Միմիայն Հայոց աշխարհում է, որ Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոս իջավ Իր աստվածային ողջ փառքի լույսով՝ Հայաստանի սրտում կերտելով լուսեղեն Սուրբ Էջմիածինը. միեղենը, հզորն ու հավիտենականը:
Այս աստվածային ճշմարտությունը խորագույնս խոցում, կուրացնում և մոլագարության մեջ է գցում Աստծուն խաչողներին և աշխարհին տիրել նկրտողներին և իրենց վաճառված հոգիներին...
Եվ տեսանելի ու անտեսանելի հարվածներով խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական՝ Քրիստոս Աստծո հավատարիմ, ուղղադավան և նպատակասլաց տապանը:
Եվ, սակայն, պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին Հայկական՝ պահպանելով ազգային Սբ Ավանդը և բացելով օրհնյալ գալիքը հայոց աստվածակիր ազգի:
Հայ մարդ, դու՝ ի Հայաստան և ի Սփյուռս, մնա հավատարիմ քո հարազատ Մայր Եկեղեցուն, եղիր նվիրյալ և նախանձախնդիր զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շենացնողը Մայր Հայրենիքի:
Մեր սիրառատ միասնությամբ և գաղափարական հզոր ուժով պետք է խորտակենք մեր Ազգի և Հայաստանի երևելի և աներևույթ թշնամուն ու իր կամակատարներին:
Քրիստոս Փրկչի Սբ Ծննդյան լույսով լուսավորված և սիրով այլակերպված՝ ապրենք Հայկաբար և տեր լինենք մերազնյա Սբ Ավանդին:
Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նկարը՝
«Մայր Տաճար», Հրաչյա Ռուխկյան, 1950-ական թթ. (Սբ Էջմիածնի թանգարանային հավաքածու)