«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Այլաբանությունների ու այլասացությունների միֆը

Այլաբանությունների  ու  այլասացությունների միֆը
13.11.2012 | 13:13

Քաղաքական դաշտը քնից արթնանում է: Բժշկության մեջ կիրառվում է հիվանդին արհեստական կոմայի մեջ պահելու մեթոդը` նրա իսկ ապաքինման համար: Տևական ժամանակ կոմայի մեջ գտնվող քաղաքական դաշտը կարծես արթնանում է քնից և սկսում է բուռն շարժումներ:

Կոմայից դուրս եկող որևէ հիվանդ միանգամից չի տիրապետում իր հոգեկան ու ֆիզիկական ուժերին: Միանգամից ու ամբողջական չի պատկերացնում իր հնարավորությունները, հավակնությունները, իր կերպարը: Եվ գրեթե հարկադիր սկսվում է այլընկալումների ու այլասացության մի շրջան, որից հետո միայն երևույթներն ու փաստերը համադրվում են, և իրականությունն աստիճան առ աստիճան ուրվագծվում է: Երբեմն էլ, նայած հիվանդությանը, այլընկալումները խորանում են, և աստիճան առ աստիճան իրականությունը կորցնում է ուրվագիծը ու խառնվում են փաստերը, երևույթները, ցանկությունները, ամեն ինչ: Հիվանդը չի ապաքինվում, հիվանդությունը խորանում է, և այդ դեպքն արդեն բոլորովին այլ պատմություն է:
Քաղաքական դաշտը քնից արթնանում է, և թեկուզ քննարկումների անունը բոլորովին այլ է, բովանդակությունը` այլ, քաղաքական ուժերը սկսում են նմանվել քաղաքական ուժերի և քաղաքական քայլեր են փորձում ձեռնարկել: Տրամաբանական է, որ ընտրություններից առաջ այսպես էլ պետք է լիներ: Անցած շաբաթվա գլխավոր հարցերը, թերևս, երեքն էին.
1.Կհաջողվի՞ ԲՀԿ-ին համախմբել քաղաքական դաշտը իր առաջադրած քննարկումների համար:
2.Կհաջողվի՞ ԲՀԿ-ին ձևավորել միասնական ընդդիմադիր թեկնածու նախագահական ընտրություններում:
3.Գործընթացը կմնա քաղաքական էլիտար դաշտո՞ւմ, թե՞ ընտրողները ևս կներգրավվեն:
Առաջին խնդիրը ԲՀԿ-ն լուծեց, գործնականում այդ խնդիրը լուծված էր` նախքան առաջարկը բարձրաձայնելը:
Երկրորդ խնդիրը, որ չի բարձրաձայնվում, առանցքայինն է, և առայժմ վաղ է այդ խնդրի վերաբերյալ եզրակացություն անելը, առավել ևս, որ ԲՀԿ-ն դեռ դուրս չի եկել իր այլընտրանքային կարգավիճակից և չի հայտարարել ընդդիմություն լինելը:
Երրորդ խնդիրը դեռ չի էլ գիտակցվում կարծես, թեպետ հնչում են հայտարարություններ ընտրողների կամահայտնության մասին:
Առաջին խնդրի լուծման տարբերակները ևս ինքնատիպ չէին. նախքան ԲՀԿ-ի առաջարկը «Ժառանգության» նախագահն ազդարարել էր իր առաջադրման մասին և հայտարարության մեջ նշել էր խորհրդարանական կառավարմանը նախապատվություն տալը: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության այդ կետը գուցե առաջին հայացքից տեղին չէր կամ ձևաչափի մեջ չէր ընկալվում, բայց մի քանի օր անց ամեն ինչ տեղն ընկավ: ՀՅԴ-ն վաղուց էր ջատագովում խորհրդարանական կառավարման առավելությունները և բոլորովին պատահական չէին նրա փաթեթային առաջարկները: Պատահական չէր նաև, որ քննարկման առաջին փուլը հենց ՀՅԴ-ի հետ էր: Հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանն ասել է, որ «Համաձայնեցման դաշտի գերակշիռ մասն առկա է: Ստեղծված իրավիճակի գնահատումները, բնականաբար, բավականին մոտ են»: Ռուստամյանը նաև շեշտել է. «Այս դուռը բաց է բոլորի առաջ»: Փոքր-ինչ բարդ էր ՀԱԿ-ի խնդիրը. Լևոն Տեր-Պետրոսյան և խորհրդարանական հանրապետություն դժվար է համադրել` ելնելով հիմնադիր նախագահի սահմանադրական գերակայություններից:

Բնականաբար, ՀԱԿ-ի արձագանքը պիտի լիներ խորհրդակցությունների օրակարգում փոփոխությունների առաջարկը, ինչը և արվեց քայլերի ընդհանրական ծրագրի մշակման տարբերակով, որ ներառում է ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում, նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում, գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառման համատեղ քայլեր, ժողովրդի քաղաքական ակտիվացման համատեղ զանգվածային հրապարակային միջոցառումներ, ապօրինի տնտեսական մենաշնորհների և արտոնությունների, համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագիր:
ԲՀԿ-ի քննարկումները շարունակվում են և դեռ կտևեն:
Բայց նշված երեք հարցերին համարյա համաժամանակ առաջանում են նույնքան կարևոր այլ հարցեր:
Նախ` արդյո՞ք 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը և խորհրդարանական կառավարումը միֆ չեն, որ հերթական անգամ ասպարեզ են նետվում քաղաքական վակուումը լցնելու, գոյություն ունեցող բազում պրոբլեմները շրջանցելու և իրական քննարկումների իմիտացիա ստեղծելու համար: Եթե այդպես է, ի՞նչ թեմայով են իրական քննարկումները, արդյո՞ք փակ քննարկումների գլխավոր հարցը չի եղել ու չի մնում իշխանական լծակների վերաբաժանումը: Բնական է, որ ընտրություններով իշխանափոխության անհնարինության մեջ մարտի 1-ով համոզված քաղաքական ուժերը հուսահատությունից դիմեն կառավարման համակարգի փոփոխության տարբերակին, բայց այդ պարագայում ի՞նչ տարբերություն` նախագահ ես ընտրում, թե խորհրդարան: Արդյո՞ք բուն խնդիրը կառավարման համակարգում է: Որևէ, անգամ ամենաանկատար ընտրական օրենսգիրք Հայաստանում արտոնե՞լ է ընտրակեղծիքներ ու հորդորե՞լ է ընտրակաշառքի բաժանում: Եթե անգամ 4-5 տարի հետո Հայաստանն անցնի խորհրդարանական հանրապետության մոդելին, խորհրդարանն էլ ընտրվի 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ովքե՞ր են դառնալու պատգամավորներ: Շա՞տ է տարբերվելու այդ խորհրդարանի կազմը գործողից: Ո՞ր կուսակցություններն են լինելու խորհրդարանում և քանի՞ տոկոսն են ունենալու: Ժողովո՞ւրդն է որոշելու: Ինքնակա՞մ: Եվ շա՞տ մեծ ընտրություն է ունենալու` նույնիսկ եթե ինքնակամ, ազատ, արդար, ժողովրդավարաբար գնա ու ընտրի:
Ապա` բնավ ցանկություն չունենալով քննարկելու նախագահական ու խորհրդարանական կառավարման մոդելների Հայաստանի համար դրական ու բացասական կողմերը, տեսական դաշտը մասնագետներին թողնելով, գործնականում ուզում եմ հասկանալ` առանց քաղաքական էլիտայի փոփոխության համակարգային փոփոխությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ: ՈՒզում եմ հասկանալ` ո՞րն է լինելու տարբերությունը, երբ ասպարեզում նույն մարդիկ են, նույն կենսագրությամբ, նույն պատմությամբ ու նույն հավակնություններով: Այդ պարագայում խորհրդարանական կառավարումը կայանալո՞ւ է: Նոստրադամուսախտով չտառապելով հանդերձ` միանգամից կարող եմ կանխագուշակել` ոչ, իհարկե, ոչ: Որովհետև չկա նման խնդիր: Պարզապես չկա: Չի գիտակցվում, չի ընկալվում, չի կարևորվում: ՈՒ` փորձադաշտ էլ չէ երկիրը: Տարբեր տեսությունների գործնական կիրառության օգտակար գործողությունների գործակցի որոշման ժամանակները մի քանի դար առաջ ավարտվել են, և եզրակացությունը մեկն է եղել` յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությունն ունի, և չկա միջազգային համադարման տեղական ախտերին, նույնիսկ եթե կլինիկան նույնն է, նույն բուժումը չի կարող արդյունավետ լինել բոլոր հիվանդների համար հավասարապես:
Եվ երրորդ` 2013-ի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները նորից ընկղմելու են հասարակությունը թշնամանքի, անվստահության ու անհանդուրժողականության տիղմի մե՞ջ, թե՞ վարչաֆինանսական ու բարեգործաֆինանսական ռեսուրսների պայքարում իր ձայնը լսելու շանս ունի ժողովուրդը: Լսելու և լսվելու: Ո՞վ է մարմնավորելու այդ շանսը և ի՞նչ է հակադրելու այդ ռեսուրսներին:
Այս և առաջիկա շաբաթվա քննարկումների թեման էլ լինելու է համարյա նույնը` հարակից ենթաթեմաներով.
1. Կառաջադրվի՞ Գագիկ Ծառուկյանը: Եթե այո, իբրև ԲՀԿ՞, թե՞ միասնական թեկնածու:
2. Կառաջադրվի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե այո, ի՞նչ պայմաններով:
3. Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական հրաժարականը կտա՞, այս անգամ նախագահի թեկնածու լինելու մտադրությունից:
Իհարկե, սքանչելի կլիներ, եթե ձևակերպված ու չձևակերպված հարցերի պատասխանները ներհայաստանյան խնդիր լինեին, և արտաքին քաղաքական, տնտեսական, ռազմական ներգործությունը հնարավորինս զրոյացվեր: Բայց այդպես չի լինում: Նախագահական ընտրություններն այն սկիզբն են, որից հետագա զարգացումներն են կախված ոչ միայն երկրի ներսում, այլև տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս:
Եվ, իհարկե, հարցերի հարցն է, թե Ֆրանսիայից ու արձակուրդից վերադարձած Սերժ Սարգսյանն ի՞նչ արձագանք է ունենալու: ՀՀԿ-ն ընդունելո՞ւ է մարտահրավերը, թե՞ ասպարեզը թողնելու է այլընտրանք-իշխանության հակակշիռ ԲՀԿ-ին ու քաղաքական դաշտի մյուս ուժերին, որ իրենց անվանում են ընդդիմություն, որպեսզի միմյանց հետ քննարկումներում գտնեն իրենց որոնածը: Սահուն հեռացող նոյեմբերին ի՞նչ է հաջորդելու: Որքան էլ անտրամաբանական, այս ամբողջ պատմությունը շատ շահեկան կարող է լինել գործող նախագահի համար, որովհետև իրական գետնի վրա լուրջ սպառնալիքներ ու մարտահրավերներ չպարունակելով, ընտրական գետնի վրա խոստանում է նրան մրցակցային պայքար ու, գրեթե, ինքնաբերաբար, լեգիտիմություն: Իր դժվար որոշումները նա պիտի կայացնի միայնակ` առանց կուսակցության ու առանց սխալվելու իրավունքի: Հնարավոր է նաև` քաղաքականապես մենակ, որը, թերևս, նրան ավելի կուժեղացնի հետագայում: Տասնամյակներով ընդունված է եղել, որ նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնում սկսած բնակշահագործման գրասենյակներից մինչև անհայտ միություններ ու հայտնի կազմակերպություններ: Գործնականում նրանց աջակցությունն ունեցել է և ունի միայն բարոյական արժեք և որևէ խնդիր չի լուծում` ոչ որակական, ոչ քանակական առավելություն չի տալիս մյուս մրցակիցների համեմատ, որովհետև լավ հայտնի է նրանց «աջակցության» կենսագրությունը, նաև բուն նպատակը: ՈՒ ստացվում է, որ բոլորն առանց բացառության լուծում են անձնական խնդիրներ, իսկ ցուցափեղկում գրված է «Պետություն»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իբրև թեստ` պատասխանեք երեք հարցի:
1. Նշեք առավելագույնը երեք տարբերություն, որ ունեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ձեզ համար: Նաև մյուս կուսակցությունները` բացի իրենց ֆինանսավորման աղբյուրներից:
2. Որտե՞ղ է և ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը: Սահմանադրական փոփոխություննե՞րն է նախապատրաստում, թե՞ պատրաստվում է նոր պաշտոնի:
3. 2013-ի փետրվարը քաղաքական թեժ ձմե՞ռ, թե՞ գարուն է լինելու:
Արհեստական կոմայի մեջ ժողովուրդը ապրել չի կարող: Երկար չի կարող: Կարող է ավարտվել ոչ միայն հիվանդության, այլև հիվանդի պատմությունը: Եվ այդ ժամանակ այլաբանություններն ու այլասացությունները այլևս ոչ ոք չի մեկնի:

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ