Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դժվա՜ր է, երկա՜ր Հաագայի ճամփան...

Դժվա՜ր է, երկա՜ր Հաագայի ճամփան...
25.07.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՎԱՂԸ ԵԹԵ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՔՎԻ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵՍ ԴՐԱՆ ԵՎՍ ԴԵՄ ԿԼԻՆԵՄ»
ԱՐՏՅՈՒՇԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ (ՀՅԴ)
-Պարոն Շահբազյան, ՀՅԴ Կոշի կառույցի լուծարման լուրը իրականությանը համապատասխանո՞ւմ է:
-Ոչ, հիմարություն է: Նախ` Կոշում դաշնակցության կառույց որպես այդպիսին, չկա, ունենք ընդամենն ութ դաշնակցական, և այն մեր պարզ-սովորական խմբերից մեկն է:
-Որը չի լուծարվել:
-Լուծարվել է, որովհետև ընտրությունների ժամանակ որոշ ընկերներ չեն պաշտպանել գործող դաշնակցական գյուղապետին, և ՀՅԴ-ն, որը կարգապահության կուսակցություն է, լուծարել է այդ խումբը: Խումբն առաջիկայում կրկին կվերականգնվի. կքննվի խնդիրը, լուծում կտրվի:
-Բա «հիմարությունը» կոնկրետ դեպքում ինչի՞ն էր վերաբերում:
-Գնահատականին: Այն տեղեկատվությանը, թե դաշնակցությունը քայքայվում է, չգիտեմ ինչ: Պարզ մի բան է տեղի ունեցել, ինչը կարող է ցանկացած կուսակցությունում տեղի ունենալ: Ընդամենը ներկուսակցական խնդիրներ են, ու չգիտես ինչ կարգի քաղաքական աստառներ ստացան: Ընդ որում, որևէ մեկին առայժմ ոչ պատժել են, ոչ էլ: Պատիժն այն կլինի, որ հնարավոր է ոմանք հեռացվեն կուսակցությունից. խորհրդարանական ընտրություններից հետո էլ ոմանք հեռացվեցին, որովհետև պաշտպանեցին ուրիշ թեկնածուների, այդ թվում և` Սերժ Սարգսյանին. հեռացվեցին, որովհետև մենք ունենք կարգապահական կառույց:
-Ասել է՝ հիմա որ ՀՅԴ-ն կոալիցիայում պաշտպանում է Սերժ Սարգսյանին, պետք է ողջ կառույցով հեռացվե՞ք շարքերից:
-Ո՜չ, ո՛չ: Ընտրությունը մեկ բան է, հետընտրական զարգացումը` մեկ այլ: Այսինքն` այսօր բոլորս ունենք որոշում և ենթակա ենք այդ որոշմանը: Էդ որ ասում եմ` հեռացվեցին, դրանք առանձին դեպքեր են: Յոթհազարանոց կառույցի մեջ կլինեն նաև մի քանիսը, որոնք կանեն մի բան, որն ընդհանուրի մոտեցմանը չի համապատասխանում: Ընդ որում, «հիմարություն» ասելով նաև նկատի ունեի, որ կոնկրետ այդ խնդիրը լուծվում է տեղում` Կոշում, և Գերագույն մարմինը դրանով չի զբաղվում, իսկ խնդրի լուծումից հետո, իհարկե, ԳՄ-ին տեղյակ է պահվում` նամակով:
-Դառնանք դաշնակցական կուռ շարքերին. այնուհանդերձ, ինչո՞վ եք բացատրում Կոշի մի շարք ընկերների նմանատիպ վարքագիծը` չպաշտպանել սեփական կուսակցին: Եվ ինչո՞ւ հատկապես այս փուլում է դա դրսևորվում:
-Այդ ընկերները բարեկամներ էին մրցակից թեկնածուի հետ:
-Իսկ ճի՞շտ է, որ դաշնակները պատրաստվում են հետ քաշվել կամ` հետ «քաշվեցվել» կոալիցիայից:
-Դաշնակներ չի, դաշնակցություն է. դաշնակը դաշնամուրն է:
-Կներեք։ Այսպիսով, դաշնակցությունը կթողնի՞ կոալիցիան:
-Մենք մեր որոշման մեջ ասել ենք` հետևյալ պայմաններով ենք մտնում կոալիցիայի մեջ` բարեփոխումների իրականացում, կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ պայքար, ինչպես նաև ազգային խնդիրներ` Ղարաբաղի հարցում, հայ-թուրքական հարաբերություններում մեր ունեցած սկզբունքային մոտեցումների պահպանում: Եթե այդ ամենը չի կատարվելու, մենք անելիք չենք ունենա կոալիցիայում:
-Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը:
-Ռոբերտ Քոչարյանն` ի՞նչ:
-Կանչելո՞ւ եք մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով` անհրաժեշտ հարցերի համար, ինչպես ինքներդ օրեր առաջ ասացիք:
-Այո, ասել եմ նման բան, սակայն այն սխալ են մեկնաբանել։ Ինձ հարցրել են` կկանչե՞ք Քոչարյանին, թե՞ ոչ: Ես էլ ասել եմ, որ ինքս չեմ կարող որոշել և չեմ կարող ասել` այո, բայց չի բացառվում, որ ցանկացած մեկին, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, հրավիրեն հանձնաժողով և անհրաժեշտ հարցեր տան նրանց:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ռ. Քոչարյանի` Հաագա կանչվելու հանգամանքին, առավել ստույգ, այդ առնչությամբ ստորագրահավաքին:
-Խայտառակություն է:
-Բա էդ ինչո՞ւ դաշնակցությունը մի ուժեղ պատասխան չի տալիս այդ առնչությամբ ընդդիմադիրներին. սա ես չեմ ասում, այլ օրերս հարցնում էր մի լրատվամիջոց: Բայց, իրոք, ինչո՞ւ այդ առիթով շրջաբերական չեք ընդունում:
-Դա լուրջ չէ, ամոթ է: Վաղը եթե ստորագրություն հավաքվի Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Հայաստանի որևէ քաղաքացու միջազգային դատարան հանձնելու համար, ես դրան ևս դեմ կլինեմ։ Էդպես քայքայվեց Սերբիան. այդ խայտառակության տակից այդ երկիրը հազար տարի դուրս չի գա:
-Բայց Տեր-Պետրոսյանի օրոք հոկտեմբերի 27, մարտի 1 տեղի չի ունեցել:
-Ապացուցեք, որ դրանց հետ կապ ունի Քոչարյանը... Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ շատ բան եղավ:
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ՝ ԻՆՉՈՒ»
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Հարությունյան, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի արձագանքում Քոչարյանի «նկատմամբ» սկսված ստորագրահավաքին, ինչո՞ւ է «ձայն բարբառո հանապատի»:
-Չեմ պատասխանի:
-Ինչո՞ւ:
-Չեմ ուզում մեկնաբանել` ինչու:
-Իրավունք ունե՞մ լռությունը համաձայնության նշան համարել, ասել է` Դուք համաձայն եք Հաագա դիմելու ստորագրահավաքին:
-Բացարձակ ձեր իրավունքն է. լրագրողն իրավունք ունի մեկնաբանելու ցանկացած բան, ինչքան էլ սխալ լինի այն:
«ԱՄԵՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ ԸՆԴՈՒՆԻ»
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Աշոտյան, այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը սպասում է արձագանքների, բայց ոչ մեկը չի արձագանքում։ Այսպիսով, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի արձագանքում Հաագայի ստորագրահավաքին:
-Դեռ առիթներ կլինեն, և դուք հանրապետականների շուրթերից ասուլիսների կամ հեռուստահաղորդումների ժամանակ կլսեք այդ գնահատականները:
-Չե՞ք ուզում օգտվել ընձեռված առիթից:
-Շատ հարգում եմ ձեր թերթը, սակայն սա այն առիթը չէ, որով հնարավոր է հասարակությանը մատուցել իմ կարծիքը:
-Թե՞ դեռ չգիտեք ինչ պետք է ասեք կամ գիտեք ու ասում եք:
-Դա ձեր մասնավոր կարծիքն է, ինչն էլ Դուք իրավունք ունեք արտահայտելու, Դուք նաև իրավունք ունեք սխալ լինելու, և օգտվեցիք երկու իրավունքներից միաժամանակ:
-Լավ, բա ՀՀԿ-ն չի՞ ուզում մի հայտարարություն ընդունի այդ առիթով:
-Դուք կարծում եք` հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամեն անհեթեթության համար ՀՀԿ-ն պետք է հայտարարությո՞ւն ընդունի:
-Հաագայի դատարա՞նն եք անհեթեթություն համարում:
-Չէ՛, Ռ. Քոչարյանին այդ դատարանում պատասխանատվության ենթարկելու ստորագրահավաքը:
-Կարծեք:
Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 5605

Մեկնաբանություններ