«Իրատեսի» զրուցակիցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի գծով փոխնախարար ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆՆ է:
Մշակութային քաղաքականությունը կարիք ունի վերանայման: Սպասվում են գաղափարական ու կառուցվածքային փոփոխություններ: Օրենսդրական դաշտի կարգավորում, ստեղծագործական ազատություն, արդյունքի գնահատում. սրանք են մշակութային նոր քաղաքականության հիմնական բաղադրիչները:
-Ի՞նչ խնդիրներ էին Ձեզ մտահոգում մինչ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, և ի՞նչ խնդիրների առերեսվեցիք՝ ստանձնելով պաշտոնը:
-Մինչ պաշտոնավարումը, այն ժամանակ, երբ աշխատում էի մշակութային հաստատությունում, առնչվում էի ավելի շատ բյուրոկրատական խնդիրների, բայց դրանք շրջանցում էի: Երբեք բյուրոկրատական խնդիրը չի խոչընդոտել թանգարանի զարգացման իմ տեսլականի իրականացմանը:
Իրականում մենք ունենք օրենսդրական խնդիրներ: Մասնավորապես, ստեղծագործական կոլեկտիվները, մշակույթի գործիչները դժգոհ են «Գնումների մասին» օրենքից, որովհետև այդ օրենքում որևէ կետով չի առանձնանում ստեղծագործական կարիքների համար գնումը: Երբ Ազգային ժողովում էի, հաճախ էի հանդիպում ֆինանսների նախարարին և փորձում բացատրել՝ ինչու պետք է ուրիշ մոտեցում լինի մշակութային կարիքների համար գնումների դեպքում: Եվ հասկացել եմ մի բան՝ որևէ մեկը այս գերատեսչության պատասխանատուներին չի բացատրել, որ մշակութային գործունեությունը տարբերվում է, ասենք, շինարարությունից: Դեռ այդ ժամանակ սառույցը սկսել էր թուլանալ, հիմա էլ աշխատում ենք այդ ուղղությամբ, կարծում եմ, շատ մոտ է այն օրը, երբ որոշակի փոփոխություններ կլինեն այս օրենքում:
-Դուք ղեկավարել եք Թումանյանի թանգարանը, որը մշակութային ամենաակտիվ կենտրոններից է: Նույնը չի կարելի ասել շատ այլ թանգարանների պարագայում: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նույնպես անդրադարձել էր հանրության և զբոսաշրջիկների համար մշակութային օջախները հետաքրքիր դարձնելու խնդրին:
-Այս հարցը շատ ենք քննարկել, վարչապետը նույնպես կարծում է, որ մարդիկ թանգարան չեն գնում, այդ կապը պետք է աշխուժացնել: Դրա համար ներդրվեց աբոնեմենտային համակարգը, որը շատ հաջող ծրագիր է (հաջորդ տարվա համար փոքրիկ ճշտումներ պետք է կատարվեն): Բայց ես այդքան էլ համաձայն չեմ, որ մարդիկ թանգարան չեն գնում: Գնում են այն թանգարանները, որոնց մասին լուր ունեն, և որոնք առաջարկություն ունեն հասարակությանը՝ երեխաներին, մեծահասակներին, ընտանիքներին: Ես կարծում եմ, որ մեր թանգարաններում կա կառավարման խնդիր: Մենք խնդրի լուծման մի քանի տարբերակներ ունենք: Ես հիմա չեմ խոսի դրանց մասին, որովհետև սևագիր տարբերակներ են, դեռ վերջնական մշակում չեն անցել: Կարծում եմ, նախ պետք է վերանայել թանգարանների, առհասարակ, մշակութային ՊՈԱԿ-ների տնօրենների նշանակման հարցը: Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցութային գործընթացը շատ պարզունակ է ու անհետաքրքիր: Մրցույթն անցկացվում է երկու փուլից. մի փուլում օրենսդրական հարցերն են, մյուսում՝ հայեցակարգի ներկայացումը: Եվ երբեք հաշվի չեն առնում՝ տվյալ մարդը կարո՞ղ է լինել ղեկավար՝ իր խառնվածքով, մարդկանց հետ հաղորդակցվելու ունակությամբ: Աշխարհում ընդունված պրակտիկա է. աշխատանքի ընդունելիս (սկսած մաքրուհուց մինչև թոփ-մենեջեր) մարդկային ռեսուրսի կառավարման մասնագետները զրույցների, թեստերի միջոցով փորձում են պարզել՝ այս մարդը կարո՞ղ է շփվել կոլեկտիվի հետ և ինչպիսի՞ մթնոլորտ կստեղծի այնտեղ, որտեղ աշխատելու է: Մեզ մոտ դա բացակայում է:
-Մեր տեղեկություններով՝ Ձեր ուշադրության առանցքում է թանգարանների ինքնավարության հարցը:
-Այո: Ես կարծում եմ, որ նախարարությունը քաղաքականություն է մշակում և գլոբալ հարցեր է լուծում: Օրինակ, աբոնեմենտային համակարգի քաղաքականությունը նրանում է, որ բոլորը ներգրավվեն թանգարանային կյանքին, իսկ թե դա ինչպես կարվի, երևակայական ինչ թռիչքներ կունենան թանգարանները, մեր գործը չէ: Պետք է ստեղծել հնարավորություն և տալ ազատություն: Մինչև հիմա ինչպե՞ս է եղել: Պետությունը որոշակի գումար է հատկացրել մշակութային հաստատություններին, վերջիններս եռամսյակային, կիսամյակային, տարեվերջյան հաշվետվություն են ներկայացրել, թե ինչպես են ծախսել այդ գումարները: Ֆինանսական բալանսը գրեթե ոչ ոք չի խախտում, բայց թվերով չեն կարող ներկայացնել, թե մշակութային ինչ արժեք են ստեղծել: Մենք երբեք մշակութային ձեռնարկի որակական արդյունավետությունը չենք գնահատել և չենք էլ պահանջել: Տեսեք, թատրոններին տրվում է գումար ներկայացում բեմադրելու համար, առաջնախաղը լինում է, հետո ներկայացումն անցնում է դատարկ դահլիճում, շատ շուտով դուրս է գալիս խաղացանկից: Բայց այդ գումարները ծախսվել են: Այսինքն, սա պետության վատ կառավարման, վատ վերահսկողության հետևանք է: Եթե գումար տալիս ենք, ստեղծում ենք թռիչք ունենալու պայմաններ, հետո մենք պետք է ստուգենք հավասարապես և՛ ֆինանսական հաշվեկշիռը, և՛ արդյունքի որակը:
-Արձակագիր Դավիթ Սամվելյանն իր ֆեյսբուքյան էջում հարց էր բարձրացրել, թե ինչու են թանգարաններում ու գրադարաններում կազմակերպվող միջոցառումներն այնպիսի ժամերի անում, որ հարմար է լինում միայն թոշակառուներին, գործազուրկներին, առավելագույն դեպքում՝ ուսանողներին կամ ազատ գրաֆիկով աշխատողներին։
-Ընդհանուր առմամբ ճիշտ հարց է, բայց թանգարանները ռեժիմային հաստատություններ են, անվտանգության հարց կա նաև: Թեև թանգարանները կաշկանդված չեն, ախատանքային ժամից հետո, նույնիսկ իրենց ազատ օրը, որը որպես կանոն երկուշաբթին է, կարող են հանդիսություններ կազմակերպել: Ամեն օր չէ, անշուշտ, բայց տարվա մեջ մի քանի արտաժամյա միջոցառումներ լինում են: Այստեղ ուրիշ հարց է առաջ գալիս՝ լրացուցիչ աշխատանքի համար աշխատողները պետք է վճարվեն կամ պետք է ազատ օր ունենան… Դրանք լուծելի հարցեր են:
-Գրահրատարակչական ոլորտում շրջադարձային փոփոխութուններ են եղել: Վերջին փոփոխությունների արդյունքում, օրինակ, պետպատվերով հրատարակվող գրքերի փոխարեն իրականացվում է գրքերի գնման ծրագիրը, որի շրջանակում նախարարությունը հրատարակչություններից գնում է մի շարք գրքեր և դրանք բաշխում գրադարաններին: Չե՞ք կարծում, որ կարող է տուժել պետական կարևորություն ունեցող գրականությունը, որի հրատարակումը հնարավոր է իրականացնել միայն պետական պատվերով ու օժանդակությամբ:
-Գիտեմ, թե ինչ ճակատագիր են ունենում պետպատվերով հրատարակված գրքերը: Եթե դրանք իսկապես գիտական աշխատանքներ են կամ Հայաստանին վերաբերող գրքեր, սա ուրիշ հարց է, կարծում եմ, որ հիմա էլ հնարավոր է դրանք տպագրել: Բայց, երբ X հեղինակի ստեղծագործությունը պետպատվերով հրատարակում են, հետո այդ X հեղինակը որևէ իրավասություն չի ունենում այդ գրքի նկատմամբ, աբսուրդ վիճակ է ստեղծվում: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը նորից պետք է ընդհանրական քաղաքականություն մշակի: Պետք է մտածենք նաև մեր գրականության լավագույն նմուշները՝ ժամանակակից, թե դասական, աշխարհում հանրահռչակելու ուղղությամբ: Դրա համար լուրջ թարգմանական քաղաքականություն պետք է վարել, ոչ միայն պատվիրել թարգմանություն, այլև ապահովել ամբողջ շղթան: Գիրքը պատվիրվեց, ինչպե՞ս ենք դրսում տպագրելու (դրսի տպարանի անվան առկայությունը տիտղոսաթերթին արդեն գովազդ է), և հետո ինչպե՞ս ենք դա շուկա հանելու: Այսինքն, գիրքը պետք է հասնի ընթերցողին:
Մենք հիմա այնքան ինքնանպատակ ծախսեր ենք տեսնում: Դա ծախս չէ, փոշիացում էլ չէ, վատ վերաբերմունք է սեփական հարստության նկատմամբ, մեր ժողովրդի հարկերից առաջացած գումարների մսխում է: Հիմա դրամաշնորհային քաղաքականություն է մտել շրջանառության մեջ: Աշխարհում ընդունված պրակտիկա է: Բայց երբ նայում ենք՝ ովքեր են դրամաշնորհով գումարներ ստացել, տեսնում ենք, որ արդյունքի գնահատում ընդհանրապես չկա: Դրա համար ինքներս մեր քաղաքականության համաձայն պետք է պատվերներ իջեցնենք, ասենք, մեզ պետք են անիմացիաներ հայ գրողների կյանքի մասին, մրցույթ ենք հայտարարում, լավագույն նախագծերը դրամաշնորհ են ստանում:
-Բավական խոցելի է համայնքային գրադարանների հարցը: Խնդրի լուծման ի՞նչ մեխանիզմներ կան: Հնարավո՞ր է՝ համայնքապատկան գրադարանների ցանցը նախարարության ենթակայության տակ անցնի:
-Կարգավիճակի փոփոխության հարցի մասին չենք մտածել: Մեր ծրագրում կա կետ՝ մարզային խորհուրդներ ստեղծելու: Համընդհանուր քաղաքականության հիման վրա պետք է մշակենք լոկալ քաղաքականություններ՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի մշակութային առանձնահատկությունները: Մենք ոչ մի բանի չենք հասնի, եթե համայնքը շահագրգռված չլինի, մենք չենք կարող պահպանել հուշարձանները, եթե համայանքը չգիտակցի, որ դա իրենն է, ինքը իրավունք չունի ուտելու ու մնացորդները թափելու հուշարձանի տարածքում, ընդհակառակը, նրանք պետք է նախանձախնդիր լինեն և թույլ չտան որևէ մեկին դա անել: Պետք է մտածել նաև՝ ինչպես ենք զբոսաշրջությունից և այլ միջոցներից ստացվող գումարներից հատկացումներ անում հենց տվյալ համայնքի զարգացման համար:
-Մանկապատանեկան մամուլի համար անցկացվող մրցույթից դուրս մնացին գրեթե հարյուր տարվա պատմություն ունեցող պարբերականները: Նրանց փոխարինեցին անհասկանալի ծագմամբ պարբերականներ: Պետության մշտակա հովանավորությունը վայելող «Ծիծեռնակը», «Կանչը», «Աղբյուրը» փաստի առաջ կանգնեցին: Նրանց դժգոհությունն ու մտահոգությունը հասկանալի է, ինքներս էլ լուսաբանել ենք խնդիրը: Բայց գուցե պետք է այնպես աշխատեին, այնպիսի կապ ստեղծեին փոքրահասակ ընթերցողի հետ, որ անհնար լիներ այդ պարբերականների գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելը:
-Ես կարծում եմ, որ պետությունն այստեղ էլի իր քաղաքականությունը պետք է իջեցնի, մենք ի՞նչ ենք ուզում: Ասում եք՝ հարյուր տարվա հանդեսներ կան, բայց դրանք այսօր իրենց բովանդակությամբ, տպագրական որակով հետաքրքի՞ր են, արդյո՞ք գրավում են երեխաներին: Ես հիշում եմ իմ մանկության տարիները, երբ սրտատրոփ սպասում էի, թե երբ են մեր փոստարկղում հայտնվելու «Ծիծեռնակը», «Մուրզիլկան», որովհետև հետաքրքիր պատմություններ կային, գունագեղ էին: Այսօր, երբ տպագրական հրաշալի հնարավորություններ կան և անսպառ ինֆորմացիա, դու պետք է գերընտիր մշակութային, գրական, հոգևոր արժեք տաս, որ երեխաներն ուղղակի կառչեն այդ հանդեսից: Ինքնանպատակ չպետք է լինի ոչ մի բան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ