«Գիտնականը չափից դուրս սկզբունքային է, ազատամիտ, նրան պետք չէ մոտ թողնել երկրի խնդիրների լուծմանը»
17.12.2019 | 01:50
Խառը ժամանակներ ենք ապրում։ ՈՒ թեպետ կարողացանք մեր մեջ խեղդել ստրուկի հոգեբանությունը, «ո՛չ» ասել անցյալին, բայց ինչպես ապրել դեռ հստակ չենք պատկերացնում: Խարխափում ենք մեր փնտրտուքներում։ Հայտնի իրադարձություններից մեկուկես տարի հետո էլ պարզվում է, որ հեղափոխությունը ավելի շատ թշնամիներ է «հավաքագրում», քան բարեկամներ: ՈՒրեմն ինչ-որ բան այն չէ մեր հեղափոխությունում: Մինչդեռ զարթոնքի հզոր էներգիան, ճիշտ ուղղորդելու դեպքում, կարող էր հրաշքներ գործել, ինչին ականատես եղանք 88-ի տարիներին: Հիմա պայքարը ավելի բարդ է, թաքնված` չգիտես ով է քո թշնամին, ով՝ բարեկամը։ ՈՒ հեղափոխության թավիշն էլ աստիճանաբար վերածվում է անապատի տատասկների: Պատմական ինչ-որ օրինաչափությամբ դրանց ցավեցնող ազդեցությունը առաջին հերթին բաժին է հասնում ինտելիգենցիային, մասնավորապես, մեր օրերում, որքան էլ տարօրինակ է, գիտատեխնիկականին, որը «պոլիտիկայով» զբաղվելու այնքան էլ հավես չունի, ու լիովին բավարարված կլիներ, եթե իրեն օգնեին (գոնե չխանգարեին) երկրի տնտեսության զարգացմանը խիստ անհրաժեշտ գիտատեխնիկական նորույթները ավարտին հասցնելու, դրանցով արդյունաբերություն ստեղծելու, նաև արտահանելու և արտերկրի հայրենակիցների հպարտության գավաթը միշտ լի պահելու, որովհետև ունենք «Made in Armenia» բրենդային ապրանքատեսակները:
Չի ստացվում, շարունակում են ցավեցնել` նաև բարոյահոգեբանական լծակներով, քեզ բանի տեղ չեն դնում... երկրի, մասնավորապես նրա տնտեսության զարգացման խնդիրների քննարկումներում դու լուսանցքից դուրս ես: Եվ թեպետ ունես երկրիդ շահերին անբասիր ծառայելու, նրա գիտատեխնիկական կարողությունները բազմապատկելու, ոչ հեռու անցյալի թալանչիների դեմ բացահայտ պայքարի լավ փորձ, միևնույն է, կառավարման համակարգը ինչ-որ գաղտնի, միայն իրենց հայտնի չափանիշներով, քեզ չի նկատում, դու չկաս: Հեղափոխության հետ տրամաբանական կապ չունեցող իրավիճակները քեզ ստիպում են փնտրել պատճառները, առաջադրել վարկածներ: ՈՒ հանգում ես այն վարկածին, որ կառավարման համակարգին օբյեկտիվորեն, անձնական շահի առումով, ձեռնտու չէ երկրի տնտեսությունը տեղի ուժերով զարգացնելը. ավելի հեշտ է արտերկրից վարկեր վերցնելը, վարկ տվողի տեխնոլոգիան և տեխնիկան ներկրելը, ու մեր գյուղացու, բանվորի աչքից հեռու, այնտեղ, հեռավոր եվրոպաների, ամերիկաների կապիտալիստների հետ «համագործակցելով» փող աշխատելը: Սա նոր մոտեցում չէ, սա անցած 30 տարիների թալանի պատկերն է: Եվ եթե թերթենք «Իրատես»-ում անցած տարիներին տպագրված Վահան Համազասպյանի «Ինժեների հիշատակարանից» հոդվածաշարը, կտեսնենք բյուջեի, վարկերի, դրամաշնորհների, երկրում գործող ձեռնարկությունների թալանի, նորարական աշխատանքների միտումնավոր տապալման մեխանիկան և կոնկրետ անձինք ավելի պարզորոշ կհայտնվեն:
Բայց Համազասպյանի հիմնական առաքելությունը երկրի տնտեսությունը նորարարական մոտեցումներով վերականգնելն է, ու առաջնահերթը, էժան ռեսուրսով, ինչպիսին մեր երկրին բաժին հասած արևի էներգիան է, ցածր ինքնարժեքով, շուկայում մրցունակ, արտադրանք ստեղծելը, իրացնելն ու հարստանալն է: Հանրությանը հայտնի են Վահան Համազասպյանի արևային հեղինակումները գյուղատնտեսական մթերքների ջրազրկման, առանձին ուտեստների արևային պատրաստման, տուրիստական էկզոտիկ միջավայրեր, որոնցից նշանակալին Սևանա լճին կից կառուցվող արևի էներգիայով գրեթե կլոր տարին տաքացվող փոքրաչափ ջրավազաններն են, որոնք կարող են ընդլայնել լողի շրջանը, Հայաստան հրավիրելով նաև աշխարհի «մորժերին»: Սակայն, իմ կարծիքով, Համազասպյանի արևային հեղինակումների կիրառման բնագավառները դեռ լրիվ բացահայտված չեն. մասնավորապես դրանցով փող աշխատելու, հարստանալու գործնականում անսահման հնարավորություններ կան տավարաբուծության, հատկապես լեռնային, նախալեռնային, սահմանամերձ շրջաններում: Դատեք ինքներդ. հատկապես այդ շրջաններում ունենք արևի էներգիայի գործնականում զրոյական արժեքով անսահման պաշարներ` էժան վառելանյութ, ունենք անասնակերի համար պիտանի հարյուրհազարավոր հեկտարների հասնող չօգտագործվող արոտներ, հողատարածքներ, ոռոգման ջրի պահանջարկի քառապատիկ ավելցուկ, որը մեր ապաշնորհության պատճառով անարգել «փախչում» է Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան՝ ամեն տարի մեզ կանգնեցնելով երաշտի և Սևանը դատարկելու փաստի առաջ, ունենք անասնապահության տեխնոլոգիական գործընթացներում, ինչպիսիք են վարակազերծված, գրանուլացված և հեղուկ օրգանական պարարտանյութերի, բիոհումուսի, անձրևորդերից սպիտակուցային խտանյութի, հիդրոպոնիկ եղանակով գարուց կերային կանաչ զանգվածի պատրաստման (ինչը երաշտ տարիների փրկությունն է), դաշտավարության, անտառի թափուկներից և այրվող զիբիլից գոմաղբի (որպես կապակցող նյութ) աննշան կիրառմամբ, վառելանյութի արտադրություններ, որոնք կունենան ավելի ցածր ինքնարժեք, հետևաբար կբերեն մեծ շահույթ, եթե կարողանանք օգտագործել Համազասպյանի արևային հեղինակումները: Բայց դա չենք անում, ու տեսեք ինչ ունենք. ԱՎԾ-2018 վիճտեղեկագրի համաձայն վերջին 5 տարում, շահույթի բացակայության պատճառով, տավարաբուծության ոլորտը լքել է 40000 անասնապահ, տավարի գլխաքանակը համայնավարական (1981 թ.) տարիների հետ համեմատած կրճատվել է 23 տոկոսով: Նույն տեղեկագրի համաձայն տավարաբուծությամբ զբաղվողների 85 տոկոսը, 680 000 շունչ (170 հազար տնտեսություն), աղքատության շեմին են, պատրաստ արտագաղթի: ՈՒ հիմա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը (19.10. 2019 թ. ասուլիսի հավաստմամբ) «…օրվա կարիքներին չբավարարող իրենց շատ ցածր եկամուտը ավելացնելու համար…» 1000 անասնապահ ընտանիքի որոշել է իրենց տնտեսումների հաշվին հատկացնել 500 դոլարի աջակցություն: Իսկ դրա կարիք ունեցողները, միայն տավարաբուծության ոլորտում, ինչպես արդեն ասվեց, մեր բնակչության գրեթե 25 տոկոսն են: Չգիտես ինչ ասես, կան արքայավայել ապրելու բոլոր հնարավորությունները, ռեսուրսները, որոնց մի մասը հենց Համազասպյանի ձեռքերում է, բայց համակարգը անդրդվելի է։ «Գիտնականը չափից դուրս սկզբունքային է, ազատամիտ, նրան պետք չէ մոտ թողնել երկրի խնդիրների լուծմանը»: ՈՒ այսպես էլ հերոսաբար պայքարում ենք` գործնականում զրոյական արդյունքով: Ապրիլի 4-ին վարչապետը հաստատեց տավարաբուծության զարգացման նոր ծրագիրը, որի համար բյուջեից հատկացվեց 5 մլրդ դրամ, մոտավորապես տասնհինգ միլիարդ էլ, համաֆինանսավորմամբ, պետք է ներդնեն գյուղացիները: Ամբողջ խնդիրն այն է, որ համաֆինանսավորմամբ նվազագույնը 18 մլն դրամ ներդնող գյուղացին չգիտի, թե երբ և որքան կլինի իր շահույթը, որ կարողանա փակել վարկերը: Նախագծողները իրենք էլ դա չգիտեն, բայց գյուղացուն հրամցնում են նախագիծը, հում, անհեթեթ նախագիծը: Որի իրական արժեքը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում ներկայացրեց վարչապետը` «կովերը պառկած են գոմաղբամեզի մեջ (որովհետև վերացրել են գոմաղբառվակները), խաթարված է օդափոխանակությունը` այս պայմաններում մթերատվության աճ չի լինի, և, վերջապես, ու՞մ եք խաբում, այդ տիպի կովանոցը որակելով «խելացի»: Սրանք վարչապետի` ոլորտի պատասխանատուներին ուղղված խոսքերն են: Այս թերությունները կարող էին և չլինել, եթե էկոնոմիկայի նախարարին ուղղված խնդրի առարկա իմ դիմումները, «Իրատես»-ում հրապարակված հոդվածները քննության առնվեին, եթե այդ նախարարության կազմում ներառված, գյուղատնտեսության նախկին նախարարության չինովնիկները, կատարեին իրենց նախարարի որոշումը, մեր առաջարկությունները` Համազասպյանի մշակումների ներառմամբ, օգտագործելու մասին, եթե նախարարության տեղեկատվության բաժինը ղեկավարությանը տեղյակ պահեր Բելառուսի նախագահի զայրալից քննադատությանը, նմանատիպ կովանոց այցելելու տեսանյութով: Եթե... եթե... եթե…
13.12. 2019 թ. կառավարության նիստում վարչապետը հստակ ասաց` համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Ասել կուզե՝ երկրում սաբոտաժ է: Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա այս իրավիճակից ամբողջ կյանքը արևային հեղինակումներին նվիրած, մեծատառերով քաղաքացի, գիտնական Վահան Համազասպյանը:
Հ. Գ. 1. «Խելացի» նոր գոմի տերերին հայրաբար ուզում եմ հուշել՝ եթե գոմաղբի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա ձմռան ցրտերին անասնաշենքի հատակը կվերածվի սահադաշտի և անկապ պահվածքի պայմաններում ականատես կլինենք տավարի սահանկումներին դրանից բխող հետևանքներով:
Հ. Գ. 2. Ոլորտի ղեկավարներին` նախագծում կան բազմաթիվ այլ թերություններ և բացթողումներ, եթե ցանկանում եք շտկել դրանք, օգտագործել ժամանակակից, արդյունավետ նորույթներ, ապա պարոն Համազասպյանը և ես պատրաստ ենք աջակցելու:
Հ. Գ. 3. Կառավարման մակարդակի փորձարկումներով գոմաղբի մշակման և կիրառման առաջարկվող տեխնոլոգիան բարձրացնում է բերքատվությունը 25-30 տոկոսով, արտադրանքի շահութաբերության մակարդակը 31,2 տոկոս է:
Հ. Գ. 4. Սկզբունքորեն, նաև էսքիզային նախագծերով, լուծվել է կամավորության մոտեցումով անասնագլխաքանակը, սեփականաշնորհված հողակտորները կենտրոնացնելու տեղի պայմաններին համապատասխան, միջին խավ ձևավորող, խոշորացված անասնաշենքերի (ֆերմաների) ստեղծման խնդիրը:
Մեկնաբանություններ