09.05.2013|
18:11
Անկախացած Հայաստանում, երբ սովետամերժ տրամադրությունները ոչ միայն թարմ էին, այլև կատաղի, շատ փողոցների անուններ փոխվեցին, Լենինի արձանը հանվեց ու նույնիսկ մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերացավ պաշտոնապես: Հայրենական պատերազմի վետերաններն ընդվզեցին, թեև նրանց ընդվզոցը իրենց ներսում էր` իրենց երազած անկախ Հայաստանում օրացույցներից ջնջեցին իրենց բաժին հաղթանակի օրը որպես տոն: Իմ լավ բարեկամուհի տիկին Վերգուշը` Վերգինե Ավետիսյանը, ում 17-ը լրացել էր պատերազմի դաշտում` ռմբակոծության տակ, և ով մինչև Ռումինիա էր հասել, ուներ մեդալներ, շքանշաններ, ամեն տարվա մայիսի 9-ին հաղթանակի օրվա միջոցառումների պատվավոր հյուրն էր: Երբ ասվեց, որ դա հայերի պատերազմը չի եղել, այլ Սովետական Միության, նեղվում էր. «Ախր դա իմ կյանքն է, իմ պատմությունն է, ոնց են մոռանում, որ մենք կռվեցինք»: Տիկին Վերգինեն արդեն ողջ չէր, երբ Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերականգնվեց: