ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գույների հետ զրուցողը

Գույների հետ զրուցողը
21.06.2019 | 01:54

Յուրաքանչյուր օրն ինձ համար մի նոր հայտնություն է բերում մարդուն իր մտքի թռիչքի սանդղակի մի նոր աստիճանի վրա տեսնելու առումով: Հզոր էակ է մարդ արարածը: Ահա նա՝ կանգնած հին ու նոր աշխարհների խաչմերուկներում, շարունակում է մեծացնել իր մտքի թռիչքադաշտն ու արարել, ստեղծել ավելին: Տեսել ու հանդիպել եմ նրան Երկիր մոլորակի տարբեր վայրերում ու համոզվել, որ անվերջ է նրա ուղին, նրա ստեղծագործ ուժի հնարավորություններն ասես նոր-նոր են ծաղկում, թեպետ նա վաղուց է հետևում թողել մարդկային քաղաքակրթության զարմանահրաշ դրվագները:


Իմ ծանոթությունը հայի տեսակի հետ մի նոր աստիճանի հասցրեց մարդկային ճանաչողության իմ աստիճանը: Հենց դա էլ մի թռիչք էր, որ տարավ ու իջեցրեց ինձ հայոց բիբլիական հողում: Իմ մտքի թռիչքը, սակայն, ոչինչ չէր կարող նշանակել, եթե նրան թև տվողները հայոց մասին իմ ունեցած տվյալները, կամ երկինքն ակոսող ինքնաթիռի ընձեռած հնարավորությունները լինեին: Իմ թռիչքին թևեր տվողները նրանք էին, ովքեր ծաղկի վրա իջած մեղուների երանությամբ բնագիր օրինակներ էին ստեղծում այդ հողի վրա: Մարդուն իր ոչ միայն մտքի, այլև նրա ոգեղեն աշխարհներից զորություն հաղորդող առեղծվածների մեջ կայուն, հզոր ու հաստատուն պատկերացնելու իմ կոնցեպցիան միանգամից ծաղկեց, երբ ծանոթացա հայ ժողովրդի հետ, որն իր սեփական ձեռագրով բնագրեր ստեղծող և դրանցով առաջնորդվող ժողովուրդ է:


Երբ 1969 թվականին առաջին անգամ ոտք էի դնելու հայոց բիբլիական հողին, գիտեի, թե ինչ սեր է տածում հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած արժանավոր զավակի՝ Հովհաննես Թումանյանի նկատմամբ, և ինչ շուքով ու գրական աշխարհը ներկայացնող ինչ մասշտաբներով է պատրաստ նշելու նրա 100-ամյակը: Սակայն ինքս ինձ համար դեռևս չէի հայտնագործել այն ճշմարտությունը, որ հայը բնագիր ստեղծող անհատ է:
Հայի բնագիր ստեղծագործությունն ինձ շլացրեց, երբ տեղի ունեցավ իմ ծանոթությունը Մարտիրոս Սարյանի հետ, հատկապես նրա արվեստանոցում: Այդ ծանոթությունը հիմնարար նշանակություն ունեցավ արվեստն ընկալելու իմ մարդկային հնարավորությունների համար: Հասկացա, որ կտավին վրձնված գույնը կարող է հետ հրել, առաջ չթողնել արյան հոտը, այրող կրակի կիզիչ ջերմությունը, այլ դրա փոխարեն կարող է կենարար բույրեր, կենարար ջերմության հրավառություններ ստեղծել: Հասկացա, որ գույնը կարելի է ըմպել կտավի վրայից, այն էլ՝ հուսադրող ու զվարթացնող գինու նման:


Այդպես էլ, բնագրային շերտերի անընդհատ բացահայտումներով, տարվեցի ես Հայաստանում և շերտ առ շերտ սիրեցի դրանք:
Արվեստագետ հայի բնագրային մի ուրույն աշխարհ էր երիտասարդ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական աշխարհը: Նրա հոր՝ Վաղարշակ Էլիբեկյանի հետ ունեցած ջերմագին ծանոթությունը մեծացրել էր իմ հետաքրքրությունների շրջանակը ոչ միայն կտավին հանձնված կոլորիտային գույների նկատմամբ, այլև նրանց շնորհիվ ընտանիք հասկացությունն էր ինձ համար բարձրացել մեծարանքի մի նոր աստիճանի:


Ամբողջ կյանքում աշխատել եմ տեսնել միայն իմ աչքերով: Մեծ նշանակություն եմ տվել շրջապատն ընկալելու նման վերաբերմունքին, սակայն ավելի բարձր եմ գնահատել արվեստագետի սեփական ասելիքին հավատարիմ մնալու կայունությունը: Արվեստի նկատմամբ իմ սերը շատ անգամ է ապացուցել, որ ոչ միայն ամեն ինչում, առավել ևս՝ արվեստում, նմանակումը դատապարտված է ձախողման: Իր էության խորքերից բացվող սեփական դիմագծով ներկայանալու տիպիկ օրինակ է Ռոբերտ Էլիբեկյան նկարչի արվեստը: Իմ բարեկամ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքն ինքը յուրատեսակ մի միջավայր էր սիրո, համերաշխության, հարգանքի, իրար գնահատելով իրար կողքի կանգնելու մի յուրօրինակ միավոր: Չէի կարող չօգտվել ստեղծված հնարավորությունից ու չայցելել այս ընտանիքին, երբ տասը տարի անց երկրորդ անգամ եղա Հայաստանում: Այդ ժամանակ արդեն Ռոբերտ Էլիբեկյանը հայտնի էր որպես գույների հետ զրույցները կտավին հանձնած շնորհալի ու խոստումնալից նկարիչ: Խոստացված թեյի սեղանն այստեղ վերածվեց զուտ հայկական հյուրասիրության, ու բիբլիական հողի ուժն ըմպեցինք կարմիր խաղողի ողկույզներից քամված գինու հետ: Մինչ այդ արդեն գիտեի, որ Ռոբերտը դեռ 1965-ին «Մարիի դիմանկար»-ը աշխատանքով մասնակցել է «Ծաղկիր, իմ հանրապետություն» ցուցահանդեսին և արժանացել առաջին կարգի դիպլոմի: Այժմ ծանոթացա նաև նրա տիկնոջ՝ Մարիի հետ ու հենց այդ օրը հասկացա, թե ինչ ավանդ ունեն Էլիբեկյան ընտանիքի կանայք իրենց նկարիչ տղամարդկանց կյանքում: Այստեղ թևածում էր ակնածանքն ընտանիքի մոր նկատմամբ, որը մեծ ավանդ է ունեցել ոչ միայն որդու՝ որպես նկարիչ կայացման գործում, այլև միայն նրա շնորհիվ է ընտանիքի հայրը՝ իմ լավագույն բարեկամ Վաղարշակը, զարգացրել և ի ցույց դրել իր նկարչական արվեստը: Նվիրումի գույներ էին խաղում այս ընտանիքում, որին կարող էիր այդքան վառ կերպով հանդիպել միայն Հայաստանում:


Հայաստանն ինձ համար ես հայտնաբերեցի բիբլիական հողի վրա, սակայն չթողեցի այնտեղ և չհեռացա նրանից: Հայաստանի ու նրա շնորհալի ժողովրդի մասին լուրերը մշտապես ինձ հետ էին նաև իմ հայրենի Լիտվայում, իմ բազմազբաղ առօրյայի ընթացքում: ՈՒստի, 1984 թվականին Վիլնյուսում բացված 6-րդ տրիենալեի (եռօրյա) ցուցահանդեսին հարազատի հետ հանդիպման շտապողականությամբ մոտեցա Ռոբերտ Էլիբեկյանի վրձնած կտավին: Ինձ հիացնում է կտավի վրա լույսի տատանումների նրա վարպետությունը: Երբ նայում ես Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքներին, վերանում ես թանգարանային կամ տվյալ պահն առօրեականացնող մթնոլորտից: Դու հայտնվում ես հենց այնտեղ, նրա պատկերած աշխարհում, զգում քո մասնակցությունն ու միավորումն այդ աշխարհի հետ, որքան էլ այն իր ուրույն թեման է ներկայացնում: Ազնվական փայլ կա նրա նկարներում: Մեկ նկարն իր մեջ տարբեր ժամանակներ է ամբողջացնում ճիշտ այնպես, ինչպես թատերական իրականությունը, որը նույն պահին թե՛ բեմական գործողություն է, թե՛ ժամանակային կտրվածքներն իրար մոտեցնող դերասանի խաղ, թե՛ դահլիճում ներկա հանդիսատես: Ռոբերտ Էլիբեկյանի նկարները նրա մասնակցությունն են կյանքին, որի վարագույրը նա բաց է պահում դիտողի առջև:


Վեհապանծ երեք Էլիբեկյանների նկարների համատեղ ցուցադրությունը Վիլնյուսում, 1987 թվականին, ինձ համար ոչ միայն նրանց արվեստի բարձրարժեք աստիճանը ներկայացնելու իմաստով էր կարևոր, այլև բարեկամների հետ հանդիպման շարունակությունն ամրագրելու, շռայլ գույների համադրություններով կառուցած նրանց սեփական տարածքներում կրկին նրանց հետ լինելու իմաստով:
Էլիբեկյանների կոլորիտային աշխարհը կում առ կում ըմպած լինելու ուրախությունն ինձ չի լքում, ընդհակառակը, շարունակում է խոսուն գույներով լցնել իմ կյանքը, որտեղ էլ ես լինեմ՝ հարազատ դարձած Հայաստանում, թե հայրենի Լիտվայում:


Լիտվերենից թարգմանեց
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ