Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հեշտ անցած ճանապարհը կարճ կյանք է ունենում»

«Հեշտ անցած ճանապարհը կարճ կյանք է ունենում»
01.08.2008 | 00:00

ԲԵՄԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ. մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ։ Այս տարի նրան է վստահվել «Մանկական եվրատեսիլի» պրոդյուսերի աշխատանքը։ Պատրաստվում է նշել ՄՊՔ-ի 40-ամյակը։ Ծրագրերը, ինչպես միշտ, շատ են։ Գերադասում է առայժմ այդ մասին չխոսել։
ԷՄՄԻ. բազմաթիվ միջազգային մրցույթների գլխավոր մրցանակակիր և դափնեկիր։ Շուտով պատրաստ կլինի նրա նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված են հին, մոռացված, նաև հայտնի երգեր։ Փորձում է օգնել «Մանկական եվրատեսիլ» մեկնող երեխաներին։ Մշակում է իրենց տան պատշգամբի ծաղիկներն ու ամռան այս տապին մի փոքր հանգստանում։

-Տիկին Նադեժդա, Դուք, ըստ իս, հրաշալի օրինակ եք երիտասարդների համար, մանավանդ նրանց, ովքեր ինքնուրույն են գծում իրենց ճանապարհը։ Որքան գիտեմ՝ մինչև բարձրագույն կրթություն ստանալն արդեն բեմական որոշակի ձեռքբերումներ եք ունեցել։ Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել այդ ճանապարհին։
-Ինձ միանգամից նկատեցին. այդ առումով դժվարություններ չեն եղել։ Ավելին, ճանապարհս հարթ է եղել այնքանով, որ ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, ինչպիսիք են Ակսել Բակունցը, Կոնստանտին Օրբելյանը, նաև իմ ամուսինը՝ Դավիթ Բեջանյանը, ով, քանդակագործ լինելուց բացի, նաև ջազային երաժիշտ է։ Թեև էստրադային ժանրն այդ տարիներին դպրոց չուներ, մենք հրաշալի պրոֆեսիոնալ դպրոց ենք անցել անհատ ղեկավարների շնորհիվ։ Մեր երգիչ-երգչուհիները համարվում էին լավագույնը։ Եթե վրացիներին, բուլղարացիներին իրենց կատարումներով արդեն ճանաչում էին, քանի որ կար միօրինակություն, ապա հայ էստրադային աստղերը տարբերվում էին ոճով, ձայնային որակով։ Այդ տարիներին կային բարդություններ՝ այս երգը չի կարելի երգել, բեմահարթակում այսպես չպետք է շարժվել և այլն։ Սակայն մեր ղեկավարները սատարում էին մեզ, օգնում լիովին արտահայտել մեր ունակությունները և պահպանել անհատականությունը։ Ամենամեծ գնահատականը տվել է հանդիսատեսը, որը մինչ օրս չի մոռանում այդ անունները՝ Զառա Տոնիկյան, Էլվինա Մակարյան, Էռնա Յուզբաշյան...
-Իսկ այսօր կա՞ն այդպիսի անուններ։
-Այսօր ունենք արտահայտվելու մեծ հնարավորություն՝ համերգներ, տեսահոլովակներ, հարցազրույցներ, բայց չունենք որակ։ Չեմ վախենում ասել, որ մի քանի անուններ կան, որոնք կարող ենք հպարտորեն առանձնացնել։ Երաժիշտ-կատարողը պիտի իմանա՝ ինչո՞ւ է բեմ բարձրացել, ի՞նչ է ուզում ասել և ո՞ւր է գնում։ Թե՞ նպատակը միայն երևալն է... Ինչպես Ստանիսլավսկին էր ասում՝ նախ ինքդ պիտի սիրես արվեստը քո մեջ, նոր միայն քեզ՝ արվեստում։
-Էմմի, ի տարբերություն մայրիկի, բեմ տանող քո ճանապարհն այլ է եղել։ Այնուամենայնիվ, դժվար չէ՞ հայտնի արվեստագետների դուստր լինելը։
-Ինչ-որ առումով՝ այո, քանի որ հաջողություններս հաճախ վերագրում են այդ հանգամանքին։ Իհարկե, ծնողներս միշտ կողքիս են եղել և օգնել են անցնել այն ճանապարհը, որն իրենք արդեն անցել են։ Բայց դա բավական չէ հանդիսատեսի ծափերն ու սերը վաստակելու համար։ Անհրաժեշտ է աշխատանք, համառություն, նպատակասլացություն։ Հեշտ անցած ճանապարհը կարճ կյանք է ունենում։ Կողմ եմ դժվարություններով ձեռք բերած ճանապարհին։
-Ավագ սերնդից հաճախ ենք լսում՝ ի՜նչ ռոմանտիկ ժամանակներ էին... Իսկ ինչպիսի՞ն են ժամանակները հիմա, և ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդությունը։
Ն. Ս. -Կարծում եմ՝ ռոմանտիզմը երիտասարդ տարիների հիշողություններին է առնչվում, ոչ թե ժամանակների։ Ցուրտ ու մութ տարիներին մի՞թե ռոմանտիզմը վերացել էր։ Դժվարություններ միշտ էլ եղել են, այսօր էլ կան, վաղն էլ են լինելու։ Ռոմանտիզմն ավելի շատ մարդու տեսակի մասին է խոսում։ Այսօր մեր երիտասարդներն ունեն և՛ ռոմանտիզմ, և՛ նպատակասլացություն, կարողանում են ազատ արտահայտվել։ Իհարկե, լավ կլիներ, որ ճիշտ հասկանային «ազատ», «անկախ» հասկացությունները, բայց բոլոր դեպքերում մենք ունենք հեռանկարային երիտասարդություն։
-Ի՞նչ կասեք Էմմիի մասին, որ մենք չգիտենք։
Ն. Ս. -Որպես պրոդյուսեր կասեմ, որ ինձ դուր է գալիս նրա աշխատասիրությունը։ Ամեն գործի ավարտից հետո նրա առաջին հարցը միշտ հետևյալն է՝ հիմա՞ ինչ ենք անելու։ Շատ բան չեմ ասի։ Չի կարելի ամեն բան իմանալ մեր մասին։
-Տարաձայնություններ լինո՞ւմ են՝ կապված երգի կատարման, հագուստի ընտրության հետ և այլն։
Ն. Ս. -Այո, և այդ «տարաձայնություններին» միանում է նաև Էմմիի հայրը։ Երեք տարբեր կարծիքներ, երեք տարբեր ուժեր։ ՈՒ պիտի ասեմ, որ ստեղծագործական տարաձայնություններն օգնում են գտնել ճիշտ ճանապարհը։
-Էմմի, քանդակագործ հայրիկիցդ ինչ-որ բան ժառանգե՞լ ես։
-Մանկությանս տարիներին փոքրիկ քանդակներ եմ պատրաստել, որոնք ծնողներս պահպանել են։ Սակայն հայրս խորհուրդ տվեց շարունակել երաժշտական կրթությունս, որովհետև այդ ասպարեզում ընդունակություններս ավելի ակնհայտ էին։
-Ասում են՝ քարի մեջ երաժշտություն կա, այնպես որ հետաքրքիր կլիներ մի օր տեսնել քեզ նաև այս ոլորտում։ Իսկ ե՞րբ կտեսնենք քեզ «Եվրատեսիլում»։
-Համենայն դեպս, ոչ մոտ ապագայում։ Տարբեր պատճառներով։
Ն. Ս. -Թող լինի մրցույթ, և բոլոր երիտասարդներին հնարավորություն տրվի ներկայանալու։ Անգլիան այս տարի ներկայացնում էր աղբ հավաքող մի երիտասարդ, որը հաղթել էր մրցույթում։
-Մեզ մոտ, կարծում եմ, նման բան չի լինի։ Տիկին Նադեժդա, ասում են՝ մարդու անունը փոխելիս փոխվում է և նրա ճակատագիրը։ Իսկապե՞ս անունը խորհուրդ ունի իր մեջ։
-Երևի նման բան կա։ Այսօր շատ երեխաներ իրենց քայլերն անելիս երգարվեստի բնագավառում որոշակի հույսեր են կապում ինձ հետ։ Երևի անունս ձգում է շատերին։
-Ձեր ամենամեծ ձեռքբերումը։
-Աղջիկս։
ԷՄՄԻ -Ամենամեծ ձեռքբերումը չեմ կարող ասել, բայց կասեմ՝ ինչն է ամենակարևորը. դա այն է, որ ապրում ենք...
-Ինչպե՞ս ես պատկերացնում ապագան, Էմմի ։
-Շա՜տ վառ, ծաղիկներով շրջապատված, գույնզգույն։ Ես լավատես եմ։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5374

Մեկնաբանություններ