Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ հետ զրուցել ենք դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագրի մասին: Հայաստանում առաջին անգամ կհնչեն փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված կատարումները` նոր գործիքավորմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ։ ՈՒնկնդիրները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։ Երեկոյի ընթացքում փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։
-Մենք տեսել ենք Ձեր նախագիծը, երբ դասական ստեղծագործությունները հնչեցին ջազային մշակմամբ, հիմա հակառակ մոտեցումն է ցուցաբերվում՝ փոփը վերածվում է դասականի։ Ինչպե՞ս առաջացավ այս միտքը:
-Պոպուլյար երաժշտության ամենահայտնի կերպարը Ջեքսոնն է‚ և մենք որոշեցինք անդրադառնալ նրան‚ նրա արվեստին‚ բայց դասական տեսանկյունից։
- Ջեքսոնի երգերի մեջ կարծես թե նաև դասական մոտիվներ են առկա։
-Ջեքսոնը միշտ անդրադառնում էր դասականին։ Նույնիսկ ունի երգեր‚ որտեղ կան մեջբերումներ դասական երաժշտությունից։ Ջեքսոնը ոչ միայն փոփի արքա է‚ այլև երաժիշտ է‚ որը փոխեց երաժշտության կոնցեպտավորումը և մարդկանց երաժշտության ընկալումը։ Նրա շատ երգերում հնչում է սիմֆոնիկ ձայն։ Մենք անդրադառնում ենք Ջեքսոնի ստեղծագործություններին‚ քանի որ նրա երաժշտությունը շատ լավ կարող է հնչել նվագախմբային կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իհարկե աշխարհում Ջեքսոնի երգերն այս ձևաչափով առաջին կատարողը չէ‚ սակայն մենք կփորձենք դրանք ներկայացնել մի փոքր այլ կոնցեպտով և այլ մոտեցմամբ։
-«Դասական Ջեքսոն»-ը շարունակությու՞ն է ունենալու: Կլինե՞ն նմանօրինակ անդրադարձեր այլ մեգաաստղերի:
-Մեր նպատակը մեգաաստղերին ներկայացնելը չէ։ Օրինակ‚ Queen-ի երաժշտությունը նույնպես շատ սիմֆոնիկ է։ Երաժշտության մոդելավորումը պետք է լինի սիմֆոնիկ։ Բոլոր հայտնի երգերը չեն‚ որ կարող են դառնալ սիմֆոնիկ։ Իհարկե, բոլորը կարող ենք գործիքավորվել նվագախմբի համար‚ բայց դա կլինի ինքնանպատակ։ Սիմֆոնիկ հնչողություն կամ բովանդակություն միշտ չէ‚ որ կարող ենք ստանալ։
-Ո՞վ է գործիքավորել փոփի արքայի երգերը: Ինչպե՞ս եք կատարել երգերի ընտրությունը:
-Երգերի նոր գործիքավորումը կատարել է նվագախմբի լավագույն ընկերներից մեկը՝ Մարտին ՈՒլիխանյանը։ Ընտրությունը կատարվել է արդեն նշված սկզբունքով. ընտրվել են այն ստեղծագործությունները‚ որոնք կարող են լավագույնս հնչել սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Բացի այդ‚ առանձնացրել ենք նաև այն երգերը‚ որոնք դրսում այնքան էլ շատ չեն գործիքավորվել սիմֆոնիկ նվագախմբի համար։ Ջեքսոնի երկրպագուները‚ որոնք հազարավոր անգամներ լսել են նրա երգերը‚ մեր համերգին գալով՝ կունկնդրեն դրանք նոր հնչողությամբ։
-Կա՞ միտում՝ նման նախագծերով երիտասարդներին դասական արվեստին մոտեցնելու:
-Մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր բոլոր նախագծերում կա այդ միտումը‚ նույնիսկ երբ մենք նվագում ենք Մալեր կամ Բրուքներ։ Ջեքսոնն այն երգիչն է‚ ում գիտեն և՛ 75 տարեկանները‚ և՛ 10-ամյա պատանիները։ Ջեքսոնը պոպուլյար է առավել քան 40 տարի։ Մեր նպատակն է մարդկանց մոբիլիզացնել և ցույց տալ‚ որ նվագախումբը կատարյալ գործիք է։ Նվագախմբի գործունեությունն ավելի մասսայական դարձնելու համար այսպիսի նախագծերն անհրաժեշտ են։ Մարդիկ մոտենում են նվագախմբին և տեսնում են‚ որ նվագախումբը հետաքրքիր մի երևույթ է։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ