38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ակտիվիստները մեկ շաբաթ ժամանակ են տվել քաղաքապետարանին, որից հետո կանցնեն «սուր» գործողությունների

Ակտիվիստները մեկ շաբաթ ժամանակ են տվել քաղաքապետարանին, որից հետո կանցնեն «սուր» գործողությունների
22.10.2013 | 16:57

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներն այսօր ասուլիսի էին հրավիրել լրատվամիջոցներին: Նրանց մտահոգում է այն, որ Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել «հակասոցիալական և ապօրինի որոշումներ»: Իրենց պահանջները և հուզող հարցերը նրանք մանրամասնորեն ներկայացրել են այսօրվա հայտարարության մեջ: «Քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը դրա վառ օրինակներից է: Հանրային դժգոհության, համատարած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու փոխարեն ստեղծվեց հիմնականում նույն ՀՀԿ անդամների շահերը սպասարկողներից կազմված իմիտացիոն մի հանձնաժողով, ըստ էության, թանկացումների համար նոր, ավելի «համոզիչ» հիմնավորումներ փնտրելու նպատակով»,-ասվում է հայտարարությունում: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ տեղի ունեցած ակցիաների ժամանակ ապօրինաբար բերման են ենթարկվել նստացույցի մասնակիցներից շատերը, ոստիկանության անօրինական գործողությունների հետևանքով սահմանափակվել են քաղաքացիների ազատությունները: Եվ այդ գործողությունների հետ կապված ոստիկանության բաժինը կազմել է Վարչական իրավախախտումների մասին բազմաթիվ արձանագրություններ, որոնք ուղարկվել են դատարան: Դրանց մի մասը դատարանն ընդունել է, մի մասը՝ դեռ ոչ: «Ամեն դեպքում, պատրաստվել ենք բոլոր վարչական իրավախախտումների հետ կապված հակընդդեմ հայցով դիմել դատարան և, բնականաբար, ապացուցել, որ մեր ազատությունը ապօրինաբար է սահմանափակվել»,-ասացին նրանք:

Շարժման մասնակիցները շուրջ 90 օր է նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց ու դեռևս ցանկալի արդյունքի չեն հասել: Ակտիվիստ Վահագն Մինասյանի խոսքով, շարժման մասնակիցները մեկ շաբաթ ժամանակ են տվել քաղաքապետարանի ղեկավարությանը, և եթե այդ ընթացքում իրենց պահանջները չբավարարվեն` «օրենք խախտած ու կոռումպացված երկու պաշտոնյաների՝ Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի» պաշտոնանկության հարցը չլուծվի, դիմելու են ավելի սուր գործողությունների. «Կդադարեցնենք նստացույցը: Թե ինչ ենք մտադիր անել, կտեղակացնենք հետագայում: Իսկ մինչ այդ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորումներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության վերացումը, միանալ մեր հայտարարությանն ու կոչին»,-նշեց Վ. Մինասյանը: Ըստ նրա, կասկածից վեր է, որ վերոհիշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն այն պատճառով, որովհետև երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներից են: «Այս երկու պաշտոնյաները, որոնք սպառել են հանրության կողմից իրենց և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ հարգանքի և վստահության վերջին չափաբաժինը, դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին բնորոշ վարքագիծ՝ ակնհայտ մարտահրավեր նետելով հանրությանը»,-նշեց ակտիվիստը:
Շարժման մասնակիցները հավելեցին, որ չեն պատրաստվում ոլորտին առնչվող խնդիրների շուրջ բանակցել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, և եթե վերջիններս ինչ-որ բան ունեն ասելու հանրությանը, կարող են հենց հանրության առաջ ասել դա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ