ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հայ ժողովրդի ռուս զավակը, իսկական զավակը»

«Հայ ժողովրդի ռուս զավակը, իսկական զավակը»
18.06.2019 | 01:52

Ես սովորել եմ Երևանի Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ դասարանում սովորում էր ԱՆՆԱ ԼԵԲԵԴԵՎԱՆ. այսօր նա բժիշկ է՝ նյարդայնաբան։ Անյայի ծնողները արվեստագետներ էին. մայրը՝ ՍՈՖՅԱ ԷՀՐԱՄՋՅԱՆԸ, Հ. Պարոնյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհի էր, իսկ հայրը՝ ԱՆԱՏՈԼԻ ԼԵԲԵԴԵՎԸ, նույն թատրոնի գլխավոր բալետմայստերն էր։


Սոֆյա Էհրամջյանը հաճախ էր գալիս դպրոց։ Գեղեցիկ կին էր, շքեղ արտաքինով, մեծ, արտահայտիչ աչքերով, ոսկեգույն վարսերով, գեղեցիկ իրանով, միշտ կոկիկ և ճաշակով հագնված։ Դպրոցական էի, երբ Սոֆյա Էհրամջյանին առաջին անգամ տեսա բեմում «Արշին մալալան» ներկայացման մեջ։ Նա Ասյա էր խաղում։ ՈՒ իմ՝ դպրոցականիս կարծիքով, նա շատ բեմական էր և համոզիչ։
2008 թվականին իմ «Օթյակ» հեռուստաշարքում հաղորդում պատրաստեցի Սոֆյա Էհրամջյանի և Անատոլի Լեբեդևի մասին։

ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ- Ա՜խ, օպերետ, օպերետ... Դու միշտ գրավել ես հանդիսատեսին։ Գրավել ես հետաքրքրաշարժ, խելացի ու խորամանկ սյուժեներով, խճճված հարաբերություններով, դրամատիզմով, քնարականությամբ ու կոմիզմով լի մեղեդիներով, էլեգանտ հագուստներով։ Կար ժամանակ, երբ Հ. Պարոնյանի անվան թատրոնում բեմադրվում էին դասական օպերետներ։ Բեմադրվում էին Յոհան Շտրաուսի, Ֆերենց Լեհարի, Իմրե Կալմանի, Իսահակ Դունաևսկու, Տիգրան Չուխաջյանի, Արտեմի Այվազյանի օպերետները։ Եվ այդ ներկայացումների գլխավոր դերերում հանդես էր գալիս թատրոնի լավագույն դերասանուհիներից մեկը՝ վաստակավոր արտիստուհի Սոֆյա Էհրամջյանը։
Սոֆյա Էհրամջյանը ծագումով գյումրեցի է։ Ավարտել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարած երաժշտական կոմեդիայի ստուդիայում։ Ավարտելուց հետո Սոֆյա Էհրամջյանը տեղափոխվում է Երևան։ Սկզբում աշխատում է օպերային թատրոնում որպես երգչախմբի երգչուհի, իսկ 1942 թվականից Պարոնյանի անվան թատրոնում է, հետագայում այդ թատրոնի առաջատար դերասանուհի։ Սոֆյա Էհրամջյանը մասնակցել է թատրոնի համարյա բոլոր ներկայացումներին՝ «Ռոզ Մարի», «ՈՒշ լինի, նուշ լինի», «Կարինե», «Սիլվա», «Բայադերա», «Մարիցա»...
Անատոլի Լեբեդևը ծնվել է Գորկի քաղաքում, ավարտել է տեղի պարարվեստի ուսումնարանը։ Պարել է Գորկու օպերային թատրոնում, այնուհետև գործուղվել է Երևան։ Նա եկավ Հայաստան և այստեղ գտավ իր երկրորդ հայրենիքը։ Այստեղ նա ամուսնացավ, ստեղծեց գեղեցիկ, ամուր ընտանիք։


ԱՆՆԱ ԼԵԲԵԴԵՎԱ- Հայրս և մայրս հանդիպել են 1938 թվականին։ Հայրս Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի և Խարկովի օպերային թատրոններում եղել է բալետի մենակատար։ Որպես բալետի մենակատար աշխատեց և Երևանի օպերային թատրոնում։ Հանդես էր գալիս թատրոնի բալետային բոլոր ներկայացումներում՝ «Կարապի լիճը», «Ռայմոնդա», «Գայանե»։ Մայրս այդ ժամանակ օպերայի երգչախմբում էր։ Հայրս սիրահարվում է, ու նրանք ամուսնանում են։ Հայրս սիրում էր կրկնել. «Գեղեցիկ հայուհի՝ մեծ, հրաշք աչքերով»։ Նա շատ էր սիրում Հայաստանը, մտքով անգամ չէր անցնում հեռանալ Հայաստանից։ Անգամ այն ցուրտ ու մութ 90-ականներին, երբ շատերն էին փոխում քաղաքացիությունը, նա չհեռացավ։ Երևանը շատ էր սիրում, ասում էր՝ «Наш розовый город»։ Բալետային հատվածներով օպերային ներկայացումների ժամանակ հայրս, ավարտելով իր համարը, փոխանակ գլուխ տար պարընկերուհուն, շուռ էր գալիս երգչախմբում երգող մայրիկիս ու խոնարհվում էր նրան։ Այդպես ուշադիր էր նրա նկատմամբ։
1944 թ. հայրս հրավիրվեց Հ. Պարոնյանի անվան թատրոն և աշխատեց որպես գլխավոր բալետմայստեր մինչև կենսաթոշակի անցնելը։ Հայրս թատրոնի 60 ներկայացումների պարերի բեմադրիչն է եղել։ Հիշում եմ «Պարերի ուսուցիչը», ուր փայլում էր Կարպ Խաչվանքյանը։ Ի դեպ, Կարպ Խաչվանքյանը ինձ համար дядя Карпуша էր, Մայիս Կարագյոզյանը՝ дядя Маис, Սվետլանա Գրիգորյանը՝ тетя Светик, Լյուբա Լյուլեջյանը՝ тетя Люба, Կիմ Երիցյանը՝ дядя Ки...
Ափսոս, նրանք այսօր մեզ հետ չեն։
Գ. Ղ. - Սոֆյա Էհրամջյանը Գյումրիում հայտնի Հակոբ աղայի դուստրն էր։ Իսկ նրա եղբայրը՝ Գրիգորի Էհրամջյանը, Հայաստանի հեռուստատեսության հիմնադիրներից էր, գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ։
Ա. Լ. - Պապիկիս մասին շատ եմ լսել։ Գյումրիում ճանաչված մարդ էր։ Առաջին ֆայտոնը Գյումրիում նա է ունեցել։ Բայց խորհրդային կարգերից հետո ամեն ինչ կորցրեց, նրա ունեցվածքը բռնագրավվեց, և նա սնանկ դարձավ։ Պապիկս գնում է Մոսկվա իր ունեցվածքը վերադարձնելու համար։ Նրան մերժում են, և տուն վերադառնալու ճանապարհին նա մահանում է ինֆարկտից։
Մայրս ծնվել է Թբիլիսիում, ուր տեղափոխվել է պապիկս ընտանիքով։ Մայրս շատ էր սիրում իր ծննդավայրը, իր հարազատ քաղաքը։ Թբիլիսիում նա իրեն լավ էր զգում։ Առաջին բեմական քայլերը մայրս արել է Արտաշատի թատրոնում։ Ի դեպ, իմ բժշկական գործունեությունը ես էլ եմ սկսել Արտաշատում։ Այնուհետև որպես մենակատար մայրս հրավիրվել է Պարոնյանի անվան թատրոն։ Գեղեցիկ սոպրանո էր, ընդհանրապես վառ կին էր, հմայիչ և արտիստիկ։ Փոքր եմ եղել և մայրիկի բոլոր դերերը չեմ հիշում։ Բայց հիշում եմ նրան «Բայադերայում», շատ վառ էին նրա Նատաշան («Մորգանի խնամին»), Սոֆին («Ատամնաբույժն արևելյան»)։ Խաղում էր ոչ միայն հերոսուհիներ, նաև խարակտերային, գրոտեսկային դերեր։ Փոքր էի, չեմ հիշում, որ ներկայացումն էր, նրա խաղընկերը Կիմ Երիցյանն էր։ Նրանց յուրաքանչյուր տեսարանից հետո դահլիճը թնդում էր՝ բուռն ծափահարություններ, ծիծաղ...
Ինչպես բոլոր դերասանների երեխաները, ես էլ եմ մեծացել թատրոնում։ Ներկայացումները դիտել եմ նվագախմբի փոսից։ Գիտեի բոլոր ներկայացումները, մամայի ռեպլիկները։ Մաման դերերը սովորում էր տանը, և որոշ դերեր ես գիտեի անգիր։


Գ. Ղ. - Իր բնավորությամբ, իր էությամբ Սոֆյա Էհրամջյանը ակտիվ մարդ էր, քաղաքացի։ Նա թատրոնի կուսկոմիտեի անդամ էր, ընտրվել էր Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։ Իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամուսնու՝ Անատոլի Լեբեդևի հետ հաճախ հանդես է եկել շեֆական համերգներով զինվորականների առջև։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով։
Ա. Լ. - Հիշում եմ, մի ծանոթ կոշկակար կար։ Նրա փոքրիկ արհեստանոցը ուզում էին փակել։ Մաման որպես դեպուտատ օգնեց, որ չփակեն, որպեսզի այդ մարդը կարողանա իր հացը վաստակի, ընտանիք պահի...
Գ. Ղ. - Կյանքում կոնֆլիկտները շատ են, առավել շատ են ինտրիգները թատրոնում։ Եվ երբեմն անկախ իրենցից Սոֆյա Էհրամջյանը և Անատոլի Լեբեդևը հայտնվում էին որևէ ինտրիգի մեջ։ Սակայն այդ պատմությունները տանը չէին քննարկվում։ Տանը իշխում էր խաղաղ մթնոլորտը։
Ա. Լ. - Հաճախ ներկայացումից հետո դերասանները գալիս էին մեր տուն։ Եվ կարևոր չէր, ինչ կար սեղանին։ Նրանք կարող էին թեյի սեղանի շուրջը հրաշալի ժամանակ անցկացնել։ Երկար էին նստում, հիշում էին, պատմում...
1939 թվականին պապան ու մաման մասնակցել էին Մոսկվայում կայացած հայկական գրականության ու արվեստի առաջին տասնօրյակին։ Մեծ հաջողություն ունեցան։ Եզրափակիչ համերգից հետո կառավարությունը մեծ ընդունելություն է կազմակերպել Կրեմլի Գրանովիտայա պալատում։ Հայ արվեստագետներին ողջունել է Ստալինը։ Այդ ընդունելությանը ներկա են եղել Հայկանուշ Դանիելյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Պավել Լիսիցյանը, Մեծ թատրոնի աստղեր Բարսովան, Միխայլովը, Մակսակովան... Ծնողներս ցույց էին տալիս ուշագրավ լուսանկարներ, եզրափակիչ համերգի ծրագիրը։ Հյուրերի թվում էին մեր տան լավ բարեկամները՝ Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Մայիս Կարագյոզյանը։ Մամայի մոտիկ ընկերուհիներից էր շնորհալի դերասանուհի և տաղանդավոր մարդ Լյուբա Լյուլեջյանը։ Մայրս շատ մտերիմ էր ժողովրդական արտիստուհի Նվարդ Ալիխանյանի հետ, նա ժամանակին թատրոնի աստղն էր, հիշում եմ նրա պատվին շքեղ բենեֆիս էր կազմակերպվել։ Իսկ հիմա նրան չեն հիշում։


ԴԱՎԻԹ ՊԱՏՐԻԿՅԱՆ (Աննայի ամուսինը, բժիշկ)- Հաճախ էի ասում Անատոլի Վիկտորովիչին՝ գրեք ձեր հիշողությունները թատրոնների ստեղծման, զարգացման, դերասանների, ռեժիսորների, կոմպոզիտորների, դիրիժորների, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների, հյուրախաղերի մասին։ Ծիծաղում էր, ժպտում էր իր բարի ժպիտով՝ ժամանակը կգա, կգրեմ։
Ցավոք, նա չգրեց իր հիշողությունները, չհանձնեց թղթին։ Ես հաճույքով էի լսում դրանք, ափսոսում եմ, որ հիշողությունները գնում-կորչում են։
Նա մեր երկրի իսկական քաղաքացի էր, հայ ժողովրդի ռուս զավակը, իսկական զավակը։ Ամեն ինչի համար ցավում էր, վատի համար ողբերգություն էր ապրում, լավի համար հրճվում էր։ ՈՒզում էր, որ ամեն ինչ լավ լինի։
Գորկի քաղաքում շատ հարազատներ ուներ, բայց չէր ուզում լսել այստեղից գնալու մասին։ Նույնիսկ վատ տարիներին չէր ուզում քննարկել այդ թեման։ Նա միշտ ասում էր՝ մենք պետք է ծառայենք մեր ժողովրդին, Հայաստանին։ Մենք ապրել ենք, ապրում ենք և պետք է ապրենք Հայաստանի համար։ Շատ էր սիրում Հայաստանը։ Նա իր բոլոր ուժերը, տաղանդը նվիրաբերեց հայկական երաժշտական թատրոնի զարգացմանը։ Նրա արժանիքները գնահատվեցին, նրան շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում, որը կրում էր պատվով, ազնվությամբ, մաքրությամբ։


Ա. Լ. - Մայրս իմ ամենալավ ընկերուհին էր, ես նրան միշտ ասում էի այդ մասին։ Ես նրա հետ խոսում էի ամեն ինչի մասին։ Մամայի մահից հետո պապան դարձավ իմ ամենամոտ ընկերը։ Նա ինձ համար և՛ հայր էր, և՛ մայր, և՛ տատիկ, և՛ ընկերուհի։ Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ հայրիկիս հետ։ Եվ հայրս միշտ ասում էր. «Ես մայրիկիդ նման երկրորդին չեմ հանդիպել, դրա համար էլ չամուսնացա նրանից հետո»։ Հայրիկիս հետ շատ ընկերական էի։ Ընդհանրապես, մեր տանը միշտ բարյացակամ մթնոլորտ է եղել։ Շատ ինտելիգենտ զույգ էին՝ հայրս և մայրս։
Գ. Ղ. - Ցավոք Սոֆյա Էհրամջյանը վաղ հեռացավ կյանքից, ընդամենը 58 տարեկան էր։ Անատոլի Լեբեդևը կնոջ մահից հետո ապրեց 31 տարի։ Իր մահկանացուն կնքեց 1998 թվականին։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ