«Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագծի շրջանակում, հոկտեմբերի երկրորդ կեսին, Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը:
Այս գաղափարը (ի թիվս այլ ծրագրերի ու պայմանավորվածությունների) քննարկվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի և Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հանդիպման ժամանակ: Երևանի քաղաքապատերանից տեղեկացնում են նաև, որ քննարկել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ընթացքը: Տիգրան Վիրաբյանն իր գործընկերոջը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկն առ այն, որ Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիներին ապրել է բանաստեղծը, տեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացեն տեղեկատվություն Թումանյանի մասին:
Լուսանկարը՝ toumanian.am կայքից