Վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Արևմուտքի այլ երկրներում կրթություն են ստացել և պատրաստություն են անցել (սոցիալական տարբեր առարկաներից) ոչ միայն հարուստ ընտանիքների զավակներ, ովքեր ձգտում են իրենց կյանքն ամուր շաղկապել արտասահմանյան հեռանկարներին, այլև այնպիսի երիտասարդներ, ովքեր կրթություն են ստացել և հատուկ պատրաստություն են անցել ռուսական հետախուզական ծառայությունների ու պետական այլ կառույցների (հատուկ քաղաքական թեքում ունեցող) կրթաթոշակներով: Դա մեծ ազդեցություն է գործել մշակումների ոլորտում և որոշումների ընդունման գործում այդ կադրերին աստիճանաբար ներգրավելու վրա: Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը մեծ ուշադրություն է նվիրում, այսպես կոչված, Ռուսաստանի «ազգային շահերի գոտուն», այսինքն` սահմանակից երկրներին ու տարածաշրջաններին, և խրախուսում է քայքայիչ ու քաղդիվերսիոն բնույթի նախագծերի մշակումը, ինչը շատ տարածված է և մեծ փորձ է ձեռք բերել արևմտյան պետություններում: Ընդ որում, կարևոր տեղ է գրավում վրացական ուղղությունը, առավել ևս, որ Վրաստանն էլ է հակառուսական բնույթի ակտիվ մշակումներ կատարում և դրա համար ունի շատ նշանակալի արտաբյուջետային միջոցներ: Վերջին չորս տարում Մոսկվայում սկսել են կիրառել զանազան սոցիալ-քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք նպատակ ու խնդիր ունեն առաջարկություններ մշակելու Վրաստանի նկատմամբ քաղաքական և տնտեսական դիվերսիաների իրագործման համար: Հասկանալի է, որ տվյալ դեպքում առավել արդյունավետ միջոցառումներից մեկը Վրաստանի համար մի այնպիսի խոցելի իրողության օգտագործումն է, ինչպիսին արտագաղթն է, դրանից բխող հանգամանքներով:
Վրաստանում, մասամբ օբյեկտիվ պատճառներով, բայց գլխավորապես նրա հիմնական արտաքին գործընկերների քաղաքականության հետևանքով, ձևավորվել է տնտեսության տարանցման-սպասարկման մոդել, ինչը հանգեցրել է արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման ցածր մակարդակի: Վրացական արտահանությունը կառուցվածքային սուր դեֆիցիտ ունի, ինչպես որ ամբողջ արդյունաբերությունը: Արտահանության մեջ գերիշխում է «հետարտահանումը», իսկ սեփական արտադրությունն աննշան տեղ է գրավում արտահանության մեջ: Վրաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թ. ներառյալ 11,4 մլրդ դոլար էր, իսկ ՀՆԱ-ի համեմատ արտաքին պարտքի հարաբերակցությունը 2012 թ. ներառյալ 76,7 տոկոս է: Վերջին տարիներին արտաքին ներդրումների ծավալը կայունացել է տարեկան 500-600 մլն դոլարի վրա: Դրական շատ հանգամանքներ կարող են նպաստել Վրաստանի զարգացմանը, սակայն տնտեսությունը պատշաճ դինամիկա չի ստացել, որն ընդունակ լիներ զգալիորեն կրճատելու գործազրկությունը, որը պաշտոնական գնահատումներով 15 տոկոս է, իսկ իրականում` առնվազն 35 տոկոս, չհաշված գյուղատնտեսության ոլորտում առկա հսկայական քողարկված գործազրկությունը: Ինչպես նախկին խորհրդային այլ երկրներում, բնակչության գոյատևման կարևոր միջոց է դարձել տնտեսական արտագաղթը` գլխավորապես Ռուսաստան, և այդ ճանապարհով Վրաստանի բնակչության ստացած տրանսֆերտները (դրամական փոխանցումները):
Միայն պաշտոնական բանկային ուղիներով Վրաստանում ստացված դրամական միջոցները 2003-2011 թթ. աճել են գրեթե 6,5 անգամ, և եթե 2003 թ. դրանք կազմում էին 197 մլն դոլար, ապա 2011 թ.` 1,27 մլրդ դոլար։ Տարբեր գնահատականներով (այդ թվում` համաշխարհային բանկի 2007 թ. հետազոտությամբ)` Վրաստանը ոչ բանկային ուղիներով աշխատանքային արտագաղթյալներից ստացել է գրեթե նույնքան, որքան բանկայինով, այսինքն` մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 2,0-ից մինչև 2,5 մլրդ դոլար: Արտագաղթյալների դրամական փոխանցումների կեսից ավելին Ռուսաստանից է, ինչը բացատրվում է նրանով, որ վրացական ամենամեծ սփյուռքը այստեղ է գտնվում: Վերջին տարիներին արտագաղթյալների փոխանցումների հաշվին մեծացել է դրանց բաժինը Վրաստանի ՀՆԱ-ի նկատմամբ և կազմել է մինչև 9,0 տոկոս, մինչդեռ մինչ այդ չէր անցնում 5-6 տոկոսից: Ավելի մանրամասնորեն քննության առնելով Վրաստանի առնչությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականությունը, կարելի է հանգել հետևության, որ տարանցման-սպասարկման մոդելը Վրաստանին պատվաստվել է, թեև հաշվի առնելով նրա հասարակության բնույթն ու նախասիրությունները, բայց հենահրապարակի վերածելու և աշխարհառազմավարական ծրագրեր իրագործելու կոնկրետ նպատակով: Վրաստանում արդյունաբերության ճյուղերի զարգացումը, այսպես թե այնպես, նրան կներգրավեր Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ և կախման մեջ կգցեր նրանից: Իսկ դա ամենևին չէր տեղավորվի Արևմտյան ընկերակցության տրամաբանության ու մտադրությունների մեջ, որը Վրաստանը համարում է բացառապես «միջանցք»` վերնախավի ու հասարակության հակառուսական դիրքորոշմամբ: Ներկայումս Ռուսաստանը ձգտում է օգտվել վրացական իրականության խոցելի հանգամանքներից, որն ստեղծվել է հենց իբրև ռուսական շահերի հակակշիռ:
Անդրադառնանք Վրաստանի նկատմամբ ռուսական քաղաքագետների մշակած օրինակելի ծրագրերին:
Փողերի այդ հոսքերը դժվար կառավարելի են, իրավաբանորեն ոչ այնքան օրինական: Բայց կարելի է փորձել կիրառել քաղաքական լուծումներ: Օրինակ, վրացական բանկերը` ինչպես լիազոր ներկայացուցիչները, այնպես էլ ոչ, պետք է օգտվեն որոշակի բանկերի թղթակցային հաշիվներից, որոնք ավելի մեծ միջնորդավճար են գանձում: Թեև դա աղաղակող կլինի հանրային բարոյականության տեսակետից, բայց այդ միջնորդավճարների մակարդակը կարող է կազմել առնվազն 20 տոկոս: Այդ միջոցառումներին զուգընթաց, անհրաժեշտ է սահմանել Ռուսաստանից Վրաստան մասնավոր անձանց կողմից փողերի անցկացման չափ: Այդ պայմանները կարելի է փորձել` հիմնավորելով Վրաստանի մեծ պարտքով, ինչպես նաև Վրաստանի արտաքին պարտքի ընդհանուր բարձր մակարդակով, ինչը կասկածի տակ է դնում այդ պարտքը հաջողությամբ սպասարկելու նրա ընդունակությունը: Բացի այդ, Վրաստանը խտրական քայլեր է անում ռուս զինծառայողների և ռուսական այլ քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական բեռների հանդեպ, ինչը, փաստորեն, մնում է առանց պատասխան միջոցառումների: Սակայն դա առիթ է Վրաստանի շահերի նկատմամբ որոշակի միջոցներ ձեռնարկելու համար:
Վրաստանի նկատմամբ տնտեսական խտրականության միջոցառումների համալիր կիրառման հնարավորության դիտարկումը այն հետևությանն է հանգեցնում, որ առանձին միջոցառումները չեն կարող արդյունավետ լինել: ՈՒստի Ռուսաստանը պետք է քննության առնի այս կամ այն պետության դեմ օրենսդրական կարգով պատժամիջոցների հնարավորությունը: Միայն այդպես կարող է ապահովվել այդ քաղաքականության օրինակարգությունը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը բավական լայնորեն պատժամիջոցների քաղաքականություն է վարում մի շարք պետությունների նկատմամբ: Պատժամիջոցները արտաքին քաղաքականության ոլորտում ներգործության միջազգայնորեն ճանաչված միջոցառումներ են, թեև կարող են ենթարկվել քաղաքական ու հասարակական դատապարտման: Կիրառելով պատժամիջոցներ, տվյալ օրինակով Ռուսաստանը կարող է ցուցադրել իր նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող առանձին պետությունների համար հնարավոր հետևանքները: Եվրասիայում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` մի շարք պետությունների բացահայտ հակառուսական դիրքորոշումը, այսպես թե այնպես Ռուսաստանին կհանգեցնեն այնպիսի միջոցների ձեռնարկմանը, ինչպիսիք պատժամիջոցներն են: Այդ պետությունները վաղուց են չափն անցել, ինչը վտանգում է Ռուսաստանի անվտանգությունը: ԱՄՆ-ը նման քայլերին շատ կոշտ է պատասխանում, գործադրելով ոչ միայն պատժամիջոցներ, այլև մարտական գործողություններ: Երկրի ներսում այդ պատժամիջոցները, անկասկած, կգտնեն քաղաքական շրջանակների և հասարակության լայն խավերի պաշտպանությունը:
Դրա հետ մեկտեղ, աննպատակահարմար կլիներ սահմանափակել Վրաստանի քաղաքացիների կեցությունը Ռուսաստանում: Տարբեր տեղեկություններով, Ռուսաստանում ապրում է Վրաստանի 700 հազարից մինչև 1,0 մլն քաղաքացի, որոնց 80-85 տոկոսը ազգությամբ վրացի է: Դա Վրաստանի բնակչության 20-22 տոկոսն է (2002 թ. մարդահամարի տվյալներով, բնակչության թիվը 4 մլն 360 հազար է), կամ աշխատունակ բնակչության 35-40 տոկոսը: Ռուսաստանի շահերից բխում է կլանել վրացիներին, առավելագույնս հարմարեցնել ռուսական իրողությանը: Վրացիները ժողովրդագրական մեծ կարողությամբ աչքի չեն ընկնում, ծնելության մակարդակով նրանք զիջում են անգամ ռուսներին և Ռուսաստանի մյուս ժողովուրդներին, նրանց հատուկ չէ ժողովրդագրական նվաճողականությունը, նրանք հասարակության մեջ քաղաքական դիրքերի չեն հավակնում, սոցիալական միջավայրում նրանք զբաղեցնում են որոշակի դիրքեր, որոնք հնարավորություն չեն տալիս ազդեցություն գործելու հասարակական կյանքի վրա: Ռուսաստանում բնակվող վրացիները հիմնականում կողմ են իրենց հայրենիքի և Ռուսաստանի լայն երկխոսության, հարաբերությունների կարգավորման: Բացի այդ, վրացիները, ինչպես Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեծամասնությունը, ենթակա են բավական արագ ձուլման: Արտասահմանում ապրող վրացիները դժվարությամբ են եկեղեցիներ ու դպրոցներ ստեղծում, հաճախ ձգտում են դուրս պրծնել իրենց ազգային շրջանակից և արագորեն ինտեգրվել այլ ազգային ու լեզվական միջավայրի: Անցած դարաշրջաններում, 18-20 դարերի ընթացքում հազարավոր վրացական ընտանիքներ ձուլվել են ռուսական, իրանական, թուրքական միջավայրում, ազգության վերաբերյալ հետք անգամ չթողնելով:
Այդ բազմության վերադարձը Վրաստան անտարակույս կհանգեցնի ներքին տնտեսական իրավիճակի բարելավման, կավելացնի տնտեսության զարգացման տարբերակները, կմեծացնի ներքին ներդրումների ծավալները, նոր խթան կհաղորդի ազգային տնտեսությանը: Բացի այդ, կարող են ընդլայնվել զորակոչի հնարավորությունները։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանում ապրող վրացիները միջին խավի մարդիկ են, որոշակի կարողության տեր, ինչը կազդի Վրաստանում բիզնեսի զարգացման վրա: Նպատակահարմար կլիներ թույլ չտալ Ռուսաստանի տարածքում վրացիների «ցաքուցրում», և, մյուս ներգաղթյալների նման, նրանց հավաքել Մոսկվայի շրջանում, որտեղ նրանք կարող են մնալ հսկողության տակ և սոցիալական ու քաղաքական սպառնալիք չներկայացնել: Հարկ է նշել, որ վրացական բնակչության զգալի մասի գտնվելը հայրենիքի սահմաններից դուրս պատճառ է դառնում ծնելության ավելի կրճատման: Ընդհանուր առմամբ, տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական գործոնները կհանգեցնեն կա՛մ վրացական բնակչության թվակազմի կայունացման, կա՛մ էլ որոշ բացարձակ նվազման` 3 մլն 800 հազարից 3 մլն 900 հազարի շրջանակներում: Ներկայումս Վրաստանում ապրում է ոչ ավելի, քան 2700-2800 հազար էթնիկ վրացի, իսկ եթե հանենք մեգրելներին, սվաններին, մահմեդական աջարներին, ապա բուն վրացիների թիվը 2 մլն-ից չի անցնի: Պետականակազմ ազգի այս աննշան թվակազմը հնարավորություն չի տալիս հասնելու հաջող պետական շինարարության, զինված ուժերի կազմավորման, արդյունավետ վարչարարության: Խելամիտ կլիներ բարելավել վրացիների իրավական ու սոցիալական վիճակը Ռուսաստանում, բայց սահմանափակել Վրաստանի տնտեսական կյանքին նրանց մասնակցության, այդ թվում` մասնավոր տրանսֆերտների իրականացման հնարավորությունները:
Վրաստանին տնտեսական վնաս պատճառելու քաղաքականության առավել արդյունավետ տարրը նրա բնակչության արտահոսքն է: Որոշակի սպասողականությունից հետո ռուսական քաղաքական նախագծողները նորից վերադարձել են անջատականության հարցերին, ու նրանց աշխատասենյակներում գծվում են ապագայի ամեն տեսակի քարտեզներ, որտեղ առաջանում է մեգրելական պետություն` միավորված աբխազական ու սվանական հողերի հետ: Վերջին երկու-երեք տարում ռուսական առանձին փորձագետներ առաջարկություն են արել խրախուսելու Թուրքիայի հավակնություններն Աջարիայի նկատմամբ, առաջ քաշելու մսխեթցի թուրքերի հարցը և ուժեղացնելու Ռուսաստանի ազդեցությունը Ստորին Քարթլիի թրքախոս բնակչության վրա, հետապնդելով այդ տարածաշրջանի հետագա անջատման նպատակ։
Միաժամանակ, քննության է առնվում միանգամայն այլ քաղաքականություն, այն է` վրացի բնակչությանն առավելագույն նպաստավոր հնարավորություններ ընձեռել բնակություն հաստատելու Ռուսաստանում, պայմանով, որ նրանք ընդունեն որոշակի պայմաններ, օրինակ, հրաժարվեն վրացական քաղաքացիությունից: Դա կարող է հանգեցնել Վրաստանից Ռուսաստան մինչև երկու միլիոն մարդու վերաբնակեցման, ինչը կասկածի տակ կդնի վրացական պետության, որպես լիովին ինքնիշխան կազմավորման, գոյության հնարավորությունը: Նույնպիսի քաղաքականություն վարվում է նաև Հայաստանի նկատմամբ, քանի որ Վրաստանն ու Հայաստանը համարվում են ռուսական պետության մեջ ներգրավման երկու հնարավոր սցենար: Ընդ որում, հայ բնակչությունն ավելի կազմակերպված ու մարտունակ է և կարող է Ռուսաստանում դեռ մի քանի տասնամյակ պահպանել իր ինքնությունը: Վրացիները զուրկ են նման հատկանիշներից և կձուլվեն գաղթականների արդեն երկրորդ սերնդի օրոք: Մոսկվայում լավ են ուսումնասիրել սոցիալ-տնտեսական պայմաններն ու հեռանկարները Վրաստանում և հասկացել են, որ երկիրն ընդունակ չէ իր խնդիրները լուծելու ո՛չ «ինքնուրույն», ո՛չ «խոշոր արտաքին օգնությամբ»: Վրաստանը կմնա իբրև տարանցման-սպասարկման երկիր, ինչը, այսպես թե այնպես, կհանգեցնի մի իրավիճակի, երբ քաղաքականությունը, հատկապես արտաքին, կդադարի նրա հասարակության համար որևէ արժեք ու շահերի միջավայր լինելուց: Ռուսական քաղտեխնոլոգները համարում են, որ վրացական հասարակությունը, արդեն այժմ, շատ է հոգնել քաղաքականությունից և ոչ մի իմաստ չի տեսնում նրանում, և կհամաձայնի արտաքին «տանիքավորմանը», եթե Վրաստանը, դրա հետ մեկտեղ, ապահովվի անվտանգությամբ և ազգային իշխանության մյուս բաղադրիչներով: Ռուսական քաղնախագծողների զեկույցներում արդեն հետևություններ եղել են այն մասին, որ Վրաստանում չեն կարող մարտունակ զինված ուժեր լինել, քանի որ հասարակությունը դրանք արժեք ու անհրաժեշտություն չի համարում: ՈՒշագրավ է նաև, որ ներկայումս վրաց հասարակությունը կորցնում է հետաքրքրությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, և այդ հարցերը բարձրացվում են բացառապես որպես քարոզչության լծակ` ներքին քաղաքականության հունում: Ընդ որում, վկայակոչվում են վրացի փորձագետների բազմաթիվ գնահատականներ, ինչպես նաև ընտրարշավների շրջանում առաջ քաշվող կարգախոսների ու պահանջների բնութագրումներ:
Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Վրաստանի առնչությամբ մշակվող այդ նախագծերի ստեղծմանը մասնակցում են ոչ միայն Ռուսաստանի «ազգային-պահպանողական» կառույցների ներկայացուցիչները, այլև միանգամայն նոր մասնագետներ, հիմնականում ազատական և արևմտամետ ուղղության: Ավելի ճիշտ կլիներ ասել, տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր մտավորական ու գաղափարախոսական խմբերի միաձուլում` օլիգարխական խմբերի տնտեսական շահերի զուգորդման հիման վրա: Նկատվել է, որ այդ մշակումներին մասնակցում են նաև հրեական ծագում ունեցող փորձագետներ, որոնք ինչպես «շաղկապված» են ռուսական իրողության հետ, այնպես էլ ներկայացնում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի բավական ծանրակշիռ ու հանրահայտ նախագծային կենտրոններ: Ներկայումս Ռուսաստանի և Իսրայելի հարաբերություններն անասելի սերտացել են, բարձրացվել կանոնավոր քաղաքական խորհրդակցության, հետախուզական ծառայությունների կուռ համագործակցության մակարդակի, և այդ հարաբերությունները, ըստ էության, կարելի է անվանել ռազմավարական: Իսրայելը մտավոր, տեղեկատվական-հետախուզական, բարձրտեխնոլոգիական, ֆինանսատեղեկատվական և քաղտեխնոլոգիական բազմաթիվ խնդիրների գծով պատրաստ է ի շահ Ռուսաստանի սպասարկում իրականացնելու և երևի արդեն բավական հետևողական ու համակարգված կարգով անում է դա: Իսրայելն աշխարհի այն քաղաքական կենտրոնն է, որն ընդունակ է համոզելու ԱՄՆ-ին զոհաբերել Վրաստանի շահերը` Ռուսաստանի որոշակի ծառայությունների ու նրա հետ համագործակցության դիմաց: Բացառված չէ, որ այդ աշխատանքն արդեն որոշ չափով կատարվում է: Պետք է խոստովանել, որ առկա որոշ փաստերն ու հանգամանքները չեն կարող բավարար համարվել նման պնդման համար, սակայն առանձին նշաններ կան: ԱՄՆ-ի հայկական շրջանակներն արդեն ունեցել են հնարավորություն արձանագրելու Վաշինգտոնի ձախ-ազատական շրջանակների և ԱՄՆ-ի այլ մտավոր կենտրոնների առանձին կարծիքներ ու գնահատականներ` կապված «վրացական» կոչվող անհիմն թանկ նախագծերի հետ, իսկ այդ շրջանակներն ու կենտրոնները սերտորեն կապված են հրեական ու իսրայելական շահերի հետ: Իրոք, «վրացական նախագիծը» շատ թանկ է և անշահաբեր, և վաղ թե ուշ հարկ կլինի հրաժարվելու դրանից: ԱՄՆ-ում և Իսրայելում, ինչպես նաև Եվրոպայի առաջատար պետություններում Վրաստանը, ինչպես և Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանը, դիտարկվում է Ռուսաստանի հետ քաղաքական սակարկության շրջանակներում, որն անորոշ ձգձգվել է և ժամանակն է կողմնորոշվելու: Ռուս-իսրայելական դաշինքը, որն ուղղված է վրացական ինքնիշխանության վերացմանն ու Վրաստանի կազմալուծմանը, վերջին հաշվով հսկայական վտանգ է նաև Հայաստանի համար: ՈՒստի, պետք է հետևել ու արձագանքել այդ գործընթացներին, առավել ևս, որ Վրաստանը ցույց է տվել, որ իր քաղաքականությունը կրում է առավելապես «ճղճղան» բնույթ, և ինքն ընդունակ չէ հակահարված տալու իրական սպառնալիքներին ու վտանգներին` առանց անմիջական և շատ հզոր արտաքին աջակցության, ինչպես եղել է վերջին տարիներին:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ