Հեղափոխությունների ամենաբնորոշ հատկանիշներից է երևույթների, իրերի դասավորությունների շրջելիությունը: Իսկ շրջելիության աստիճանը չի կարող պակաս լինել 180 աստիճանից: Լինում է, երբ, ասենք, գյուղատնտեսության նախարարը հայտնվում է հովվի մահակը ձեռքին, իսկ հովիվը թիկնում է նախարարի աթոռին: Էլ չենք ասում, որ կալանավորը կարող է հայտնվել դատախազի աթոռին, դատախազը՝ կալանավայրում: ՈՒ այդպես շարունակ: Այս տեսանկյունից ամբողջովին բերել է Արտաշավանի ներկայիս գյուղապետ Ղազար Կարապետյանի բախտը: Նա հովվի «պաշտոնից» հայտնվել է գյուղապետի աթոռին, ու այդ հայտնությունը թևակոխում է արդեն իր երրորդ տասնամյակը: Թե ինչ օգուտ ու վնաս է նա բերել իր ղեկավարած համայնքին, առայժմ մեր խնդիրը չէ: Առանց մեզ էլ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, դռնեդուռ թակելով, դիմակավորված և անդիմակ ծառայողներով բախում են ու ներխուժում պատահած ու չպատահած դռներից ներս, գրեթե լեղաճաք անում իրենց առօրյա աշխատանքով զբաղված քաղաքացիներին: Մի քանի օր առաջ այդ գործողությունները նշված կազմակերպությունները ծավալեցին Ապարանի խոշորացված համայնքի համայնքապետարանում: Իսկ Երևանից Ապարան ճանապարհը գիտենք, անցնում է Արտաշավանով: Այդ ճանապարհի եզրին նկատած կլինեք մի համեստ հուշարձան, հուշարձանից 50-60 մետր հեռավորությամբ՝ մի խաչքար: Հուշարձանը նվիրված է Հայրենական պատերազմում զոհված արտաշավանցիների հիշատակին, խաչքարը՝ ապրիլյան պատերազմի: Առաջին հայացքից թվում է ՝ մարդիկ լավ բան են անում, հավերժացնում են իրենց հերոսների հիշատակը, սակայն, երբ դրանք կառուցում են ընդամենը շքեղ բացում անելու, ժապավեն կտրելու և իրենց ու իրենց պաշտոնը ցուցադրելու համար, կարծում ենք, լավ կլիներ, որ դրանք չբացվեին: ՈՒ կարծում ենք՝ զոհվածները բոլորովին դրա կարիքը չունեն: Իսկ Մեծ հայրենականում զոհված արտաշավանցիների հուշարձանը կարող է տեսնել Երևան-Ապարան ճանապարհով ուղևորվող ցանկացած մարդ, Սաղմոսավանք այցելող ցանկացած զբոսաշրջիկ, և վերջապես այն ամեն օր տեսնում են Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը, ավագանու անդամները, դպրոցի տնօրենը, մանկավարժները, համագյուղացիները: Եվ ի՞նչ. Արագածի արևելյան ու Արա լեռան արևմտյան փեշերին տարածված ծաղկուն Արտաշավանը ժամանակ չունի խնամելու իր հերոսների խորհրդանիշները: Զոհվածների հուշարձանը վերածել են փարախի: Մոտ մեկ քառորդ հեկտար տարածություն ցանկապատել են ժանգոտ մետաղացանցով, այն ամրանում է խաղողի հենասյուներին, հենասյուների մի մասը ջարդված-ընկած է, մնացածը՝ ծռված: Ոչ մի ծառ, ոչ մի ծաղիկ ու թուփ: Էլ չենք ասում շրջապատում կուտակված աղբի մասին: Ասացինք, որ քիչ այն կողմ էլ ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարն է: Ծագումով արտաշավանցի Քյարամ Սլոյանի հետ խաչքարի կողքին` սալիկների վրա տեղ են գտել Արմենակ ՈՒրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Անդրանիկ Զոհրաբյանի խամրած լուսանկարները։ Խաչքարից մայրուղի ճանապարհն իբր բարեկարգել են, ավազապատել, ճամփեզրին ծառեր տնկել, սակայն ճանապարհը ճանապարհի նման չէ, ճամփեզրի նորատունկ բոլոր ծառերն էլ չորացել են:
Հարց է առաջանում՝ ինչու՞ ենք ինքներս մեզ խաբում, ի՞նչ ենք ուզում աշխարհին ներկայացնել մեր ինչ որ տեղ կեղծ հայրենասիրությամբ, և արդյո՞ք ապագա սերունդներին ճիշտ ենք դաստիարակում, երբ պահի տակ ոգևորվում, կառուցում ենք հուշարձաններ ու խաչքարեր, հաջորդ պահին մոռանում դրանց գոյության ու խորհրդի մասին, տեղը թողնում ենք ամայի ու անմշակ, այնքան, մինչև դրանք խոնարհվեն հողին, ու անցորդներից մեկն էլ հառաչի՝ այստեղով թուրքն է անցել:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակախոս