը...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Հ. Գ.- Եթե ԱԺ-ի հիշյալ նախագծերն անխուսափելի են, ապա լավ կլինի, որ մեր մեծահարուստները տարվա մեջ գոնե մի անգամ պահք բռնեն, որով Հայաստանում աղքատությունն իսպառ կվերանա։ Իսկ դրանով և՛ գայլերն առողջ կլինեն, և՛ ոչխարները՝ կուշտ։

Դիտվել է՝ 5581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ