Մարտական գործողությունները, որ տևեցին մինչև ապրիլի 5-ը, ստացան «Ապրիլյան պատերազմ» անվանումը: Հետաքրքիր է այն, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի սահմանի վրա իրագործվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում տեղի էր ունենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, համապատասխանաբար Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ԱՄՆ-ի (Օբամա) և Թուրքիայի (Էրդողան) նախագահների հետ: Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական տարածքում երկար ժամանակ դիտարկվում էին հակամարտող կողմի զենքի և կենդանի զինուժի մեծ կուտակումներ, ադրբեջանական ուժերի հարձակումը լուսադեմին ունեցավ անսպասելիության ազդեցություն: Այս իրողությունը, բնականաբար, պետք է դառնա մանրակրկիտ ուսումնասիրության առարկա՝ Արցախի և Հայաստանի բանակների ղեկավարության հանցագործ անփութության հնարավոր առկայությունը պարզաբանելու համար: Այդպես, օգտագործելով անսպասելիության էֆեկտը, զավթիչների հատուկ նշանակության մարտիկները, ճեղքելով արցախյան բանակի պաշտպանությունը, ներխուժեցին Թալիշ գյուղ և սպանեցին այնտեղ ապրող տարեց բնակիչներին: Ընդ որում, նրանք անարգեցին անպաշտպան ծերերին՝ կտրելով նրանց ականջները և քթերը: Դրանով հանդերձ, արձանագրվեցին Արցախի պաշտպանների դիակների անարգման փաստեր՝ կտրելով նրանց գլուխները: Եվ չնայած այդ ամենը տեղադրվեց համացանցում համընդհանուր ուշադրության, «քաղաքակիրթ աշխարհը» ոչ մի ձևով չարձագանքեց այդ գազանություններին՝ շարունակելով իր համահավասարեցման քաղաքականությունը «Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ» հարցում:
Բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «Սև այգի» գրքի հեղինակ Թոմ դը Վաալի կարծիքով, բախումների պատճառը կողմերից մեկի, ավելի ստույգ, Ադրբեջանի նախաձեռությունն էր՝ իրադարձությունների ընթացքն իր օգտին շրջելու՝ սահմանափակ ռազմուժի կիրառմամբ: Դը Վաալը նշում է, որ Բաքուն ավելի շահագրգիռ է զինադադարը խախտելով, քանի որ 1990-ական թվականներին պարտություն կրած Ադրբեջանի համար զինադադարի խախտումը Երևանի վրա ճնշում գործադրելու եզակի միջոցներից մեկն է:
ԱՄՆ-ում, միջուկային անվտանգության հարցերին նվիրված սամիթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարեցման միակ պայմանը «տարածքային ամբողջականության վերականգնումն» է: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին հայտարարեց, որ Ադրբեջանը «պատրաստ է Հայաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորումից անցնելու ռազմականի», քանի որ, նրա բառերով, Ղարաբաղը ադրբեջանական հող է, որը դեռևս զավթված է Հայաստանի կողմից:
Ապրիլի 5-ին կողմերը հայտարարեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ղարաբաղյան և ադրբեջանական ռազմական ուժերի միջև հակամարտության գծի ամբողջ երկարությամբ կրակի դադարեցման երկկողմ համաձայնությունը ձեռք բերվեց ցերեկվա ժամը 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ընթացքում, Մոսկվայում:
Ապրիլի 7-ին ադրբեջանական ANS հեռուստատեսության թղթակիցներն այցելեցին, իրենց բնորոշմամբ, Ադրբեջանի զինուժի գրաված Թալիշ գյուղի շրջակա բարձունքների հայկական դիրքեր՝ հրապարակելով լուսանկարչական հաշվետվություն և տեսագրություն: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ապրիլի 8-ին ցուցադրեց ռեպորտաժ, իրենց բառերով, հայկական ուժերի հետ վերադարձրած Թալիշ գյուղի մերձակա բարձունքներից: Le Monde-ի թղթակիցն ապրիլի 11-ին նշեց, որ Թալիշի պաշտպանությունն ապահովում են ԼՂՀ զորքերը՝ շրջակա բարձունքների վրա տեղակայված հրետանու և տանկերի միջոցով:
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կողմերի միջև գոյություն ունի մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն, սակայն կրակի դադարեցման ժամանակացույց չի հաստատվել: Բացի այդ, Տոնոյանը հերքեց Ադրբեջանի վերահսկողությունը զավթված որևէ դիրքի նկատմամբ: Այնուամենայնիվ, Ռուսաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարյանը հայտարարեց հարավային ուղղությամբ, Իրանի հետ սահմանին կարևոր բարձունքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 300-400 քառակուսի մետրի մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վիկտոր Առուստամյանը հայտարարեց, որ խոսքը մեկ բարձունքի մասին է, որը, ըստ նրա, ոչ մի նշանակություն չունի, բլրի տարածքը 5 քառակուսի մետր է, բարձրությունը՝ 20 մետր: Բարձունքը, Առուստամյանի խոսքով, գտնվում է միջդիրքային գոտում:
Ավելի ուշ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը գրավել են շատ փոքր տեղամասեր հակամարտության գծի հյուսիսային և հարավային տարածքներում, որոնք չունեն ռազմավարական նշանակություն հայկական զինված ուժերի համար: Հավանաբար, Հայաստանի Հանրապետության նախագահի նման հայտարարությունը հիմնված է «ապրիլյան պատերազմի» ժամանակ Օբամայի, Էրդողանի և Ալիևի ընկերակցության մեջ գտնվելու հետ: Անշուշտ, այն ամենը, ինչ առնչվում է հիշյալ իրադարձություններին նախորդող շրջանին և Ապրիլյան պատերազմի փաստին, պահանջում է մանրազնին վերլուծություն՝ համապատասխան եզրահանգումներով:
1997 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար Հայաստան հրավիրեցին 1996 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին (արհամարհելով Արցախի ժողովրդի կամարտահայտությունը): Նույն 1997 թ., ժողովրդից ամբողջովին մեկուսացած, սուր քննադատության և մերժման ենթարկված Լևոն Տեր-Պետրոսյանը ուժային նախարարների՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և միացյալ ՆԳՆ-ՊԱԿ նախարար Սերժ Սարգսյանի, ինչպես նաև վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ճնշման տակ, հրաժարական տվեց:
1998 թ. փետրվարին Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարեց Ռ. Քոչարյանը, և արդեն 1998 թվականի փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց հանրապետությունում «Հ. Յ. Դաշնակցություն» կուսակցության գործունեության արգելանքի կասեցման մասին, դրանով իսկ նախապատրաստելով համապատասխան քանակությամբ ընտրազանգվածի հիմքեր՝ նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններում: Տարօրինակ է, որ «Հ. Յ. Դաշնակցություն» կուսակցության օրինականացումը և «Դրո» ահաբեկչական խմբի առանձին անդամների ազատ արձակումն իրականացվեցին Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսգրքի պահանջները շրջանցելով, և «Դրո» ահաբեկչական խմբի կալանքից ազատված անդամների նկատմամբ քրեական գործը ցանկացած պահի կարող է վերաբացվել:
VII. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ (ԵՐՐՈՐԴ) ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ
1998 թ. փետրվարին Ռ. Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով (չուներ Հայաստանի Հանրապետության տարածքում 10 տարվա բնակության համապատասխան արտոնակարգ): Բացի այդ, Ռ. Քոչարյանն ընտրություններում գրավեց «պատվավոր» երկրորդ տեղը, առաջնայնությունը զիջելով Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կ. Ս. Դեմիրճյանին, սակայն ընտրական գործընթացին դարձյալ միջամտեց պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը և, ընտրական հանձնաժողովի վրա ճնշում գործադրելով, «զոռով անցկացրեց» Ռ. Քոչարյանի թեկնածությունը: Ընդ որում, Ռ. Քոչարյանի երդմնակալությանը չմասնակցեց նախորդ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը՝ չնպաստելով իշխանության օրինականացմանը Հայաստանի Հանրապետությունում:
Համապատասխան բացասական հակազդեցությունը մեղմելու համար, բնակչությանն առաջարկվեց փոխզիջումային տարբերակ. Կ. Դեմիրճյանը միաձայն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ, իսկ Վ. Սարգսյանը նշանակվեց վարչապետ: Ժողովուրդը հանդարտվեց, ակնկալելով, որ հաջորդ ընտրություններում արդարությունը կհաղթանակի, և նախագահ կընտրվի Կ. Դեմիրճյանը:
Սակայն հայ ժողովրդի անուրջներին հերթական անգամ վիճակված չէր իրականանալ:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ժողովրդին հայտնի «տարօրինակ» սպանությունների (հատկապես չբացահայտված) ցանկն էապես ընդլայնվեց:
1998 թ. օգոստոսի 6-ին իր առանձնասենյակում գնդակահարվեց Հայաստանի Հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Ըստ պաշտոնական վարկածի նրան սպանել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը, որը հետո ինքնասպանություն է գործել: Հանցագործությունը բացահայտված չէ:
1998 թ. դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շեմին հրազենից սպանվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Վահրամ Խոռխոռունին: Սպանությունը բացահայտված չէ:
1999 թ. փետրվարի 9-ին երկու կրակոցից (մեկը՝ գլխին, մյուսը՝ սրտի շրջանում) սպանվեց ներքին գործերի և Ազգային անվտանգության միացյալ նախարարության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Սպանությունը բացահայտված չէ: Պաշտոնապես հայտարարվել է ինքնասպանության վարկածի մասին:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն իրագործեց մինչև ատամները զինված խումբը (Նաիրի Հունանյան, կրտսեր եղբայրը՝ Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան և Դերենիկ Բեջանյան):
Ահաբեկիչների խումբը ղեկավարում էր «Հ. Յ. Դաշնակցություն» կուսակցությունից վտարված, Թուրքիա այցելությունից նոր վերադարձած Նաիրի Հունանյանը: 1989-1991 թթ. Ն. Հունանյանը, որպես իր ստեղծած «դաշնակցական սկաուտներ» ծայրահեղ հակասովետական կազմակերպության ղեկավար, հայտնվել էր Հայաստանի ՊԱԿ-ի տեսադաշտում:
Իր ահաբեկչական խմբով ներխուժելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճ, Ն. Հունանյանը պահանջեց բոլորից` պառկել հատակին և անջատել կապի բոլոր միջոցները, հայտարարելով. «Սա պետական հեղաշրջում է»:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում գնդակահարվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև փոխխոսնակներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, արտակարգ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը և Միքայել Քոթանյանը:
Եվս մեկ պատգամավոր, «Հայաստան» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հենրիկ Աբրահամյանը, որն ահաբեկչության ժամանակ գտնվում էր խորհրդարանի շենքում, մահացավ սրտի կաթվածից:
Վիրավորվեց և հոսպիտալացվեց պատգամավոր Անդրանիկի Մանուկյանը:
Ականատեսների վկայությամբ, կրակահերթերն ուղղված էին հատկապես վարչապետ Վազգեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի դեմ, ընդ որում, նախագահությունում կանգնած Կ. Դեմիրճյանն ավտոմատային առաջին կրակահերթից հետո վիրավորվել է ոտքից, այնուհետև սպանվել անձամբ Հունանյանի ատրճանակից գլխին արձակված ստուգողական կրակոցից:
Որոշ ժամանակ անց Հունանյանը սկսեց նյարդայնանալ, անընդհատ փորձեց բջջային հեռախոսով կապվել ինչ-որ մեկի հետ, ապա որոնեց ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին: Նրան պատասխանեց նիստերի դահլիճում գտնվող նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանը, հայտարարելով, որ նախարարը բացակայում է քաղաքից և Ազգային Ժողովում ինքը, ժողովրդին հայտնի «ԳԳ»-ն է ներկայացնում ազգային անվտանգության նախարարությունը: Ն. Հունանյանը պահանջեց, որ իր հետ բանակցի անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը:
Ահաբեկչի պահանջը բավարարվեց, և հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը հանդիպում ունեցավ նրա հետ, որի ընթացքում Ն. Հունանյանը պահանջեց իրեն հնարավորություն տալ դիմումով հանդես գալու ուղիղ եթերում, ինչպես նաև արդար դատավարության երաշխիքներ:
Մասամբ զինաթափված ահաբեկիչները (Հունանյանի ատրճանակը գտնվում էր նրա մոտ), Ռ. Քոչարյանի հետ բանակցություններից հետո, գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանի և զինված պահակախմբի ուղեկցությամբ, Ազգային Ժողովի շենքից ավտոբուսով տեղափոխվեցին ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան:
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 28-ի հրամանագրով ստեղծվեց պետական հանձնաժողով, որը գլխավորեց անձամբ Քոչարյանը: Նախագահի մեկ այլ հրամանով 1999 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը հանրապետությունում հայտարարվեց սուգ:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հայաստանում գտնվեց հինգժամյա այցով և, արտասահմանյան պետությունների մյուս ներկայացուցիչների հետ, մասնակցեց խորհրդարանում զոհված ականավոր քաղաքական գործիչներին նվիրված սգո արարողություններին:
Ահաբեկչական գործողության մասին չզգուշացրած հատուկ ծառայության ղեկավարները պատասխանատվության չենթարկվեցին, իսկ նախարար Սերժ Սարգսյանին Ռ. Քոչարյանը հասարակության աչքից «թաքցրեց» հանրապետության նախագահի նստավայրում:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ