«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Սարդարապատի» հուշահամալիրում հուլիսի 11-ին կանցկացվի «Տոլմայի հայկական» երկրորդ փառատոնը: Միջոցառման շրջանակներում կբացվեն 20 տաղավարներ, որտեղ անհատ քաղաքացիներն ու ռեստորանների խոհարաները կցուցադրեն իրենց ձեռքով պատրաստած հայկական այդ յուրահատուկ ուտեստի շուրջ յոթանասուն տարատեսակներ` միաժամանակ ներկայացնելով դրանց պատրաստման ձևերն ու եղանակները:
«Միջոցառումը հիմնականում նպատակաուղղված է հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացմանը, հայկական խոհանոցի ամրագրմանն ու նրա ավանդական արժեքներից մեկի` տոլմայի, որպես հինավուրց կերակրատեսակի նաև Հայաստանում գտնվող հյուրերին և զբոսաշրջիկներին ցուցադրել-հյուրասիրելուն` հերքելու այն տարածված թյուր կարծիքը, թե նշված ուտեստը թուրքական ծագում ունի», - «Իրատես de facto»-ին ասաց կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը:
Նրա խոսքերով, փառատոնի շրջանակներում կանցկացվի մրցույթ, որի ժամանակ ամենալավ խոհարաներին և պատրաստողիներին կտրվի «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն ձևավորում» և «Լավագույն մտահղացում» հատուկ մրցանակներ: Հյուրերի և զբոսաշրջիկների համար նախատեսվել է անցկացնել գեղարվեստական ծրագիր, որի շրջանակներում իրենց կատարումներով հանդես կգան Արմավիրի մարզի երաժշտական, ինչպես նաև հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Միջոցառման ժամանակ հայ ազգագրագետները բեմից կպատման-կներկայացեն հայկական ծեսերից դրվագներ, կծանոթացնեն «Սարդարապատի» հուշահամալիրի մշակութային պատմությանը:
Փառատոնին հրավիրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի և էկոնոմիկայի նախարարները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներ, քաղաքական, տնտեսական, մշակութային և բարեգործական ոլորտի ներկայացուցիչներ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպության անցած տարվա հուլիսի 14-ին անցկացրած «Տոլմայի փառատոնի» մասին ստացվել են բազմաթիվ դրական արձագանքներ և որոշվել է այն դարձնել ամենամյա միջոցառում», -ասաց Վահե Անթանեսյանը: Նրա խոսքերով, կազմակերպությունն արդեն հրատարակել է «Հայկական տոլմայի բոլոր տարատեսակները» գիրքը, որում ներկայացվել են այդ ուտեստի 65-70 բաղադրատոմսեր:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ