Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայացք գյուղի բարձունքից

Հայացք գյուղի բարձունքից
23.01.2013 | 18:36

Վերջին ամիսներին ԶԼՄ-ների հիմնական թեման ՀՀ նախագահի ընտրություններն են, բայց միայն տեղեկատվության միջոցները չէ, որ մեկնաբանում են այդ գործընթացը, ամենուր է այդ հարցն արծարծվում, նույնիսկ հասել է հեռավոր մեծ ու փոքր գյուղերի «հրապարակները»։ Գրեթե ամեն առավոտ, գոմերի ու դրանց շրջակայքի կեղտն ու փոշին «ավլել-թափելուց» հետո, տղամարդիկ մեկ-մեկ հավաքվում են, իրար բարևում, նայում երկնքին ու սկսում են իրենց «մեկնաբանությունները» նախ եղանակից, հետո կամաց-կամաց անցնում հեռուստալուրերին և, իրարից քիչ նեղանալով ու իրար վրա բղավելով, սկսում են մոտենալ բուն թեմային` քաղաքականությանը, նախ և առաջ շեշտելով կուսակցությունների առատության հարցը։ Մի փոքր գովում են անցյալը, ապա կանգ առնում ապագայի անորոշության վրա։ Անցյալի մասին գրեթե 90 տոկոսի կարծիքը նույնն է. «Էն վախտ» կար աշխատանք, ազատ տեղաշարժ, ուրախ կյանք, ձրի կրթություն, բժշկություն, հանգստյան տան ուղեգիր, թեկուզ և քիչ էին հետաքրքրվում, թե ով է դառնում պատգամավոր կամ նախարար, չնայած որ «էն վախտ» նրանք բոլորն էլ հասարակության կողմից հարգված, երկրին նվիրված մարդիկ էին` անկախ գրագիտության աստիճանից։ Բերեմ մի քանի արտահայտություններ, որ հաճախ գործածվում են «բանավեճի» ընթացքում։

-Վի՞րն են պետք էսքան կուսակցությունները, վի՞րը, մեկն էլ բոլ ա, յանի էն վախտ, որ մեկն էր` վատ էի՞նք ապրում։
-Էրկու մարդ պետք ա իրարու խետ մրցեն, էրկու։
-Տո էն վախտ ո՞րը կարար ասեր` աչքիդ վրեն հունք կա, հըմի ամեն արժող-չարժող կարա վրեդ մատ թափ տա ու ասի` դուրդ չի գալի, թող ռադդ քաշի, գնա։
-Բա հընչի՞ էիր ձեռդ տնգում ու գոռում...
-Տո, մենք ռըսի փրկած ենք, ռսի, ռուսը չըլնի, կորած ենք։
-Տո ռուսն էլ իր շահը ունի, էնի էնքան միամիտ չի, ու սաղն էլ իրանց շահը ունեն։
Մեկ-մեկ էլ ինձ էին դիմում.
-Բժիշկ, բա դո՞ւ ինչ կասես։
Իսկ ի՞նչ ասեմ, ես էլ նրանց պես կարծում եմ, որ հասարակությանը պետք են ընդամենը 2-3 խոշոր կուսակցություններ, հավաքված նույն գաղափարախոսության (եթե այդպիսին կա), իդեաների շուրջ, իսկ կուսակցության կորիզը պետք է կազմեն տասնյակ ճանաչված և հարգված քաղաքական գործիչներ, նրանցից լավագույնը դառնա ընդդիմադիր ուժ։ Իմ կարծիքով` ընդդիմադիր դաշտը պետք է ձևավորեն ոչ թե երեկվա պաշտոնյաները կամ ղեկավարման բարձունքները նվաճած անձինք, մեծահարուստները, որոնք, գալով իշխանության, դժվար թե ինչ-որ բան փոխեն հօգուտ հարյուր հազարավոր վատ ապրողների (երբեք էլ կուշտը սովածի լեզուն չի հասկացել)։ Իսկական ընդդիմադիրն այն կուսակցությունն է, որի դրոշի վրա գրված է` «հավասարություն», «արդարություն», «օրինականություն»։ Իսկ այդ արժեքների կրողները հիմնականում սոցիալիստական ուղղվածության կուսակցություններն են ու ՀԿ-ները, օրինակ` սոցիալիստները, դեմոկրատները (ոչ լիբերալ), կոմունիստները, մարքսիստները, որոնց գաղափարախոսությունները գրեթե խաչվող են։ Դրանք պետք է միավորվեն մեկ միասնական կուսակցության մեջ, մեծ քանակի համախոհներով և կազմեն ընդդիմադիր դաշտ, թող նրանք չհաղթեն, բայց լինեն արենայում։ Ի տարբերություն շատ առաջավոր երկրների, չգիտես ինչու, մեր քաղաքական լեքսիկոնից հանված է «սոցիալիստ» բառը։ Այսպես եմ ես տեսնում քաղաքական դաշտը` մեկ ղեկավարող կուսակցություն և մեկ ընդդիմադիր կուսակցություն. «Դեմերը» թող ներեն, «կողմերը»` մտածեն։ Խոսքս ավարտեմ հին աշխարհի մի թևավոր խոսքով, որ սովորեցրել են մեզ բժշկական համալսարանում ուսանելու տարիներին. «Dixi et animam lexanti»։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բժիշկ

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ