-Տիկին Մելքումյան, հետմահու ճակատագիր ասելով ի՞նչ նկատի ունեք, մՄի փոքր բացեք փակագծերը:
- Դավթի կյանքը շատ դրամատիկ էր, հետմահու ճակատագիրը նույնպես լի էր լավ ու վատ իրադարձություններով: Դավիթը Էդուարդ և Էմմա Սարապյանների միակ ժառանգն էր: Էդուարդ Սարապյանը Երևանի գլխավոր ճարտարապետն էր 1960-ականներին, նրա նախագծերով կառուցվել են Հանրապետության հրապարակի շատրվանները, Կոմպոզիտորների տունը՝ Դեմիրճյան փողոցի բնակելի հատվածով, «Արմենիա» հյուրանոցը և այլ կառույցներ: Մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական էր։ Նրանց բնակարանը կարծես մշակութային կենտրոն լիներ, որտեղ հավաքվում էին հայտնի մարդիկ՝ ճարտարապետներ, գրողներ, դերասաններ: Դավիթը մեծացել է այդ միջավայրում: Գրքում գրել եմ այդ մասին` Դավիթի մահից հետո տիկին Էմման ապրեց ևս 14 հարի։ Նրա մեծագույն երազանքն էր, որ Սարապյանների ընտանիքին պատկանող երեքսենյականոց ընդարձակ բնակարանը դառնա իր ամուսնու և որդու տուն-թանգարանը։ Արդեն իսկ նրա օրոք այն ընկալվում էր որպես թանգարան, իսկ տիկին Էմման ասես այդ թանգարանի էքսկուրսավարը լիներ։ Բոլոր հյուրերին (նրան միշտ բազմաթիվ մարդիկ էին այցելում) նա ջանասիրաբար ծանոթացնում էր ամուսնու և մինուճար որդու կյանքի ու ստեղծագործության սրբազան մասունքներին։ Հետո շատ ցավալի բան տեղի ունեցավ: Էմմա Պավլովնան վստահելով Դավթի զինակից ընկերներին, բնակարանը կտակել էր նրանց, որ վերջիններս այն վերածեն հորը և որդուն նվիրված տուն-թանգարանի, սակայն վերջիններս, Դավթի մոր մահից հետո բոլորից ծածուկ վաճառեցին բնակարանը, իրերը բաժանեցին իրար մեջ: Վայրը, որտեղ հավաքվում, հիշում էինք Դավթին, էլ չկա: Բնակարանի մասին հիշեցնում է միայն շենքի պատին ամրացված հուշատախտակը՝ նվիրված հայր ու որդի Սարապյաններին:
-Ի՞նչ եղան Դավթի ձեռագրերը: Անավարտ, անտիպ գործեր ունե՞ր:
-Փրկվեցին այն ձեռագրերը, որ տպագրության էինք հանձնել: Նամակները, էսսեներ չկարողացանք գտնել:
-Ստեղծագործական ընթացքի մասին ի՞նչ կասեք:
-Դժվար և պատասխանատու աշխատանք էր: Ես հասկանում էի, որ այն, ինչ գրում եմ, կարող է տեղեկատվական կարևոր աղբյուր դառնալ շատերի համար, հատկապես՝ Արցախյան ազատամարտի պատմությունն ուսումնասիրողների: ՈՒզում էի Դավթին ներկայացնել բոլոր կողմերից՝ որպես մարդ, հայի տեսակ, ազնվական, մտավորական, հայրենասեր, գրող, տաղանդավոր անձնավորություն: Գրքում ներկայացրել եմ նաև նրան ճանաչողների հիշողությունները (Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Մոնթե Մելքոնյան): Առաջին հրատարակությունը կարծես նոր կյանք տվեց Դավթին` հետաքրքրություն առաջացնելով և՛ ավագ սերնդի, և՛ երիտասարդների շրջանում: Կարելի է ասել շատերը ոգեշնչվեցին Դավթի կերպարով ու դարձան նրա նվիրյալը:
-Ե՛վ Դավթի, և՛ այլ հերոսների համար ի՞նչ է արվում և ի՞նչ չի արվում:
-ՈՒրախ եմ, որ շատ ազատամարտիկներ, հատկապես ապրիլյան քառօրյայի հերոսները գնահատվում են ըստ արժանվույն, միջոցառումներ են անցկացվում, դպրոցներ են անվանակոչվում: Հերոսներն էլ կարծես իրենց ճակատագրերն ունեն. մեկի անունը շուրթերից չի իջնում, մյուսին մոռանում են: Ցավոք, Դավիթը չունի հարազատներ, որ պահպանեն նրա հիշատակը, ես նրանց ընտանիքի մտերիմն էի, աշխատել եմ Էմմա Սարապյանի հետ, Դավթին ճանաչում էի փոքր տարիքից ու կարծես ի վերուստ առաքելություն ունեի վառ պահելու նրա հիշատակը: ՈՒզում եմ նշել, որ ես ռուսերեն եմ գրում, սակայն շնորհիվ գրքի խմբագիր Հասմիկ Գուլակյանի գիրքն ընթերցողին ներկայանում է լավ հայերենով։
-Ինչու՞ Դև:
-Կարծում եմ` Դևը Դավթի կրճատ ձևն է, գրքում անդրադարձ կա այդ հարցին: Ինչպես գիտեք, ազատամարտի օրերին տղաները ժամանակ առ ժամանակ տուն էին գալիս, ընկերները պատմում են, որ Դավիթը ծեծում էր տան դուռը, մոր հարցին՝ ո՞վ է, պատասխանում էր՝ այդ ես եմ, քո բարի Դևը (Ռոբերտ Սահակյանցի «Խոսող ձուկը» մուլտֆիլմից): ՈՒրիշ վարկածներ էլ կան, պատմում են, որ նա հաղթանդամ էր, ոտնաթաթերի թողած հետքերը մեծ էին, վտանգի ժամանակ միշտ առջևից էր քայլում, մարտերից հետո վերջից էր գնում` ուղեկցելով մարտընկերներին: Անվան մասին վարկածները տարբեր են:
-Ի՞նչ եք կարծում, եթե չլիներ պատերազմը (թեև այդ ժամանակ բացահայտվեց նաև նրա ռազմական տաղանդը), Դավիթը կլիներ հասարական-քաղաքական գործի՞չ, գրո՞ղ, ռեժիսո՞ր, սցենարի՞ստ:
-Լավ հարց եք տալիս, Վարդան Դևրիկյանն էլ անդրադարձավ այդ հարցին, նշելով` որ ասպարեզում էլ լիներ, կլիներ՝ բարձունքում: Պարգև սրբազանն ասում է՝ Դավիթ Սարապյանը դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ... Ոչ ոք չի կարող ասել` նա որ ասպարեզը կընտրեր, որովհետև տաղանդաշատ էր (կինո էր սիրում, որպես ռեժիսոր կայացել էր, գրող էր, նրա սցենարով ուզում էին ֆիլմ նկարահանել), սակայն, կյանքի այդ վայելքներն ու ձեռքբերումները թողնելով, գրիչը փոխարինեց զենքով:
ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ցավով նշում է, որ Դավիթ Սարապյանի բոլոր գործերը չէ, որ պահպանվել են, չի պահպանվել նաև խոստումնալից արձակագրի նամականին, որը, ծանոթների վկայությամբ, աչքի է ընկել բացառիկ գեղարվեստականությամբ:
-«Երեք հարյուր վայրկյան» (վիպակ, պատմվածքներ) ժողովածուում քանի ՞ գործ է ընգրկված: Ինչպե՞ս եք կատարել ընտրությունը: Ո՞ր թվականին գրված գործեր են: Տպագրվե՞լ են դրանք մամուլում:
-Հայերեն թարգմանությամբ ներկայացված են «Երեք հարյուր վայրկյան» կինոսցենար-վիպակը, մի շարք պատմվածքներ և համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարը: Թարգմանությունն արվել է Էվելինա Մելքումյանի աշխատությամբ 2006-ին լույս տեսած «Дэв. Жизнь, творчество, борьба» գրքում զետեղված ռուսերեն բնագրերից: Դավիթ Սարապյանի գրական շնորհը երևան է եկել դեռ պատանության շրջանում. մամուլում տպագրվել են նրա որոշ գործեր: ՈՒսանողական տարիներին Դավիթն իր ցանկությամբ զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղ ադրբեջանցիների հրահրած ազգամիջյան ծեծկռտուքի ժամանակ իր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Ահա այս չորս տարիների ընթացքում կուտակված կենսափորձն էլ ազատության առաջին իսկ ամիսների կենսատու ջերմությունից հալչել, դարձել է ստեղծագործական փոթորկուն հոսք և հանգրվանել գեղարվեստական հասուն կաղապարների մեջ:
-Ինչի՞ մասին են պատմվածքները, վիպակը: Վիպակի հիման վրա ֆի՞լմ է նկարահանվել:
-«Երեք հարյուր վայրկյան» կինոսցենար-վիպակը 1980թ. վերջերին Օդեսայի կինոստուդիայի կողմից հաստատվել է նկարահանման, բայց երբ սկսվում է Արցախյան պատերազմը, Դավիթ Սարապյանը թողնում է Օդեսան, վերադառնում է հայրենիք և միանում իր մեծ ուսուցչի ու ավագ ընկերոջ՝ Սարապյանների ընտանիքի վաղեմի բարեկամ Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակին»:
-Ի՞նչ կասի գիրքը այս օրերի ընթերցողին, նոր սերնդին:
-Շատ բան: Առաջին հերթին կամբողջացնի Դավթի ստեղծարար, լուսավոր կերպարը: Մարդը չի ծնվում պատերազմելու համար, նրա ներբնակ առաքելությունը արարելն է: Հիրավի, Դավիթը արարչական քանքարներով շռայլորեն օժտված երիտասարդ էր, հիանալի նկարում էր, գրում, իր առաջին քայլերն էր փորձում կինոաշխարհում: Նրա վիպակն ու պատմվածքները ապրելու մասին են, խավարում լույս վառելու, խավարում սիրելու, խավարում մարդ մնալու և մարդ մնալով խավարը ցրելու մասին:
-Նրա գործերը կարդալիս ի՞նչ տպավորություն ունեիք և արդյո՞ք նկատում էիք գրողին, որը զգում էր պատերազմը, մոտալուտ մահը:
-Քիչ է ասել՝ նկատում էի գրողին: Քսաներեք տարեկանում քչերին է հաջողվում սեփական կենսափորձից բխող, անձնապես վերապրած բովանդակությունը՝ խիտ, հույժ իրական ու տարերային, սանձել ձևի այնպիսի հնարանքներով, որ տարիների ընթացքում ոչինչ չկորչի ո՛չ թեմայի ակտուալության, ո՛չ գրողական ուղերձի օգտակարության առումով:
Չեմ կարծում, թե Դավիթը զգում էր պատերազմը կամ իր մոտալուտ մահը, ո՛չ: Դավիթը գիտակցում էր պայքարի անհրաժեշտությունը. նա լավ գիտեր իր ժողովրդի պատմությունը և լցված էր իր ժողովրդի ճակատագիրը վճռականորեն բեկելու հանձնառությամբ: Այլախոհությունը, որ նա դրսևորել էր խորհրդային բռնապետության ու անարդարությունների դեմ դեռևս դպրոցական, ապա ուսանողական, բանակային ու բանտային տարիներին, անձնական ազատության մեջ հասունացավ ի շահ հայրենյաց ազատության, վերածվեց կոնկրետ պայքարի, որն այս անգամ, շնորհիվ իր պես առավելապաշտ մարտիկների, այլ որակ ձեռք բերեց՝ կանխորոշելով մեր ազատամարտի փառապանծ ելքը. դա սեփական ուժերով ոչ միայն հայրենիքը պաշտպանելու, այլև ազգային-ազատագրական իղձերը վերջապես կյանքի կոչելու գիտակցությունն էր: Իսկ այդպիսի գիտակցության մեջ մահվան մասին մտածումները տեղ չունեն: -Կարելի՞ է ասել, որ այս գրքով կարող ենք ճանաչել Դևին: Ոչ միայն գրողին, այլև մարդուն, ազատամարտիկին, հերոսին:
-Կարող ենք ճանաչել, ավելին՝ սիրել նրան ու հիանալ նրանով: Նրա կյանքն ինքնին գեղարվեստական նյութ է՝ իմաստալից, ոգեղեն, թռիչքային: Հերոսությունը կարող է դրվագային լինել, դիպվածային ու մեկանգամյա, բայց հերոս լինելը մարդկային կայուն, հարակա առաքինություն է: Դավիթը հերոս է առաջին հերթին մարդկային ամենաբարձր առաքինությունները՝ հայրենապաշտությունը, անձնուրացությունը, ընկերասիրությունը, արդարամտությունն ու ազնվազարմությունն իր անձի մեջ կատարելապես մեկտեղած լինելու և դրանք մշտապես կրած լինելու առումով:
-Թարգմանության ընթացքը ինչպիսի՞ն էր, ի՞նչն էր դժվար, ի՞նչը հեշտ:
-Դյուրին չէր թարգմանությունը, բայց բերկրանքով լի էր: Թարգմանությունը ընթերցանության ամենամանրազնին տեսակն է, և այս դեպքում ես արտոնությունն ունեի կանխավայելելու արտասովոր այս հեղինակի հղացքների թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքաբանական գրեթե բոլոր շերտերը, որոնք սովորաբար հնարավոր է լինում դիտարկել թարգմանության «կազմաքանդող» և «վերադասավորող» քայլերի ընթացքում:
Դավիթը կգրեր հայերեն, եթե հանգամանքների բերումով ռուսական կրթություն ստացած չլիներ: Միջավայրն էլ, որի մասին գրել է, ռուսախոս էր: Խորհրդային բանակ, խորհրդային կալանավայրեր: Բնական է, որ այդ թեմաները լեզվախոսվածքային հատուկ մոտեցում էին պահանջելու: Դավիթը դասական շարադրանքի չափանիշները վարպետորեն համադրել է բանակային-բանտային բառամթերքին` պահպանելով միջավայրի ինքնատիպությունն ու բնականությունը:
Թարգմանական խութերը մեծ մասամբ պայմանավորված էին ենթամշակութային լեզվառանձնահատկություններով և դրանք հայերենում պահպանելու գերխնդրով: Երջանիկ կլինեմ, եթե ընթերցողն ու մասնագետներն այդ խնդիրը լուծված տեսնեն:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ