Լրագրող, արվեստագիտության թեկնածու ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում: Գիրքը լույս է տեսել անվանի լուսանկարչի ծննդյան 100-ամյակին ընդառաջ: Հոբելյանական տարվա շրջանակներում, մայիսի 18-ին, Բեռլինում տեղի ունեցան «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի շնորհանդեսը և Քոչարի լուսանկարների ցուցահանդեսը, որն այնուհետև ներկայացվեց Երևանում։
-Գայանե, ինչպե՞ս ծնվեց Անդրանիկ Քոչար-լուսանկարչի ու հայ լուսանկարչության պատմության մասին գիրքը: Ի՞նչն է գլխավորապես շեշտվել այս աշխատության մեջ:
-Հայ լուսանկարչության պատմությունը, կարելի է ասել, ընդհանրապես ուսումնասիրված չէ, գիտական աշխատություններ այդ ոլորտում չունենք: Միակ գիրքը, որ լույս է տեսել, դարձյալ Անդրանիկ Քոչարի աշխատանքի արդյունքն է, նրա հավաքագրած պատմությունը: Նա 30 տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներից հավաքել է հայ լուսանկարիչների աշխատանքները, կնիքները, կենսագրությունները և ցանկացել է անպայման դրանք հրատարակել: Ցավոք, չհասցրեց: 2007-ին Անդրանիկ Քոչարի որդին՝ լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարը, լույս ընծայեց «Հայ լուսանկարիչներ» գիրքը, որն ավելի շատ հանրագիտարանային բնույթ ունի: Կարելի է ասել՝ արվեց առաջին քայլը: Սակայն լուսանկարչության պատմությունը պետք է սկզբնավորման օրից սկսած, փուլ առ փուլ, զարգացման աստիճաններով, տեսակների բաժանելով ուսումնասիրել ու հատոր առ հատոր ներկայացնել: Ավելին՝ դա պետք է բուհ մտնի որպես դասագիրք: Մենք ունենք լուսանկարչության հարուստ պատմություն, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծ թվով ներկայանալի լուսանկարիչներ, որոնք մրցանակներ են շահել, աշխարհի ուշադրությունն են գրավել, ինչ-որ բան են փոխել աշխարհում, նոր ուղղություններ են ստեղծել: Այս տարի լրանում է լուսանկարչության գյուտի 180-ամյակը: Հարկ է նշել, որ լուսանկարչության գյուտից 19 տարի անց հայերն արդեն իրենց տեղն ու դիրքն ունեին լուսանկարչության պատմության մեջ: Պոլսում Աբդուլլահյան եղբայրները մեծ նեդրում ունեցան գեղարվեստական լուսանկարչության մեջ, և ըստ էության, նրանք ու նրանց հաջորդող խոշոր վարպետները դարձան Քոչարի ստեղծագործության ակունքները: 1947-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Քոչարը հայրենադարձվեց՝ Հայաստանում դնելով գեղարվեստական լուսանկարչության հիմքը (մինչ այդ մեր լուսանկարչությունն ավելի շատ տաղավարային բնույթ ուներ): 1948-ին, հայրենիք գալուց մեկ տարի անց, նա Երևանում բացեց իր առաջին անհատական ցուցահանդեսը և միանգամից բոլորի սրտերը գրավեց: Այդ ցուցահանդեսին ներկա էին Կոջոյանը, Սարյանը, Համո Բեկնազարյանը, Ռուբեն Դրամբյանը... Բարձր մակարդակով ու ճաշակով արված ցուցահանդես էր: Հրավիրատոմսն ու կատալոգը պահպանված են մինչ օրս: Ես տարիներ շարունակ ուսումնասիրել եմ Քոչարի արխիվը և հիացած եմ իր կոկիկ, հետևողական աշխատանքով: Նվիրյալ անձ էր Քոչարը: Նման տաղանդ, հմտություններ ունեցող մարդը կարող էր արտերկրում ճոխ կյանքով ապրել, բայց նա գերադասեց հայրենիքում լուսանկարչությունը զարգացնել:
-ՈՒ՞մ է ուղղված գիրքը՝ մասնագետների՞ն, թե առավել լայն շրջանակներին:
-Ե՛վ մասնագետներին, և՛ լայն հանրությանը: Քոչարի արվեստն է, բայց նաև ամբողջական ուսումնասիրություն է, ներկայացված են համաշխարհային և հայ լուսանկարչության պատմությունն ու Քոչարի արվեստի ակունքները: Գրքում տեղ են գտել նաև ութ տասնյակից ավելի լուսանկարներ:
-Խոսեցիք 2007-ին հրատարակված 500 հայ լուսանկարչի աշխատանքների մասին: Մի առիթով Վահան Քոչարն ասաց, որ 450-էջանոց գիրքն արդեն 1200 էջ է, 4 ու կես հազարից ավելի լուսանկարներ կան` սկսած 1858-ից: Տպագրության համար գումար չկար: Նորության կա՞ այս առումով:
-Լուսանկարչական աշխատանքները շատ ավելին են: Մարդիկ գիտեն, որ տասնամյակներ շարունակ Անդրանիկ Քոչարն էր զբաղվում դրանով, հիմա էլ՝ որդին: Հավաքածուն օր օրի մեծանում է: Ցավոք, մեր պետությունը դեռ չի արժևորում դա:
-Հավաքածուն տնային պայմաններում պահելը չի՞ վտանգում այն:
-Իհարկե, վտանգում է, համապատասխան պայմաններ են հարկավոր դրանց պահպանության համար: Տպագրված լուսանկարներ, չտպագրված ժապավեններ են, թվայնացված աշխատանքներ, հազար ու մի տարաբնույթ իրեր: Որդին հնարավորության սահմաններում պահպանում է: Հուլիսի 20-ին Քոչարենց տանը` Ավետ Ավետիսյան 19 հասցեում, բացվեց Անդրանիկ Քոչարի լուսանկարչության թանգարանը: Տարածքը փոքր է, ներկայացված է 11 հեղինակ: Անդրանիկ Քոչարը ոչ միայն թանգարանի, այլև լուսանկարչության թանգարան-ինստիտուտի մասին էր մտածում, ցավոք, չհասցրեց: Որդին ամեն ջանք թափում է, որ իրականացնի հոր երազանքը: Այս փոքրիկ թանգարանը գուցե գրավի պատկան մարմինների ուշադրությունը: Շքեղ, հարուստ, ընդարձակ թանգարան-ինստիտուտ է մեզ հարկավոր: Գոնե հիմքը դրվի, շենք լինի կամ հողատարածք, որից հետո մասնագետները քննարկեն-տեսնեն՝ ինչ է հարկավոր, ինչպես է հնարավոր գլուխ բերել գործը: Ներկայումս միայն որդին է այդ հարստության տերը, իսկ մարդիկ հավերժ երիտասարդ չեն մնում:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ