Պատերազմ է, պատերազմ է մոլեգնում հայոց աշխարհում
17.11.2020 | 00:24
1922 թ. նոյեմբերի 24-1923 թ. ապրիլի 22-ին տեղի ունեցավ Լոզանի կոնֆերանսը, իսկ հուլիսի 24-ին ստորագրվեց դաշնագիր, որով փակվեց Առաջին աշխարհամարտի էջը: Փակվեց նաև հայկական հարցը: Ցեղասպանված հայ ժողովուրդը թողնվեց ձեռնունայն:
Դաշնագրի 46-րդ հոդվածի համաձայն, Թուրքիայի 141666299 լիրայի պարտքը նվազեցվեց 84578476 լիրայի, իսկ մնացյալ մասը բարդվեց Հունաստանի, Սիրիա-Լիբանանի, Բուլղարիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության փլուզումից ի հայտ եկած մեկ տասնյակ պետությունների վրա:
Անգլիան ու Ֆրանսիան գրավեցին «Դոյչե բանկում» կանխիկ դրամի տեսքով ավանդադրված 5 մլն լիրան, որը թուրքական կառավարությունը բռնազավթել էր հայերից:
Ամերիկահայ քաղաքացիներն ունեին 52 մլն դոլարի պահանջ, բայց Թուրքիան համաձայնեց վճարել դրա 2 %-ը միայն՝ 1,2 մլն դոլար, այն էլ՝ 12 տարվա ընթացքում՝ 1936-1948 թթ.: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դա էլ չվճարեց:
Աշխարհն ինչու՞ այդքան «ողորմած» վերաբերմունք դրսևորեց Թուրքիայի հանդեպ: Մենք ունենք մեր պատասխանը, որը կշարադրենք եզրափակիչ խոսքում:
ՄԱՍՆ Գ. ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՈՊՏԻՉ
1918 թ. նոյեմբերի 30-ին հունական Լեմնոս կղզու Մուդրոս ծովածոցում, անգլիական «Ագամեմնոն» ռազմանավի վրա ստորագրվեց զինադադարի պայմանագիրը, որով Թուրքիան իրեն պարտված էր ճանաչում:
Իթթիհադի ցեղասպանության ու կողոպուտի քաղաքականությունը շարունակեց Մուստաֆա Քեմալը: Նա կողոպուտի շնորհիվ բավական ֆինանսական միջոցներ կուտակեց, բայց պատերազմեց Հունաստանի դեմ, զրկվեց թալանի «բարիքներից» ու ստիպված դիմեց բոլշևիկյան Ռուսաստանին: 1921 թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև Մոսկվայում կնքված «Եղբայրության և բարեկամության» պայմանագրով Լենինի կառավարությունը ոչ միայն Ադրբեջանին հանձնեց Նախիջևանը, իսկ Թուրքիային՝ Սուրմալուի գավառը, այլև համաձայնեց Քեմալին անհատույց հատկացնել 10 մլն ոսկե ռուբլու ֆինանսական աջակցության տեսքով 33275 հատ «մոսին» հրացան, 57986000 փամփուշտ, 327 գնդացիր, 54 թնդանոթ, 129479 արկ, 1500 սուր, 20000 հակագազ և մեծ քանակությամբ այլ սպառազինություն: Այս ամբողջի մի մասը երկու սուզանավերով հասցվեց Սամսունի նավահանգիստ:
Զարմանալու հարկ չկա, թե պատերազմից ու դրան հաջորդած քաղաքացիական կռիվներից ջլատված, հյուծված «կարմիր» Ռուսաստանն ինչու էր նման շռայլ օգնություն ցուցաբերում նախկին թշնամուն ու հայոց ցեղասպանություն իրականացնողին: Ցարական Ռուսաստանն էր Անտանտի անդամ, իսկ բոլշևիկյան կառավարությունը, երկյուղելով Անգլիայի ու Ֆրանսիայի գերիշխող դերակատարումից, ցանկանում էր իմպերիալիստների դեմն առնել և օժանդակել թուրք «աշխատավոր ժողովրդի» պարագլուխ Մուստաֆա Աթաթուրքին:
1926 թ. ամերիկյան Առևտրական պալատի հրատարակած «Թուրքիա» գրքում նշվում էր, որ Թուրքիան ոսկու պահուստ չունի: Աշխարհի երկրների կենտրոնական բանկերի 1934 թ. նոյեմբերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիան առաջին անգամ հիշատակվում է որպես 35-րդ պետություն, որ ուներ 22 մլն դոլարի ոսկու պահուստ: Եթե նկատի ունենանք, որ այդ ժամանակ մեկ տոննա ոսկին արժեր 1,142 հազար դոլար, հետևաբար քեմալական Թուրքիան ուներ 15,5 տոննա ոսկի:
Հարց է ծագում՝ որտեղի՞ց:
Պատասխանը միակն է՝ հայերի ունեզրկումից, կողոպուտից: Դա գոյացել էր հայոց վանքերի ու եկեղեցիների ոսկեղենից, արծաթեղենից, խաչերի ու սպասքների թանկագին քարերից, եզակի ձեռագրերի ու գրքերի թանկարժեք կազմերից, հայապատկան առևտրային հաստատությունների ունեցվածքի թալանից, գավառներում Օսմանյան բանկի մասնաճյուղերում ավանդների բռնազավթումից և, վերջապես, բռնի տեղահանության ժամանակ հայերի զանգվածային խուզարկություններից ձեռք գցած զարդերից, ոսկե և արծաթե իրերից ու դրամներից:
Տնօրինման մեխանիզմն էլ էր դիվային: Թեև Գողգոթա տանող ճանապարհին կողոպտվածի մի մասը բաժին հասավ ցեղասպանություն իրականացրած պետական պաշտոնյաներին, նրանց հանցակից չեթեներին և քրեական հանցագործ մարդասպաններին, ինչպես նաև թուրք և քուրդ «աշխատավոր» զանգվածին, այդուհանդերձ, իթթիհադական ու քեմալական կառավարությունները կարողացան վերահսկողություն սահմանել հայկական կողոպտված հավաքական գանձի հանդեպ: Նախ, կողոպտված ոսկու, արծաթի, թանկագին քարերի, կանխիկ դրամի հետքերը թաքցնելու համար մի մասն ի պահ հանձնեցին իրենց վստահելի մարդկանց (օրինակ, որոշ մաս ուղարկեցին Ռումինիայի թուրքերից մեկին), իսկ մյուս մասը՝ անհատ մյութևելիներին՝ հոգաբարձուներին:
Մուստաֆա Քեմալը շատ լավ հասկանում էր, որ Հայկական գանձը չէր կարելի ծախսել, դա կապիտալ էր, որի պահանջատերերը ոչնչացվել էին, և որը ապագա թուրքական տնտեսության հիմքը պիտի հանդիսանար: Այդ նպատակի համար նա հիմնեց շուրջ 400 առևտրային ֆիրմա և կողոպտված կապիտալի մի մասը տրամադրեց որպես դրամագլուխ՝ հիմնադիր կապիտալ:
Մյուս՝ շատ ավելի խոշոր մասնաբաժինը, 1927 թ. հատկացրեց ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորահաստատ բանկերին:
Այդ դրամատները հետևյալներն էին.
1. «Հանրապետության կենտրոնական բանկ», որի դրամագլուխն էր 15 մլն լիրա, և որտեղ գտնվում էր թուրքական ոսկու պահուստը.
2. «Խալգ բանքասը» (Ժողովրդական դրամատուն) խնայողական բանկ.
3. «Սումեր բանք» (Շումերական դրամատուն), զուտ պետական բանկ՝ 150 մլն լիրա դրամագլխով.
4. «Զրաաթ բանքասը» (Գյուղատնտեսական դրամատուն), որ հիմնված էր 1885-ին՝ 10 մլն լիրա նախնական դրամագլխով, ինչը հետագայում հասցվեց 50 մլն լիրայի: Հավելյալ 40 միլիոնը հայերից գողոն էր, ձևավորված վանքերի, եկեղեցիների և անհատների թանկարժեք իրերի վաճառքից: Այս բանկի մասնաճյուղերի տնօրենները հայերի բռնի տեղահանության ժամանակ կազմված «Էմվալը մեթրուքեքոմիսիոն» («Լքյալ գույքերի հաշվառման հանձնախումբ») կոչված կողոպտիչ մարմինների անդամ էին.
5. «Էթի բանք» (Հիթիթական դրամատուն), դրամագլուխը՝ 100 մլն լիրա: Հիմնված էր հանքարդյունաբերության զարգացման համար.
6. «Էմլագ բանքասը» (Անշարժ կալվածքների դրամատուն).
7. «Իշ բանքասը» (Առևտրական դրամատուն), դրամագլուխը՝ 5 մլն դոլար.
8. «Քաղաքապետական բանկ», դրամագլուխը՝ 15 մլն լիրա:
Սրանք բոլորն ստացան հայապատկան սեփականության կողոպուտի իրենց արյունոտ մասնաբաժինը, գլխավոր «շահառուները» Թուրքիայի կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերն էին:
Այս ամենից կարելի է հանգել մեկ եզրակացության. իրավացի են նրանք, ովքեր համարում են, որ Թուրքիայի ներկա տնտեսության հիմքը կազմել է բռնի յուրացված, կողոպուտի ենթարկված, գողացված հայկական կապիտալը:
ՄԱՍՆ Դ . ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸ
Պատերազմներն ավարտվում են մայրաքաղաքներում՝ զենընկեցության պայմանագրերի կնքմամբ: 1992-1994 թթ. հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվեց Բաքվու՞մ, թե՞ Երևանում: Մոսկվայում ստորագրվեց զինադադար, և դա նշանակում էր, որ ավարտվել էր ընդամենը ճակատամարտը, ու հարկ էր նախապատրաստվել նոր, ավելի ահարկու պատերազմի: Հարկ էր խաղաղության ժամանակահատվածն օգտագործել նախապատրաստվելու համար: Արդյո՞ք մենք դա պատշաճ, նպատակային օգտագործեցինք:
Պատերազմ մղում են ոչ միայն բանակները, այլև հասարակությունները, մեր պարագայում՝ ամբողջ ազգը: Յուրաքանչյուր հայ մարդ պարտավոր էր իր լուման ձգել ազգային գանձանակում, այնինչ մեզ մոտ տիրեց ինքնագոհության, ինքնասիրահարվածության, հանցավոր անտարբերության, ճակատամարտի հաղթանակի բարձերի վրա ննջելու մթնոլորտ: Չկար գիտակցում, որ մենք գտնվում ենք նախապատերազմական վիճակում:
Ես պատմաբան չեմ, քաղաքագետ չեմ, վերլուծաբան չեմ, տնտեսագետ չեմ, իրավաբան չեմ, կրթությամբ ընդամենը լրագրող եմ և ամբողջ կյանքում առաջնորդվել եմ մեկ սկզբունքով՝ արա այն, ինչ կարող ես, և լա՛վ արա:
2006 թ. լույս տեսավ իմ «Հայերը և Բաքուն (1850-ական թթ.-1920 թ.)» գիրքը (2007-ին հրատարակվեց դրա ռուսերեն թարգմանությունը), որտեղ մանրակրկիտ կերպով ներկայացնելով հայերիս վիթխարի դերակատարումը Բաքվի նավթարդյունաբերությունում և տնտեսության բոլոր ճյուղերում, ինչպես նաև 1918 թ. սեպտեմբերի 15-հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակամիջոցում 30000 խաղաղ հայ բնակչության ցեղասպանությունը, նրանց թալանն ու կողոպուտը, առաջադրել էի մի հիմնարար գաղափար:
Ո՞րն էր դրա էությունը:
1918 թ. դեկտեմբերին Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից Բաքվում ստեղծվեց շուրջ երեք տասնյակ մարդկանցից բաղկացած «Դաշնակից տերությունների վերստուգիչ հանձնաժողով»: Պաշտոնական այդ մարմինը միջազգային էր, ինտերնացիոնալ, և կազմի մեջ ընդգրկված էին ընդամենը 7 հայեր: Հանձնաժողովը Բաքվի բնակչությանն առաջարկեց ներկայացնել ցուցակ-նախահաշիվներ` երկուսուկես ամսում կրած կորուստների նյութական փոխհատուցում տրամադրելու նպատակով: Ապա սկսեց այդ ցուցակների իսկությունն ստուգել, 1919 թ. ապրիլին աշխատանքն ավարտեց ու հրապարակեց ամփոփիչ տվյալները: Օրինական վճարման ենթակա ճանաչվեց. հայերին` 453 մլն 184126 ռուբլի, ռուսներին և այլ ազգերի ներկայացուցիչներին` 48 մլն 824531 ռ., վրացիներին` 3 մլն 995049ռ., մուսուլմաններին` 2 մլն 226822 ռ., հիմնարկ-ձեռնարկություններին` 83 մլն 871114ռ.: Ընդ որում, յուրաքանչյուր ցուցակատիրոջ տրամադրվեց համապատասխան չեկ:
Ո՞վ պետք է վճարեր այդ գումարները: Ըստ հանձնաժողովի` Թուրքիան: ՀՀ Ազգային արխիվում պահպանվում է մի փաստաթուղթ (ֆ. 200, ց. 1, գ. 39, թ. 50)՝ Վրաստանում ՀՀ գործերի հավատարմատար Ա. Ջամալյանի 1918 թ. նոյեմբերի 29-ի հեռագիրը, որով նա Հայաստանի արտաքին գործերի նախարարին հղել էր Բաքվի զինվորական նահանգապետ, անգլիացի գեներալ ՈՒիլյամ Թոմսոնի` նոյեմբերի 21-ին Նուրի փաշային ուղղված հետևյալ հեռագրի պատճենը. «Բաքու ժամանելուն պես զեկույցներ են ստացվել օսմանյան զինվորների կողմից թալանի և ունեցվածքին հասցված վնասների մասին: Բաքվում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից կազմվել է հանձնաժողով` ապացուցված վնասների ընդհանուր արժեքի գնահատումը հետաքննելու համար: Քանի որ ապագա գումարը պետք է փակվի Թուրքիայի հաշվին, Ձեզ գրում եմ, որպեսզի հնարավորություն ունենաք վերադարձնելու ունեցվածքը: Հայտնում եմ Ձեզ, որ անհրաժեշտություն ծագելու դեպքում կձևավորվեն այլ հանձնաժողովներ` բողոքները քննարկելու համար: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է Ձեզ և Ձեր գեներալներին տեղեկացնել սույն մտադրության մասին»:
Ո՞րն է այս փաստաթղթի արժեքը. գեներալ Թոմսոնն ուղղակիորեն մատնացույց էր արել պատասխանատվություն կրողին՝ դաշնակից պետությունները փոխհատուցման պատասխանատու էին ճանաչում Թուրքիան, այնինչ հավասարաչափ պատասխանատվություն պետք է կրեր նաև Ադրբեջանի թուրքաստեղծ Հանրապետությունը, որն ուներ կառավարություն, մեջլիս-խորհրդարան և որի տարածքում յուրացվել էր բաքվեցիների ունեցվածքը: Սա իրավական հիմքերից մեկն է:
1991 թ. հոկտեմբերի 18-ին ընդունվեց «Ադրբեջանական Հանրապետության սահմանադրական ակտը Ադրբեջանական Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին»: Այդ ակտի նախաբանում կան ադրբեջանցիներին բնորոշ անհեթեթություններ, դիցուք. «1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն ընդունեց Անկախության մասին հռչակագիր, դրանով հանդերձ վերականգնելով ադրբեջանական ժողովրդի պետականության բազմադարյա ավանդույթները», կամ. «...ՌԽՖՍՀ-ը... օկուպացրեց ինքնիշխան Ադրբեջանական Հանրապետության տարածքը, բռնի կերպով տապալեց օրինականորեն ընտրված իշխանության մարմինները և վերջ դրեց ադրբեջանական ժողովրդի մեծաքանակ զոհերի գնով ձեռք բերած անկախությանը»:
Բանից պարզվում է, որ ադրբեջանական ժողովուրդը ոչ միայն գոյություն է ունեցել դարեր շարունակ, այլև ունեցել է «պետականության բազմադարյա ավանդույթներ»: Բանից պարզվում է, որ ունեցել են «օրինականորեն ընտրված» իշխանության մարմիններ: Ի՞նչ օրինական ընտրության մասին է խոսքը, երբ Հայոց ազգային խորհուրդը հրաժարվել էր պատգամավորներ գործուղել մեջլիս` իրավացիորեն պատճառաբանելով, որ չի ցանկանում մասնակցել և դրանով հանդերձ օրինականացնել ցեղասպանների հանցավոր գործունեությունը:
Սակայն ուշագրավ է այդ սահմանադրական ակտի հոդվածներից մեկը, որն ունի այսպիսի բովանդակություն. «Հոդված 2. Ադրբեջանական Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյատևած Ադրբեջանական Հանրապետության ժառանգորդը»:
Փաստորեն ներկայիս Ադրբեջանն ընդունում է, որ ինքը ցեղասպանների, թալանչիների, բռնարարների ժառանգորդն է:
Այս հոդվածով Ադրբեջանն ընդունում է հայերի փաստարկներից ևս մեկը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել իր կազմում, որովհետև Արցախն Ադրբեջանին բռնակցվել է 1921 թվականի հուլիսի 5-ին:
Այս հոդվածով, ի վերջո, ժառանգորդն ստանձնում է իր նախնիների գործած ցեղասպանության հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Ինչպիսի՞ պատասխանատվություն:
Կատարեցի մի հաշվարկ, որի մեխանիզմն ու չափորոշիչները մանրամասն շարադրել եմ գրքում և չեմ ուզում կրկնել:
Ըստ այդ հաշվարկի, 2006 թ. դրությամբ Ադրբեջանը1918 թ. Բաքվում սպանված կամ չսպանված, բայց թալանված բնակիչների ժառանգորդներին պարտք էր 134 մլն 149279 ֆունտ ստեռլինգ, այդ թվում հայերին` 102 մլն 674461 ֆունտ ստեռլինգ, ռուսներին և այլ ազգերի ներկայացուցիչներին (գերմանացիներ, ավստրիացիներ, հրեաներ, լեհեր, չեխեր, ֆրանսիացիներ, լատվիացիներ և այլք)`11 մլն 062275, վրացիներին` 905159, մուսուլմաններին (ադրբեջանցիներ, պարսիկներ, լեզգիներ և այլք)` 504529, հիմնարկ-ձեռնարկությունների հավաքական սեփականատերերին` 19 մլն 002855:
Սակայն անգլիացի գեներալ Թոմսոնն իր պատմական հեռագրով ուղղակի մատնացույց էր անում հիմնական մեղավորին և պարտապան էր ճանաչում Թուրքիան:
Կատարեցի ևս մի հաշվարկ` նույն սկզբունքներով: Վերստուգիչ հանձնաժողովի կողմից Թուրքիայի պաշտոնական պարտքը ճանաչվել էր 59 մլն 210165 ֆունտ ստեռլինգ, հետևաբար 2006 թ. դրությամբ Թուրքիայի նյութական փոխհատուցման գումարը կազմում էր 4 միլիարդ 552 միլիոն 032960 ֆունտ ստեռլինգ, որից հայերի մասնաբաժինն էր 3 միլիարդ 518 միլիոն 847403 ֆունտ ստեռլինգ:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ