Հոկտեմբերի 18-ին Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի կունենա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
«Իրատեսի» հետ զրույցում Վաչե Շարաֆյանն ասաց, որ այս ստեղծագործության մեջ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հատվածների վրա կառուցված նորատիպ լիբրետոն միաձուլվում է ավանդական ռեքվիեմի տեքստի հետ. «Բազմապլաստ ստեղծագործություն է, որտեղ կա հրեշտակի ձայն, այն աշխարհից եկող ձայն, ցավի ու հիշողության ձայն և կա դեպի լույս, դրախտ տանող ճանապարհ»:
Ստեղծագործությունը կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» կամերային պետական երգչախումբը, մենակատարներ Արծվիկ Դեմուրճյանը և Նարինե Անանիկյանը: Համերգը կղեկավարի սերբ դիրիժոր Պրեմիլ Պետրովիչը:
Համերգի առաջին բաժնում ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն Շնիտկեի, Շումանի և Կոմիտասի ստեղծագործություններից:
Մինչ համերգը «Արամ Խաչատրյան» համերգային մեծ դահլիճի ճեմասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը:
Նշենք, որ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով, արժանացել է պոեզիայի միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Թուրքիայում և այլ երկրներում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Վաչե Շարաֆյանի հետ զրույցը «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում: