Մինչ աշխարհում լուրջ զարգացումներ են, մեր սահմանից ոչ շատ հեռու պատերազմ է ընթանում, մենք մեր ներքին նեղ կաղապարներից դուրս չենք գալիս։ Ալիևն արդեն խոսում է Զանգեզուրը «հետ վերադարձնելու» մասին, իսկ մեր իշխանություններն ամբողջովին ընկղմված են ներքաղաքական ինտրիգների մեջ։ 100 տարի անց էլ Թուրքիան իր ցեղասպան ձեռագրին հավատարիմ է, իսկ աշխարհն էլի լուռ հետևում է։ Սիրիայում կատարվողի և մեր տարածաշրջանի մարտահրավերների շուրջ ենք զրուցել միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Սիրիայի հյուսիսում Թուրքիան անարգել սեփական նկրտումներն է կյանքի կոչում։ Կհաջողվի՞ Էրդողանին հասնել իր նպատակին։
-Էրդողանը կանգն չի առնի այնքան ժամանակ, մինչև իր նպատակին չհասնի, որն ի սկզբանե իր պետության և զինված ուժերի առջև դրել էր։ Բազմիցս ամենատարբեր ամբիոնից Էրդողանն ասել է, որ նպատակ ունի Սիրիայի սահմանային այդ հատվածում բուֆերային տարածք ձևավորելու և այն բնակեցնելու էթնիկ թուրքերով, որոնք ավելի լավ կապահովեն Թուրքիայի անվտանգությունը։ Այնպես որ, որևէ թաքցնելու բան չկա, հրապարակավ այդ մասին վաղուց է խոսել Էրդողանը։ Նա հասնելու է իր նպատակին, գնալու է մինչև վերջ։
-Որոշ փորձագետներ պնդում են, որ բուֆերային գոտի ստեղծելը բավական բարդ ու ժամանակատար է, Էրդողանին կհաջողվի՞ այդքան երկար ժամանակ սիրաշահել աշխարհին ու հասնել իր ուզածին։
-Աշխարհին չի սիրաշահում, հակառակը՝ պարբերաբար ԱՄՆ-ին, արաբական աշխարհին մեղադրում է տարբեր հարցերում, կոնֆրոնտացիոն ճանապարհով է գնում։ Աշխարհին ցույց է տալիս, որ այնտեղ ունի կենսական նշանակության շահեր և մինչև վերջ է գնալու։ Կարծում եմ, ամեն ինչ անելու է, որ այդ բուֆերային հատվածը ստեղծի։ Համենայն դեպս և Ռուսաստանի, և Իրանի դիրքորոշումները քննադատությունից այն կողմ չեն անցնում, կարծես բոլորին հասկանալի է, որ Թուրքիան, իր անվտանգության բուֆերային գոտին ստեղծելով, ինչ-որ առումով փորձում է չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ոչ թե կգա ու զորք կտեղակայի, այլ էթնիկ թուրքերով տարածքը կբնակեցնի, որոնք Սիրիայից փախել են Թուրքիա, իսկ հիմա պետք է հետ վերադառնան։ Երբ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպեցին, կարծես նրանց համար չափազանց կարևոր էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը։ Եթե Թուրքիան այնտեղ տեղակայում է թուրքերին, ստացվում է, որ տարածքային ամբողջականությունը պահպանվում է։ Սրանով է հենց պայմանավորված Ռուսաստանի և Իրանի լուռ համաձայնությունը։
-Փոխարենը Արևմուտքից են սպառնալիքներ հնչում, անգամ պատժամիջոցների մասին են հայտարարում։ Սրանք և՞ս չեն կանգնեցնի Էրդողանին։
-Բնականաբար՝ ոչ։ Էրդողանը ոչնչի առջև կանգ առնող գործիչ չէ։ Իր երկրի շահերը սպասարկելու համար մինչև վերջ գնալու է, թող լինեն որոշ պատժամիջոցներ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, թող Ֆրանսիան և ԵՄ այլ երկրներ զենք ու զինամթերք չվաճառեն Թուրքիային, դրա կարիքն այդ երկիրն այս պահի դրությամբ անգամ չունի էլ։ Թուրքիան իր խաղն է առաջ տանում ու կարծես թե նաև հաջողում է։ Թուրքիայի հետ, որը լինելով չափազանց կարևոր և ազդեցիկ պետություն, հազիվ թե այլ երկրներ ցանկանան հարաբերություններ խզել։ Դրա համար լուռ համաձայնություն են ցուցաբերում, ինչից էլ օգտվում ու իր նկրտումներն է իրականացնում Էրդողանը։
-Մարդասպան էությունը երբեք չփոխած Թուրքիան սիրիական գործողությունները ներկայացնում է «խաղաղության ակունք» փաթեթավորմամբ։ Ինչու՞ է նման անուն ընտրվել, ի՞նչ է դա հուշում։
-Այս օպերացիայի նպատակը բուֆերային գոտի ստեղծելն է, որպեսզի այդ տարածքից Թուրքիայի համար սպառնալիքներ չլինեն։ Սրանով է պայմանավորված այդ անունը, ինչպես նաև ուղերձ է արտաքին աշխարհին։
-Մեր սահմաններից ոչ շատ հեռու պատերազմ է ընթանում։ Այս իրավիճակը Հայաստանի համար ի՞նչ վտանգներով է հղի և ի՞նչ պետք է անենք մենք։
-Նախ այս ամենը պիտի դիտարկել հայ համայնքի, ինչպես նաև հայ խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության համատեքստում (վերջիններս իհարկե, ռազմական գործողություններից հեռու են, բայց ոչինչ բացառել չի կարելի), քանի որ ողջ երկրում ծայրահեղական իսլամիստները, զորամիավորումները ակտիվացել են։ Պետք է առաջնահերթ լուծել մեր համայնքի անվտանգության հարցը։ Թուրքական օպերացիայից օրեր հետո միայն մեր ԱԺ-ում երկու հանձնաժողով միասին քննարկում արեցին «Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով։ ՈՒշացած և անիմաստ հավաք էր, որին նաև անվտանգության խորհրդի քարտուղարն էր մասնակցում։ ԱԽ-ն ընդհանրապես պարտավոր էր մշակված սցենարներ ունենալ նման դեպքերի համար, բայց քանի որ այդ կառույցը զբաղված է առ ոչինչով, ցավոք, նման ռազմավարություններ, սցենարներ չեն մշակվում։ Գործում ենք պոստ-ֆակտում, իմա՝ խնդիրներ ունենալուց հետո ենք սկսում խնդիրների մասին մտածել, որևէ կանխարգելիչ քայլ չենք կարող անել։ Կարևորը հայ համայնքի անվտանգությունն է, բայց այստեղ էլ Հայաստանը ոչ մի բան չի կարող անել, որովհետև համայնքն արդեն իր անվտանգության հարցը լուծել է, այնտեղ ապրող մի քանի ընտանիք իրենց ուժերով տեղափոխվել են այլ քաղաքներ։
-Այս խառնակ օրերում Հայաստանն էլ սպառնալիքների պակաս չի զգում։ Օրերս Ալիևը թուրքալեզու երկրների խորհրդի նիստում հայտարարեց Զանգեզուրի՝ «ադրբեջանական պատմական տարածքի վերադարձի» մասին։ Սրանում նրան խոստացավ օգնել եղբայրական Թուրքիան։ Ի՞նչ է այս հայտարարությունը նշանակում, և իշխանական վերնախավը, դիվանագիտությունը ինչպե՞ս պիտի դրան արձագանքեն։
-Արձագանքն արդեն պետք է լինի ոչ թե դիվանագիտական, այլ զինված ուժերի ճակատում, այսինքն, պետք է մեր զինուժը պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած արկածախնդրության։ Բնականաբար Ադրբեջանը նոր արկածախնդրության գնալու է ու մեր միակ ապավենը լինելու է մեր բանակը։ Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, դա հենց այնպիսի հայտարարություն չէ, այլ իրական մտադրությունների մասին բարձրաձայնում։ Վստահ եմ, որ նման ծրագիր Ալիևն ունի և Արցախում ռազմական գործողությունների հաջողության դեպքում հասնելու է Սյունիք։ Այնպես որ, սա վաղուց ծրագրված գործողությունների փաթեթ է, որին պետք է պատրաստ լինել։
-Ասել է՝ հիշյալ հայտարարությունը պետք է ընդունել որպես ռազմական գործողությունների սկսման ազդանշա՞ն։
-Չեմ բացառում, այո, որովհետև ադրբեջանցիները պարբերաբար հայտարարում են, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում, որևէ առաջընթաց չկա, սա նշանակում է նրանք պատրաստվում են հակամարտության այլ լուծման տարբերակին, ինչի մասին միշտ հայտարարում են։
-Այս օրերին Մինսկի խմբի համանախագահներն էին Երևանում, դրան նախորդել էր Ալիև-Փաշինյան 2-ժամանոց զրույցը, հետո Պուտինի հետ հեռախոսազրույց, այս ողջ քրոնիկոնը տեղավորվու՞մ է այն տրամաբանության մեջ, թե լուծման միակ տարբերակը ռազմական գործողությունն է, և բանակցություններն իրենց արդեն սպառել են։
-Ես չեմ տեսնում արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորություն։ Սա կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանը կամ Ադրբեջանը Արցախից հրաժարվեն։ Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ չեն հրաժարվի, ուստի խաղաղ կարգավորում չի կարող լինել։ Մենք ասում ենք, թե կարգավորում հնարավոր է մի դեպքում. Արցախի ցանկացած կարգավիճակ՝ Ադրբեջանի տարածքից դուրս։ Իսկ Ադրբեջանն էլ ասում է, թե ցանկացած բարձր ավտոնոմիա կտա Արցախին բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Այս պայմաններում ես խնդրի խաղաղ լուծման տեսլական չունեմ։
-Բայց Դուք բավական լավ ձևակերպեցիք հայկական կողմի դիրքորոշումը, ինչը չենք ասի այսօրվա իշխանությունների պարագայում, մենք անգամ Նիկոլ Փաշինյանից չենք լսել հակամարտության լուծման որևէ տարբերակ, բացի հակասական հայտարարություններից։
-Դիվանագետների հայտարարությունները մեկ բան են, քաղաքական գործիչներինը՝ այլ։ Իհարկե, խնդրով զբաղվող պատասխանատու դիվանագետները ևս հասկանում են, որ բանակցային գործընթացը փակուղում է, սակայն միևնույն ժամանակ ելնելով իրենց գործիքակազմից, պետք է բավարարվեն միայն հույս հայտնող հայտարարություններով, թե խաղաղ բանակցություններով կարգավորում հնարավոր է։ Բայց ինքներս մեզ պետք է հարց տանք՝ արցախյան հարցն ունի՞ խաղաղ լուծում, և ո՞րն է դա։
-Այս իշխանությունն ունի՞ այդ հարցերի պատասխանը կամ որևէ մշակած հայեցակարգ այս հարցում։
-Կարծում եմ՝ չունի։ Ցավոք, մեր իշխանությունները մշակած գործողություններ, փաթեթներ, ծրագրեր, քայլերի հաջորդականություն որևէ հարցում չունեն։
-Դա վտանգավոր չէ՞։
-Անշուշտ, չունես գործողությունների փաթեթ, չգիտես ուր ես գնում։ Պետք է անպայման լինի հաշվարկված քայլերի հաջորդականություն, ոչ թե հրշեջի նման գան ու հանգցնեն կրակը, որտեղ այն բռնկվում է։ Այսինքն՝ մեր երկրի տարբեր օղակներ պետք է ունենան առնվազն կանխարգելիչ գործողություններ։
-Արտաքին հարաբերությունների առնչությամբ հաճախ քննադատություն է հնչում, թե այս իշխանությունները օրակարգ չունեն նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Համամի՞տ եք։
-Մենք տարբեր պետությունների, միջազգային կառույցների հետ չունենք մշակված ռազմավարություն։ Չգիտենք, թե ինչ ենք ուզում ԱՄՆ-ից, ՌԴ-ից, ինչ ենք ակնկալում արցախյան ճակատում։ Հստակ դիրքորոշումներ չկան։ Փորձում են ինչ-որ քայլեր անել, որոնք այս կամ այն գործընթացի վրա իբր դրական ազդեցություն պիտի ունենան։ Սակայն ռազմավարական պլանավորում գոյություն չունի։ Այսօր մեր ուշադրությունը պետք է սևեռել Ադրբեջանի ուղղությամբ, քանի որ այդ երկիրն ակնհայտ պատրաստվում է պատերազմի։
-Ոմանք կարծում են, որ այս օրերը բավական նման են 2016-ի նախաապրիլյան ժամանակահատվածին։ Դուք և՞ս այդ տպավորությունն ունեք։
-Իհարկե, նմանություններ շատ կան, դրա համար բոլոր տեսակի սցենարներին պիտի պատրաստ լինել։ Ամենակարևորը զինված ուժերի մարտական պատրաստվածությունն է, քանի որ Ադրբեջանը կարծես մեզ այլընտրանք չի թողնում։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ