Հուլիսի 10-28-ին Երևանում կայանալիք «Music 20» առցանց միջազգային փառատոնին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են գալու հայտնի երաժիշտներ։
«Առցանց նախագծերով հաջողվու՞մ է լրացնել բացը, դրանք փոխարինու՞մ են կենդանի համերգներին, ի՞նչ են տալիս թե՛ երաժշտասերներին, թե՛ երաժիշտներին։ «Music 20»-ը կարո՞ղ է շարունակական դառնալ». «Իրատեսի» այս հարցերին ի պատասխան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ փոխարինելու մասին խոսք չի կարող լինել, բայց կենդանի համերգները հետաձգվում են, որովհետև կա խնդիր, և փորձում են պրագմատիկ լավատեսությամբ նայել փաստերին. «Մենք ունենք արվեստ, երաժշտություն, ասելիք և ունենք համավարակ։ Կան պատճառներ՝ նման միջոցառումներ չանելու, բայց մենք գտել ենք հաղորդակցման ձևաչափ։ «Music 20»-ը գուցե և շարունակական լինի, թեև նպատակը դա չէ, այլ այն, որ ունենանք փառատոն, հնչեցնենք երաժշտություն, որը հասանելի լինի և՛ հայաստանյան, և՛ միջազգային հանրությանը, բոլոր նրանց, ովքեր ունեն նոր համերգների պահանջ»։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն էլ հույս հայտնեց, որ հաջորդ փառատոնը կանցկացվի համավարակը հաղթահարելուց հետո, և դահլիճը լեփ-լեցուն կլինի հանդիսատեսով։
Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ