Հին Երևանի փոխարեն՝ «Հին Երևան» թաղամաս: Աբովյան, Փ. Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող հատվածում փորձ է արվում վերականգնելու 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Երևանի կենտրոնից մի թաղամաս ու դարձնելու այն զբոսաշրջային հետիոտնային գոտի: «Հին Երևանը» ընդգրկում է շուրջ 1,85 հա մակերեսով տարածք: Նախագիծը հաստատվել է 2005-ին, ավարտին պետք է հասցվեր 5 տարվա ընթացքում: Նախագծի հեղինակ, վաստակավոր ճարտարապետ ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2019-ն է, բայց իր նախագծից ընդամենը 3 շենք է կառուցվել: Իրացման աշխատանքները առաջ չեն գնում: Հիմնական բարդությունը սա է: Ըստ Վարդանյանի՝ շուկայական գները տատանվում են, բնակիչներն էլ մեծացնում են իրենց պահանջները, բնակիչ կա, որ մեկ քառակուսի մետրի համար 4000 դոլար է պահանջում: Ընդհանուր առմամբ՝ իրացված չէ սեփականացված գույքի 30-35 տոկոսը: Սակայն սեփականությունը ցաքուցրիվ է, և չկա մաքուր մի կտոր, որ հողային աշխատանքներ սկսեն: Իրացման աշխատանքների համար կառավարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, նախագծի հեղինակը հույս ունի, որ գարնանը կիրացվի գոնե Բուզանդից (որտեղ սկսվել է կառուցապատումը) մինչև Քոչինյան փողոցի հատվածը:
Հարց հնչեց՝ գուցե այդ տեմպերով 100 տարի ա՞նց կառուցվի «Հին Երևանը»: «Եթե Պողոսը դուրս չի գալիս իր տնից, ամեն ինչ հնարավոր է»,- եղավ պատասխանը:
«Հին երևանի տարածքում պահպանված բնակելի տների ճարտարապետությունը ներկայացնող 14 հուշարձան-շենքերին կավելանան վերջին տասնամյակներում ապամոնտաժված այլ հուշարձաններ՝ վերստեղծելով հին քաղաքի շունչը». սա՝ ըստ նախագծի: Սակայն Երևանի պատմությունը «վերաստեղծելու» տեսալականը այլ պատկեր ունի, եթե չասենք՝ անորոշ է: Առկախ հարցերը պատասխան չունեն, մասնագետների գնահատականներն էլ տարբեր են: Ի՞նչ ճակատագիր է սպասում պատմական այն շենքերին, որոնց քանդված քարերի գտնվելու վայրն անգամ անհայտ է: Ինչու՞ քանդվեց երևանյան պատմությունը, եթե այն նորից ու մասնակի վերստեղծել են փորձում: Պահպանու՞մ ենք մայրաքաղաքի ճարտարապետության պատմական շերտը, թե՞ շարունակում վերացման գործընթացը:
Լևոն Վարդանյանը հստակեցնում է՝ «Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար ոչ մի շենք չի քանդվել, երբ նախագծի միտքը հղացել է, այդ շենքերն արդեն քանդվել էին: Բացառություն էր Տերյան փողոցի Աֆրիկյանների տունը, որը խանգարում էր քաղաքի երթևեկությանը. «Չորս կողմն արդեն կառուցել էին բարձրահարկ շենքեր, երբ այդ գործընթացները սկսել էին, այն ժամանակ էր պետք տեր կանգնել»: Ինչ վերաբերում է ապամոնտաժված շենքերի քարերին, ճարտարապետը նշում է, որ դրանց տերը և հսկողը մշակույթի նախարարությունն է:
«Արհեստական աղմուկ են բարձրացնում և բողոքում այն մարդիկ, ովքեր պետք է հսկեն այդ տարածքը: Երբ ես արեցի ծրագիր-առաջարկը, այդ շենքները վաղուց ապամոնտաժված էին, քարերը՝ տարբեր տեղերում լցված: Ժողովուրդը գիտեր, որ քարերը ապամոնտաժվում, համարակալվում են, այդ հուշարձանները պետք է ուրիշ տեղ հավաքեն: Ոչ հասցե կար, ոչ ծրագիր: Ես ծրագիր առաջարկեցի՝ այդ ամենը փրկելու համար, թե ինչպես և որտեղ կարող են դա իրականացնել: Այդ ընթացքում ապամոնտաժվել է մեկ շենք՝ Աֆրիկյանների եկամտաբեր տունը: Մինչ այդ ապամոնտաժված շենքերն իրականում քանդվել են, ու քանդված քարերի կույտերը տարբեր տեղերում են հավաքվել»: Աֆրիկյանների 11-13-ը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տարածքում է, ապամոնտաժվել է Գագիկ Շիրինյանի գլխավորությամբ: Վարդանյանը նշում է, որ առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագիծ է արվել իր խնդրանքով, բոլոր քարերը հատ-հատ հանվել են, համարակալվել, բոլորն էլ պիտանի են: Այդ քարերը հատիկ-հատիկ դրված են, իրար վրա լցված չեն: Դրանց վրա ծածկ է կառուցվել, ժամանակի ընթացքում ծածկը կտրել-հանել են, ոչ ոք տիրություն չի անում: Պատմական շենքի քանդված քարերը բաց երկնքի տակ են: Ճարտարապետը դրա մասին գրավոր և բանավոր ահազանգել է: Նշեց նաև՝ այդ մեկ շենքը փրկել է, քարերը 95 տոկոսով կօգտագործեն, մնացած շենքերի քարերի 30 տոկոսը եթե կարողանան օգտագործել, լավ է: Ապամոնտաժված շենքերից քիչ թե շատ հուսալի վիճակում է Բուզանդի 17 շենքը, որի քարերը գտվում են քանդակի կոմբինատում: Վստահեցրեց նաև՝ Աֆրիկյանների տան կորած քարերի մասին խոսակցությունները սուտ են, մեկ-երկու քար գողացել են, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել: Երբ սկսեն մոնտաժել, պարզ կլինի՝ քար պակասու՞մ է, թե՞ ոչ:
«Հին Երևանի» դեմ վերջին աղմուկը «Փոքրիկ երգիչներն» էին բարձրացրել՝ ի դեմս երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի: Շենքի մի հատվածը փլուզվեց: Անկախ փորձագետների գնահատմամբ` պատճառը «Հին Երևան» նախագծի աշխատանքներն էին, որոնք ընթանում են շինարարական չափորոշիչների կոպիտ խախտումներով։
Հետաքրքվեցի՝ Արամի 23-ը պե՞տք է փոխի հասցեն, կա՞ նման պահանջ-անհրաժեշտություն:
Լևոն Վարդանյանը փորձեց հստակեցնել խնդիրը: Երբ քաղաքաշինական խորհրդում քննարկվել է նախագիծ-առաջարկը, որոշվել է, որ որոշ շենքների ճակատներ պետք է հետ քաշվեն, մայթերը նվազագույնը 3 մետր լինեն, որ հետագայում այնտեղ ուրիշ խնդիրներ չառաջանան: «Հյուսիային պողոտայի երկարությամբ կառույց է, եթե այդքան մարդ պետք է հավաքվի, շարժում լինի, պատկերացնու՞մ ենք այդպիսի շարժում 1մ 20-սանտիմետրանոց մայթերի վրա: Մասնագիտական կարծիք է եղել՝ հետ քաշել ճակատները, ճակատներից դուրս՝ հետևի ամբողջ հատվածը 9 բալի համապատասխանեցնել, ի վերջո, դրանք գործող կառույցներ են դառնում: Եթե հողե պատերին երկու կողմից երկաթբետոնե շապիկներ ենք հագցնում, այսինքն, տեսնելու ենք երկաթբետոնե մի կառույց, այդ հողե պատերի պահելն ի՞նչ իմաստ ունի՝ բացի ճակատից: Ինչ պահում են, պիտի արժեք ունենա: Իմ նախագծով, այո, Արամի 23-ը պետք է հետ քաշվի, աղմուկ բարձրացավ, որ պատը պիտի մնա իր տեղում, ես հետ եմ քաշվել, ասել եմ՝ դուք ամրացրեք, ինչ ուզում եք արեք: Այդպիսի մի գործընթաց եղել է, դիմել են մասնագետների, թող ամրացնեն, ինչպես ինձ հանձնեն, ես այդպես էլ պատը կպահեմ»:
Լևոն Վարդանյանը տեղեկացնում է նաև, որ այս տարիներին իր ծրագրում հարկայնությունից բացի ոչինչ չի փոխվել. կառավարության որոշման համաձայն՝ վերգետնյա 2+1-ը դարձել է 2+2:
Կարելի է ենթադրել, որ հարկերի բարձրության վերաբերյալ մասնագետների կարծիքներն էլ տարբեր կլինեն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ