ՈՒԽՏԱԳՆԱՑՆԵՐ
Երևանը կառուցվեց: Մայրագյուղը վերածվեց մայրաքաղաքի: Իրականացան Սարյանի գողտրիկ (նա մի տնակ կառուցեց ու մի արվեստանոց և անգամ մի առանձին փոքրիկ պատկերասրահ) և կոթողային (նա ստանձնեց հայ ազգային կերպարվեստի առագաստանավի հրամանատարությունը և նավարկության տարավ խորհրդային ու համաշխարհային կերպարվեստի ծովերում) երազանքները: Երևանը հայ ազգային կերպարվեստի Երուսաղեմն էր: ՈՒխտագնացի ջերմեռանդ նվիրումով դեպի Երկիր Նաիրի էին քայլում Մարտիրոս Սարյանը, Ստեփան Աղաջանյանը, Վահրամ Գայֆեճյանը, Հակոբ Կոջոյանը, Գաբրիել Գյուրջյանը, Արա Սարգսյանը, Այծեմիկ ՈՒրարտուն… շատերը: Նրանք ուխտագնաց էին և, աշխարհի քաղաքակիրթ քաղաքները թողնելով, հանգրվանում էին դեռևս կավաշեն, մուրճ-մանգաղի ստվերների տակ փյունիկի նման արթնացող երկրի մայրաքաղաքում: 20-րդ դարի քսանականների սկիզբն էր։
1923 թվական: Մուրճ-մանգաղի գաղափարական օրհնանքի ներքո կազմավորվում է ճարտարապետներին, քանդակագործներին և նկարիչներին միավորող «Հայաստանի կերպարվեստի աշխատողների» ընկերությունը՝ Ալեքսանդր Թամանյանի նախագահությամբ, Մարտիրոս Սարյանի փոխնախագահությամբ: 1924-ի ապրիլին Երևանի մշակույթի տանը բացվում է այս փառապանծ ընկերության «Առաջին գարնանային ցուցահանդեսը»: Գարուն էր Հայաստանի կոլխոզներում և շինհրապարակներում: Գարուն էր արվեստում: Նույն տարում ԽՍՀՄ կուլտուրայի գլխավոր կազմակերպիչ Ա. Լունաչարսկու (որը, ի դեպ, արվեստաբան էր) առաջարկով Սարյանը մի քանի այլ ճանաչված նկարիչների հետ խորհրդային արվեստն է ներկայացնում Վենետիկի «Կերպարվեստի 14-րդ միջազգային ցուցահանդեսում»:
ՊԱՏՎՈ ՍՐԱՀԻ ԵՎ ՍՐՃԱՐԱՆԻ ԵՐՎԱՆԴԱՊԱՏՈՒՄԸ
1925 թվական, Փարիզ: «Աշխարհի մայրաքաղաքում» կազմակերպվում է «Այսօրվա արվեստ» համաշխարհային մեծ ցուցահանդեսը: Պիկասոյին տեղ է հատկացվում ցուցահանդեսի «Պատվո» (իմա՝ «Մեծ») ցուցասրահում: Տիար Պաբլոն շրջանցում է «Պատվո» սրահը և ներկայանում է աշխարհին գողտրիկ մի սրահում:
«Պատվո տեղն այնտեղ է, որտեղ ես եմ»՝ հայտարարում է համաշխարհային կերպարվեստի հանճարն ու հանելուկը:
Պիկասոյի հետ (անկասկած, նրա համաձայնությամբ) ցուցադրվում են ռուս քանդակագործ Լիպշիցը և Երվանդ Քոչարը: Այս դեպքը քարագրված է Մաեստրո Քոչարի «Ես և դուք» հուշագրքում: Կա նաև մի գեղարվեստական ավանդազրույց, արժե՞ այն մեջբերել, վստահ եմ` այո՛:
Մի օր Պիկասոն մտնում է Փարիզի բոհեմ-կենտրոններից մեկը, մի հռչակավոր սրճարան, որտեղ հավաքվում էին նկարիչներ, վերջիններիս գործերը վաճառող ոչ այնքան բարեհույս սուբյեկտ մարշանները, կերպարվեստի սիրահարներ և, իհարկե, փարիզյան կյանքի անբաժանելի զարդարանք կուրտիզանուհիներ: Նա գլխով է ողջունում բոլորին, սեղմում է միայն Քոչարի ձեռքը:
Պիկասոն փառքի կիզակետում էր: Երվանդ Քոչարը, ըստ էության, նորեկ էր Փարիզում, ճանաչված մասնագիտական շրջանակներում: Փառքի դափնեպսակները օր օրի շարք էին կանգնել այս կապուտաչյա կերպարվեստային հրաբխի աշխատանոցի շեմին: Հիշենք, որ Փարիզում` կերպարվեստի համաշխարհային օրենսդիր կենտրոններից մեկում, Մաեստրոն ճանաչվում է նաև նորարարությամբ` հիմնադրելով «տարածական նկարչությունը» կերպարվեստում, որին հետագայում հիմնավոր ուսումնասիրությամբ անդրադառնում է ֆրանսիացի ճանաչված արվեստաբան Վալդեմար Ժորժը: Մաեստրոն փորձում է նկարը տեղադրել տարածության և ժամանակի մեջ՝ միահյուսելով քանդակագործությունն ու գունանկարը: Եվ փորձում է: 1936-ին Քոչարը ևս ձեռքն առավ ուխտագնացի գավազանը և ճանապարհվեց դեպի Խորհրդային Հայաստան:
ԿԱՂԱՊԱՐՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
1927 թվական: «Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միավորումը» իր մասնաճյուղն է հիմնում Հայաստանում: Հեղափոխություն էր շինհրապարակներում, հեղափոխություն էր արվեստում: Ամենակարևորը՝ հեղափոխություն էր անհատի հոգում և մտքում: Նորաստեղծ կազմակերպությանը սրտանց անդամագրվում են Արա Սարգսյանը, Գաբրիել Գյուրջյանը, Վահրամ Գայֆեճյանը, Այծեմիկ ՈՒրարտուն և Ստեփան Թարյանը: Կազմաքանդվում էին հաստատուն կաղապարները, հաստատվում էին նոր գաղափարներ, որոնց համաձայն կերպարվեստը պետք է դառնար սովետահայության կյանքի և՛ հայելին, և՛ հրետանին: «Հեղափոխական նկարիչները» այլևս չէին կամենում կերպարվեստի ազգային ոգին փնտրել ժողովրդական արվեստի զուլալ ակունքներում: Նրանք մի՞թե շեղվել էին դեպի ճշմարիտ գեղարվեստի տաճար տանող շավիղներից: Ամենևին: ՈՒղղակի քայլում էին ժամանակի ոգուն համընթաց, հաճախ ստեղծելով արժեքավոր գործեր, ի մասնավորի՝ թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներ և արդյունաբերական բնանկարներ: Բայց դադար տանք մի պահ և ծանոթանանք հեղինակավոր մի այրի տեսակետին:
«Մինչև 1923 թվականը հայ կերպարվեստը զարգանում էր գաղափարական և գեղարվեստական բավականին սուր, բայց, այնուհանդերձ, հանդուրժողական, այլընտրանքի հնարավորությունը չբացառող, արտասահմանում առկա մշակութային իրականությունից դեռ ամբողջովին չմեկուսացած ստեղծագործական մթնոլորտում, թեև օրեցօր սաստկացող վարչական վերահսկման և ուղղակի միջամտության, կանխարգելման և արգելակման պայմաններում»:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյան
ՆԱՀԱՆՋ ԴԱՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ. ՍՈՑՌԵԱԼԻԶՄ
Ռուսական ասացվածքը հուշում է, որ երբ ծառն են կտրում, տաշեղներ են թռչում: Կայսրությունը գերկենտրոնացվեց, ծառերը վեր խոյացան, տաշեղները սփռվեցին այս ու այնտեղ:
1932 թվական: Կայսրության գաղափարական հնոց ՀամԿ(բ)Կ կենտրոնական կոմիտեի որոշմամբ լուծարվում են ստեղծագործական զանազան ընկերություններն ու միավորումները: Ասպարեզում գերիշխող դիրք են գրավում խորհրդային ստեղծագործական միությունները, որոնք, ի դեպ, հասարակական կազմակերպություններ էին: 1932-ի նոյեմբերի 10-ին հրապարակ է իջնում Հայաստանի նկարիչների միությունը:
(Անհատի պաշտամունքին զոհ գնացին նաև հայ կերպարվեստի մի քանի դեմքեր, Սարգիս Հովհաննիսյանը, Դանչոն (Եղիազար Գաբուզյան), Տաճատ Խաչվանքյանը, Տիգրան Դավթյանը, բռնադատվեց Քոչարը):
Ըստ էության, սոցռեալիզմը իր մենիշխանությունը հաստատեց երկրում մինչև հանրապետության անկախացումը: Սակայն տեղին կլինի դիմել Մաեստրոյին, ընկալելու համար, թե ինչ է ռեալիզմն առհասարակ, ի՞նչ պտուղ է սոցռեալիզմը և, առհասարակ, որտեղ է այն հասունանում:
Դրվագենք տիար Քոչարի 1945-ին կարդացած դասախոսությունը սոցիալիստական ռեալիզմի մասին.
«…Երբ ասում են սոցիալիստական ռեալիզմ, դրանով իսկ ընդունում են, որ կա և ոչ սոցռեալիզմ, ուրեմն նախ պետք է բնորոշել, թե ինչ է ռեալիզմն առհասարակ: Ռեալ է այն աշխարհը, ուր ապրում է մարդը, հետևաբար այդ աշխարհն արտացոլող արվեստը կլինի ռեալիզմ:
Ֆրանսիական 18-րդ դարի մեռնող արիստոկրատիան ապրում էր անցյալով և ստեղծեց Վատտոյի, Բուշեի և Ֆրագոնարի՝ արիստոկրատական դասի ռեալիզմը:
Եգիպտոսը ստեղծեց աբստրակտ-մտային ռեալիզմ:
Քրիստոնեությունը, ի դեմս բյուզանդական սրբապատկերների, Էլ Գրեկոյի, Զուրբարանի և ուրիշների, ստեղծեց միստիկական ռեալիզմ:
Հունաստանը ստեղծեց կյանքի սիրո այնպիսի ուժեղ գաղափարախոսություն, որ նույնիսկ երկնքի գործերը կարգավորվում էին այս աշխարհում, իսկ աստվածներին պատկերում էին մարդկային կյանքի օրենքներով: Ռենեսանսը ստեղծեց նոր տիպի ռեալիզմ՝ ձևով կլասիկական, իսկ սյուժեով` քրիստոնեական:
Եզրափակելով վերն ասվածը՝ բոլոր արվեստները ռեալիստական են, և չկա ռեալիզմից դուրս արվեստ»:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Այժմ դրվագում եմ ճանաչված արվեստաբան Մարտին Միքայելյանի «Ձնհալը Հայաստանում» էսսեն:
«1950-ականների երկրորդ կեսին խորհրդային երկրի մշակույթը արթնացավ տասնամյակների մղձավանջից: Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը խրուշչովյան այդ ձնհալքի առաջին նշաններից էր, որը բարձր գնահատվեց և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, իբրև փշալարերի մեջ հեծծող ժողովրդի հոգու պոռթկում: Սակայն իրական զարթոնքը երևաց 1960-ական թվականներին: Այս շրջանում հետաքրքիր կոմպոզիցիաներ ստեղծեցին Էդվարդ Իսաբեկյանը, Գրիգոր Խանջյանը, Անատոլի Պապյանը, Սարգիս Մուրադյանը, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանը, Ռուբեն Ադալյանը: Ցուցահանդեսներում առավել գունագեղ էին երևում Արա Բեքարյանը, Հենրիկ Սիրավյանը, Ալեքսանդր Գրիգորյանը: Այս վերջինիս արտահայտչական միջոցների հարուստ զինանոցը նկատելի է ամենահասարակ պատկերի մեջ անգամ: Սակայն այս տաղանդավոր մարդու գույնը, ծավալը, գիծը կարծես վեճի ու բախման մեջ են: Չեմ ճանաչում ուրիշ մի վարպետի, որի գույնի, գծի, ծավալի զգացողությունն այդպես հավասար մակարդակի վրա գտնվեր:
Երկրի քաղաքական վիճակը հնարավորություն ընձեռեց Երվանդ Քոչարին սոցռեալիզմի պաշտոնական քանդակներ և կտավներ ստեղծելու, նաև մարմնավորելու «նկարչությունը տարածության մեջ» իր երբեմնի նախագծերը: Ընդդիմության առաջնորդը Քոչարն էր, որի ուղղակի աշակերտն էին Ռուդոլֆ Խաչատրյանն ու Ռուբեն Ադալյանը:
Գունային հարաբերությունների ֆրանսիական նրբության ձգտող և սեփական առինքնող ներաշխարհ ունեցող գեղանկարիչ էր Հարություն Կալենցը, անկասկած, եզակի մի վարպետ հատկապես իր ապրած ժամանակաշրջանի վերջին տասնամյակի մշակութային համայնապատկերի վրա:
Առանձին երևույթներ էին Սեդրակ Ռաշմաջյանը հին վարպետների ձևածավալային ըմբռնումները կյանքի կոչելու խոհուն հայացքով, Քնարիկ Վարդանյանը՝ կառուցիկ և համարձակ ձևերի նոր ու թարմ հորինվածքներով, և Նիկոլայ Քոթանջյանը՝ գույնի ասպարեզում գիտնականի տարօրինակ լրջությամբ:
Հայկական որմնանկարչության, մանրանկարչության գունային, մանավանդ գծային, հարթապատկերային համակարգով հրապուրված նկարներ և որմնանկարներ ստեղծեց Հովհաննես Մինասյանը: Սակայն Երևանի արվեստի մթնոլորտը շիկացրին հատկապես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան նոր ավարտած Մինաս Ավետիսյանը և Երևանի գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Մարտին Պետրոսյանը: Մինաս Ավետիսյանը մեծ ազդեցություն ուներ խորհրդային հանրապետությունների երիտասարդ նկարիչների վրա: Նրա նման փորձում էին նկարել ոչ միայն Երևանում ու Գյումրիում, այլև Մոսկվայում, Աշգաբադում, նույնիսկ հեռավոր Պետրոզավոդսկում:
Մարտին Պետրոսյանը դանդաղորեն հեռացավ գույնից, հայտնվեց մոխրագույնների, դարչնագույն երանգների, մուգ նրբերանգների մեջ: Գույնի նոր ու թարմ ընկալումներով երևանյան արվեստի հրապարակում հայտնվեցին Սեյրան Խաթլամաջյանն ու Ռոբերտ Էլիբեկյանը»:
Եվ այլն…
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ